ԿարևորՄշակույթ

«Նաղաշ» անսամբլը համերգներով հանդես կգա եվրոպական երկրներում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայիսի ընթացքում կիրականացնի «Նաղաշ» անսամբլի համերգաշարը եվրոպական երկրներում։ Մասնավորապես, մայիսի 5-ին անսամբլը ելույթ կունենա Ֆուենանում (Ֆրանսիա), մայիսի 7-ին Քյոլնում (Գերմանիա), մայիսի 8-ին Իզերլոնում (Գերմանիա), մայիսի 10-ին Օքսֆորդում (Մեծ Բրիտանիա), մայիսի 11-ին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), մայիսի 16-ին Կատովիցեում (Լեհաստան), մայիսի 28-ին Հայդենում (Շվեյցարիա) և մայիսի 29-ին Մայնցում (Գերմանիա)։

«Նաղաշ» անսամբլի համերգները Գերմանիայի դասական երաժշտության ամենահայտնի ռադիոկայանի՝ BR Klassik-ի կողմից բնութագրվել են որպես «հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության խորը և հուզիչ միախառնում՝ նոր դասական երաժշտության համադրությամբ», իսկ Rolling Stone-ի կողմից՝ որպես «նրբագեղ խորհրդացության ակնթարթ», իսկ ֆրանսիական Trans Musicales-ը գրում է. «Նաղաշի երաժշտության հոգևոր գեղեցկությունը արթնացնում է ուրախության և էքստազի միախառնում»։

Ջոն Հոդիանի հիմնադրած «Նաղաշ» անսամբլը ստեղծման պահից ի վեր՝ իր կազմով, երաժշտացանկով և նպատակներով, եղել է բացառիկ և արվեստագիտական բարձր հավակնություններով նախագիծ։

Տարիների ընթացքում չգնալով երաժշտական և որակային ոչ մի զիջումների, խումբը հաստատուն քայլերով առաջ է գնում հայկական և միջազգային բեմերում և պատվով ներկայացնում դեռ վաղ միջնադարից եկող հայկական մշակույթը՝ իր նոր ձեռագրով։

Back to top button