ԿարևորՀասարակություն

Խորհուրդը դպրոցի տնօրեն չի ընտրի, բայց կկարողանա ազատել

Հայատանի բազմաթիվ դպրոցներում տնօրենի ընտրությունը տարիներ շարունակ ուղեկցվում է աղմուկով ։ Որոշներում նույնիսկ ամիսներ շարունակ չի հաջողվում ղեկավար ընտրել։ Վերջին ամենաթարմ օրինակը Չեխովի անվան Երևանի թիվ 55 դպրոցն է։ Ըստ գործող կարգավորման՝ տնօրենի ընտրությունն իրականացնում է ուսումնական հաստատության խորհուրդը, որն ունի 9 անդամ։ Նոր կարգավորմամբ՝ այս գործառույթը վերապահվում է մասնագիտական հանձնաժողովին․ տնօրենին կնշանակի լիազոր մարմինը։ Ինչո՞վ է պայմանավորված նոր կարգավորման անհրաժեշտությունը, ի՞նչ  առավելություններ ու թերություններ ունի։

Երևանի թիվ 55 դպրոցում ամիսներ շարունակ չի հաջողվում տնօրեն ընտրել. ձայները հավասար են բաշխվում։ Այս  ընթացքում դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողները ակցիաներ էին իրականացնում քաղաքապետարանի որոշման դեմ, որով տնօրենի պարտականությունները դրվել էին դպրոցում նախկինում չաշխատած անձի վրա։ Մյուս կողմից էլ՝ երկարատև ակցիաներն ու դասադուլները խանգարում են կրթական բնականոն պրոցեսը, ինչին, բնականաբար, դեմ են աշակերտների ծնողները։ Նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով  Կրթության նախարարությունը նոր կարգավորումներ է մշակում, ըստ որոնց՝ տնօրենն այլևս քվեարկությամբ չի ընտրվի։ Եթե գործող կարգավորմամբ՝ տնօրենի ընտրությունն իրականացնում է ուսումնական հաստատության խորհուրդը, ապա նոր կարգավորմամբ՝ այդ գործառույթը կվերապահվի մասնագիտական հանձնաժողովին՝ ասում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը․

«Նոր օրենքով առաջարկվում է, որ այդ ընտրությունը վերապահել մասնագիտական հանձնաժողովին, որի անդամները  լավ են պատկերացնում դպրոցի կառուցվածքը, պատկերացնում են տնօրենի պարտականությունները, գիտեն ինչ հմտություններ, կարողություններ պետք է ունենա տնօրենը, որպեսզի կարողանա ճիշտ կառավարել դպրոցը և ապահովել անհրաժեշտ որակ։ Համապատասխան փորձառություն, գիտելիքներ չունեցող մարդիկ, ինչպիսին այժմ մեր խորհրդի անդամներն են, այն որակով դա չեն անի, ինչ որակով կանի մասնագիտական հանձնաժողովը »։

Մասնագիտական հանձնաժողովն է լսելու տնօրենի զարգացման ծրագիրը, ներկայացնելու մասնագիտական եզրակացություն, և դրա հիման վրա լիազոր մարմինը՝ կամ նախարարությունը, կամ քաղաքապետարանը, կամ մարզպետարանը կորոշեն ում նշանակել  տնօրեն։  Իրավունքը խորհուրդներից մասնագիտական հանձնաժողովին փոխանցելու որոշումը ողջունում է նաև փորձագետ Սերոբ Խաչատրյանը, առավել ևս, որ խորհորդներն իրենց այդպես էլ չարդարացրին, ասում է․

«Այն, որ խորհուրդները չեն աշխատում, ընդունում է նաև նախարարությունը, և կրթության զարգացման պետական ծրագրի նախագծում այդ մասին դրույթ կա, որ խորհուրդները ձևական բնույթ ունեն։ Այս իրավիճակում նախարարությունն ուներ երկու ճանապարհ․ կամ փորձել զարգացնել խորհուրդները, կամ գնալ այլ ճանապարհով։ Նախարարությունը 2-րդ ճանապարհն  ընտրեց՝ մտածելով, որ խորհրդի ներկա գործունեությունը հիմնականում կենտրոնացած է միայն տնօրենի ընտրության վրա»։

Ինչո՞վ է պայմանվորված տնօրենի հաստիքի նկատմամբ մեծ հետաքրքությունը, հաշվի առնելով՝ հատկապես փոքր  լիազորությունների և մեծ պարտականությունների շրջանակը։  Արտաշես Թորոսյան․

«Ցանկացած պաշտոն որոշակի իշխանություն է, ենթադրում եմ՝ դա է գայթակղում։ «Հանրակրթության մասին» օրենքի այս փոփոխություններով դպրոցի տնօրենը այսուհետ պատկերացնելու է, որ ինքն ունենալու է շատ լարված, շատ ինտենսիվ ու դժվարչ աշխատանք»։

Տնօրենի աշխատանքն այսպես թե այնպես շատ բարդ է,  և փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս չի հասկանում, թե ինչու է այդքան մեծ ձգտումը այդ պաշտոնը զբաղեցնելու։ Նորմալ է, որ մարդիկ տնօրենի աթոռը կարիերայի առաջընթաց են համարում, բայց կան նաև այնպիսի դեպքեր, երբ  տնօրենի պաշտոնը պարզապես  լավ հնարավորություն է դիտարկվում․

«Գուցե կան նաև մարդիկ, ովքեր ինչ որ այլ գումար վաստակելու հնարավորություն են տեսնում։ Այդպիսի կոռուպցիոն ռիսկեր էլ կան։ Բայց հետաքրքիրն այն , թր վերջին տարիների ընտրությւոններում ես անձամբ դեպքեր գիտեմ, որ մեկ դպրոցում տնօրենի ընտրությանը 7-8 թեկնածու է մասնակցել։ Սա իհարկե լավ բան է և նշանակում է, որ տնօրենների ընտության պրոցեսը մեկ կետից չի կառավարվում»։

Այս առումով փորձագետը կարևորում է  մասնագիտական հանձնաժողովի իսկապես պրոֆեսիոնալ աշխատանքը, հակառակ դեպքում, կարծում է, նոր կարգավորումն ինքնանպատակ կլինի։ Ինչ վերաբերում է գործող  խորհուրդներին, դրանք պարզապես  դիտորդի դերում չեն մնա։  Խորհուրդները շարունակելու են մասնակցել դպրոցի կառավարմանը և ազդեցություն ունենալ դպրոցի տնօրենի աշխատանքի վրա, եթե արդյունքները գոհացնող չլինեն։

Back to top button