ԿարևորՀասարակություն

Հայկական IT ընկերությունները՝ «օսկարակիր»․ Krisp–ը և Podcastle-ը աշխարհում լավագույնն են

Հայկական երկու  IT ընկերություններ դարձել են «օսկարակիր»․ հաղթող են ճանաչվել ամենամյա Webby Award մրցանակաբաշխությանը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամենահեղինակավոր մրցույթն է և ծրագրավորողների շրջանում հայտնի է որպես ինտերնետային «Օսկար»։ 2022-ի վիրտուալ «Օսկարներից» մեկը հայկական «Krisp» ընկերությանն է։ Ներկայացված 14 հազար նախագծերից հենց հայկական տեխնոլոգիական  միտքն է ճանաչվել լավագույնը արհեստական ​​ինտելեկտի և մեքենայական ուսուցման լավագույն օգտագործման համար:

«Krisp» ընկերության մարքեթինգային թիմի ղեկավար Վահագն Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ հաղթանակը IT աշխարհում ճանաչում է բերում ոչ միայն ընկերությանը, այլև՝ Հայաստանին:

«Այս մրցանակը տալիս է ճանաչում և նաև վստահություն։ Միլիոնավոր մարդիկ տեսնում են ստարտափի անունը, փնտրում են, օգտագործում և այլն: Բացի դրանից՝ տալիս է նաև վստահություն Հայաստանի IT ոլորտի նկատմամբ, քանի որ այս ընթացքում բազմաթիվ ներդրողներ ճանաչում են մեզ՝ որպես մի երկրի, որը ունի 2 StartUp, որոնք հաղթել են այս մրցույթում։ Ես վստահ եմ՝ սա շատ մեծ ազդեցություն է ունենալու ոլորտի զարգացման վրա»,– մանրամասնում է Վահագն Սարգսյանը։

Ինտերնետային օսկարակիր ընկերությունը դեռ 3 տարեկան է։ Մարքեթինգային թիմի ղեկավարը պատմում է՝ աշխարհը գրաված գաղափարը ծագել է 5 տարի առաջ, իր ու ընկերոջ մտքում։ Արդյունքում՝ ստեղծվել է համակարգչային մի հավելված, որը տեսազանգերի ժամանակ հեռացնում է կողմնակի աղմուկը, և հնարավորություն տալիս ավելի որակյալ ու արդյունավետ առցանց հանդիպումներ անցկացնելու։

«Պատկերացրեք դուք «Skype»–ով կամ «Zoom»–ով խոսում եք և շատ աղմուկ է՝ փողոցի ձայն, կենդանիներ և այլն։ «Krisp»–ը կհեռացնի այդ ձայնը և կմնա միայն մարդու ձայնը։ Հիմա աղմուկը շատ մեծ խնդիր է, քանի որ շատ ընկերություններ աշխատում են տնից։ Մենք արդեն ունենք 2000–ից ավելի համաշխարհային բիզներսներ, որոնք օգտագործում են «Krisp»–ը։ Դրանց մեջ կան շատ հայտնի ամերիկյան ընկերություններ, ունենք միլիոնից ավելի օգտատեր աշխարհից և մի քանի հազար՝ Հայաստանից»,– ասում է «Krisp»–ի ներկայացուցիչը։

Շուրջ 200 աշխատող աշխարհի 8 երկրներից․ հայկական «Krisp»–ն ի սկզբանե մրցակիցներ չի ունեցել, եղել է առաջին ընկերությունը, որը նմանատիպ ծրագիր է առաջարկել՝ շեշտում է Վահագն Սարգսյանը, հիմա արդեն դաշտում մրցակիցներ են հայտնվել։

«Արդեն ունենք մրցակիցներ ինչպիսիք են «Zoom»–ը կամ «Google»–ը, որոնք ունեն արդեն իրենց աղմուկը հեռացնող մեխանիզմերը, բայց որակի առումով դեռ զիջում են «Krisp»–ին»։

Հայկական մյուս «օսկարակիր» ընկերությունը՝ Podcastle–ը,  Webby Award–ի նույն անվանակարգում  մրցել է աշխարհի  ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Adobe-ի հետ, որը հայտնի է իր Photoshop, Premier Pro և այլ ծրագրերով։

Podcastle–ի գործառնական տնօրեն Արսեն Համբարձումյանն ասում է՝ հաղթանակից հետո թիմն ավելի մոտիվացված է, զարգանալու են, կատարելագործվեն և նոր «բեմեր» նվաճեն։

«Մենք հաղթող ճանաչվեցինք Creative Production անվանակարգում։ Դա նշանակում է, որ մեր արտադրանքը հնարավորություն է տալիս ստեղծել կրեատիվ կոնտենտ։ Մեզ համար մեծ հպարտություն էր հենց այդ անվանակարգում հաղթելը, քանի որ այստեղ մեր մրցակիցը «Adobe»–ն էր»,– ասում է Արսեն Համբարձումյանը։  

«Podcastle»-ը հավելված է, որը հնարավորություն է տալիս մշակել ձայնը։ Հավելվածի հեղինակներն ասում են՝ սա հարթակ է նրանց համար, ովքեր ցանկանում են ստեղծել, մշակել ու տարածել իրենց աուդիոարտադրանքը։ «Podcastle»-ի առաջնային շուկան հյուսիսամերիկյանն է՝ ԱՄՆ և Կանադա։ Համահիմնադիրնեն ասում են՝ Հայաստանում այնքան էլ ծանոթ չեն իրենց ծրագրին․ հայկական շուկան փոքր է, պահանջներն այլ են, սակայն մրցանակը նաև հայկական շուկայում ճանաչում կբերի։

«Ամբողջ աշխարհի այս ոլորտի ներկայացուցիչները սրա շնորհիվ կիմանան Հայաստանի մասին, որ այստեղ երկու նոր ստեղծված ընկերություն ստացել են այդ մրցանակը, և սա PR–ի տեսանկյունից նոր սկիզբ է հայկական StartUp-երի համար»։

Եթե իրական կինոաշխարհի Օսկարում ամեն ինչ իրական է՝ բեմը, մրցանակները, հյուրերը, ապա ինտերնետային Օսկարում ամեն ինչ վիրտուալ է։ Webby Award–ի մրցանակները ժամանակին բաժին են հասել «Google»–ին, «Amazon»–ին, «Wikipedia»–ին և «Youtube»–ին, այսօր արդեն՝ հայկական «Krisp»–ին և «Podcastle»-ին։

Back to top button