ԿարևորՀասարակություն

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրագրողների և հեռուստառեժիսորների ընդունելություն Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է լրագրողների և հեռուստառեժիսորների ընդունելություն Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայում։ Լրագրության բաժին կարող են դիմել բոլոր ցանկացողները, որոնք սովորում կամ սովորել են լրագրության, հաղորդակցության և հարակից մասնագիտություններով կամ որոնց բազային մասնագիտությունը կարող է դառնալ լրագրության ժանր (օրինակ՝ ՏՏ մասնագետ, որն ուզում է զբաղվել ՏՏ լրագրությամբ):

Հեռուստառեժիսուրայի բաժին կարող են դիմել մասնագիտական կրթություն ունեցող բոլոր ցանկացողները: Դիմում-հայտի նկարագրության մեջ պարտադիր պետք է կցել առավելագույնը 3 րոպե տևողությամբ յութուբյան փակ հղումով ռեժիսորական որևէ աշխատանք՝ նկարահանված ցանկացած տեխնիկայով՝ անգամ հեռախոսով:

Դասընթացներն անվճար են, տևողությունը՝ հինգ ամիս, իսկ լավագույնները աշխատանքի կանցնեն Հանրային հեռուստաընկերությունում։

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ այստեղ:

Մեդիա ակադեմիայի լրագրության, հաղորդավարության, սպորտային լրագրության և կրկնօրինակման բաժիններում սովորած առաջին սերնդի շրջանավարտների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերությունում և այլ լրատվամիջոցներում:

2021 թվականից գործող Մեդիա ակադեմիան հնարավորություն է տալիս հեռուստատեսության ոլորտում մասնագիտանալ ցանկացողներին փորձել իրենց ունակությունները։ Հինգ ամիս տևող անվճար դասընթացների նպատակը տեսական գիտելիքների և գործնական աշխատանքի համադրությամբ ոլորտի նոր մասնագետներ պատրաստելն է։ Առաջին ալիքի հմուտ թիմի և հրավիրյալ մասնագետների օգնությամբ՝ Մեդիա ակադեմիայի սաները բացահայտում են հեռուստատեսության գաղտնիքներն ու փորձում իրենց խոսքն ասել հայկական հեռուստաշուկայում։

Back to top button