ԿարևորՔաղաքական

Էթնիկ զտումների փորձեր՝ մեկ դար անց․ Աթենքում անցկացվել է սիմպոզիում` նվիրված Հայոց ցեղասպանությանը

Ապրիլի 27-ին Աթենքում, Եվրոպական Հանրային Իրավունքի Կազմակերպության (EPLO) միջոցառումների սրահում Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հատուկ միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին, որին ներկա են գտնվել Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, գիտնականներ, հայկական համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից, միջոցառման գլխավոր բանախոսը՝ Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Արա Սարաֆյանը, հանդես է եկել «Թուրքիան և Հայոց Ցեղասպանություն. Հանձնախումբ, համախմբում և ժխտում» խորագրով դասախոսությամբ:

Միջոցառմանը բացմանն ելույթով հանդես է եկել միջազգային իրավունքի հայտնի բրիտանացի մասնագետ Ջեֆրի Ռոբերտսոնը (Queen’s Counsel)` իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան, Doughty Street Chambers-ի հիմնադիր և համանախագահ, գրող:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին պարոն Ռոբերտսոնը նշել է, որ այն կանխամտածված և նախորոք կազմակերպված հանցագործություն էր, որի նպատակն էր բնաջնջել, ոչնչացնել Օսմանյան Կայսրությունում ապրող հայերին` ազգային և կրոնական հիմունքներով:

Ըստ Ռոբերտսոնի՝ Հայերի Ցեղասպանությունը դա մի այնպիսի զարհուրելի հանցագործությունը է, որը չի կարելի ոչ ներել, ոչ էլ մոռանալ:

Խոսելով Ցեղասպանության մասին նա ընդգծել է, որ Ցեղասպանության ենթարկվեցին նաև հույները, բայց ի տարբերություն հայերի, հույներն այդ ժամանակ արդեն ունեին հայրենիք և շատերին հաջողվեց հասնել Հունաստան:

Ռոբերտսոնը նմանություններ է անցկացրել է Հայոց Ցեղասպանության և Հրեաների Շոայի միջև՝ արձանագրելով, որ այն ժամանակ Գերմանիան Թուրքիայի դաշնակիցն էր և խորհուրդ էր տալիս Թուրքիային, թե ինչպես սպանել հայերին, իսկ ավելի ուշ` ոգեվորված լինելով հայերի Ցեղասպանությունից, նմանատիպ հանցագործություն իրագործել է հրեաների նկատմամբ:

Նա նաեւ անդրադարձել է “ցեղասպանություն” եզրույթի` Ռաֆայել Լեմկինի կողմից շրջանառության մեջ մտցնելու պատմությանը։

Միջոցառման համակարգող` Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսն ընթերցել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչանի խոսքը:

Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանում Հայոց ցեղասպանությանը նվիրված բազմաթիվ և հիմնական քաղաքական միջոցառումներից հետո դեսպանությունը նպատակահարմար գտավ կազմակերպել նաև գիտակրթական և մշակութային բնույթի միջոցառումներ։

Դեսպանն ընդգծել է, որ “ցեղասպանության վերաբերյալ կրթվածության բարձրացումը ցեղասպանության կանխարգելման մեր համընդհանուր պայքարի կարևոր բաղկացուցիչներից մեկն է։ Անշուշտ հեռու ենք կանխարգելման նպատակին հասնելուց։

Հայաստանը շարունակում է առերեսվել մի կողմից Թուրքիային, որը շարունակում է ագրեսիվորեն ժխտել ցեղասպանությունը և, ինչպես երկու օր առաջ ականատեսը եղանք, բարձր մակարդակով սադրիչ ծաղրանքի ենթարկեց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին, որը դատապարտելի է և բացարձակապես անընդունելի։

Մյուս կողմից, Հայաստանի մեկ այլ հարևանը` Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն վայելող Ադրբեջանը ամենօրյա կտրվածքով և բոլոր մակարդակներով չի թաքցնում իր ցեղասպան նկրտումները։

Դրա վառ ապացույցն է նրա վերաբերմունքը Արցախի նկատմամբ և այն գոյութենական սպառնալիքը, որը կախված է արցախահայության գլխին։ Այնպես որ ցեղասպանությունից մեկ դար անց էլ, մենք` հայերս, դեռևս ականատեսն ենք լինում մեր տարածաշրջանում էթնիկ զտումների և զանգվածային սպանդի նոր փորփշձերի ու սպառնալիքների”։

Անդրադառնալով Ցեղասպանության կազմակերպանը պարոն Սարաֆյանն արձանագրել է, որ թուրքական արխիվային փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թալեաթ Փաշան նախօրոք և մանրամասն կազմակերպել է հայերի ցեղասպանությունը կայսրության տարբեր շրջաններում, քաղաքներում` իր մոտ ունենալով այդ շրջաններում և քաղաքներում բնակվող հայերի ամբողջական պատկերը:

Գործընթացն եղել է չափազանց լավ կազմակերպված և կանխամտածված: Ավելին, դեռ Ցեղասպանությունից առաջ Օսմանյան Կայսրությունում Ամերիկայի հյուպատոսական ծառայությունների փաստաթղթերը խոսում էին, որ իշխանությունները պատրաստում են հայերի բնաջնջումը` ստանալով այդ տեղեկությունները Կայսրության տարածքում գործունեություն ծավալող տարբեր միսիոներական կազմակերպություններից, ընդգծելով, որ արդեն մինչ Ցեղասպանությունը կար տեղեկություն գալիք արհավիրքի մասին:

Խոսելով ժամանակակից Թուրքիայի մասին, պարոն Սարաֆյանն ընգդծել է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան ինչ-որ ձևով սկսել է առերեսվել Հայոց Ցեղասպանության հետ, դա օգտագործելով որպես այլընտրանքային քաղաքականություն:

Back to top button