ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլը

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին: 

«Մի հարց հիմա պիտի քննարկենք, որն ի սկզբանե ենթադրում էր, որ պիտի ունենա կառավարության որոշման տեսք, բայց հետո այլ լուծումներ գտնվեցին: Հիմա կառավարության որոշման անհրաժեշտություն չկա: Պարզապես մենք պետք է այս մասին խոսենք և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերենք: Դուք գիտեք, որ վաղուց քննարկվում է Երևան մայրաքաղաքում մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը: Այս հարցն ընդգծված է եղել 2017 թվականին մեր նախընտրական ծրագրում, երբ մասնակցել ենք Երևանի ավագանու ընտրություններին: Ահա, մենք, ըստ էության, սկսել էինք պրոցեսի գործնական փուլը, և այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում: Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի արդեն մշակվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը, ինչը կնշանակի, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ:

Հիմա ինչո՞ւ պիտի լիներ կառավարության որոշում և ինչո՞ւ կառավարոթւյան որոշմամբ մենք դա չենք անում: Խնդիրն այն է, որ, իհարկե, կառավարությունը պիտի ֆինանսավորի նախագծումը, բայց մենք տեսանք, որ վերջերս քրեական մի գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամի վնասի հատուցում է  տեղի ունեցել: Եվ քննարկումների արդյունքում, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ որոշում կայացրեցինք, որ առաջին փուլով այդ գումարի 750 մլն դրամն  ուղղել այդ նպատակին: Քրեական գործը վերաբերում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի»:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ 2021 թ.-ին արդեն պայմանագիր է կնքվել նախագծող կազմակերպության հետ: Ըստ քաղաքապետի՝ նախագիծը կիրականացվի 510 օրում, կամ՝ գուցե ավելի շուտ:

«Նախագիծն ընդհանուր առմամբ երեք փուլով է լինելու: Ֆինանսական միջոցների հաշվին մենք հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորելու: Միաժամանակ կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի մենք կարողանանք արդեն սկսել աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրների հայթայթման ուղղությամբ: Ենթադրում եմ՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրերում այդ ֆինանսական տեղեկատվությունը պետք է արտացոլվի, պլանավորենք, որպեսզի կարողանանք նախագիծն ավարտելուց հետո, շինարարության մեկնարկ տանք: Այս պահի դրությամբ մետրոպոլիտենում նույնպես խնդիրներ ունենք՝ տարիների ընթացքում կապիտալ ներդրումներ, որպես այդպիսին, չեն իրականացվել: Կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի նաև այս մասով հասկանանք՝ ֆինանսավորման ինչ աղբյուրներ են հնարավոր, որպեսզի ընթացիկ կայարաններում տարբեր տեխնիկական խնդիրները նույնպես լուծենք, վերազինենք»,-ասել է քաղաքապետը: 

Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է՝  մետրոն անցում է կատարելու  Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվելու դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն:

Back to top button