ԿարևորՀասարակություն

Երեւանում բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը. մասնակցում է ավելի քան 80 կրթօջախ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ապրիլի 27-ից 29-ը կազմակերպել է «Կրթություն և կարիերա EXPO 2022» ցուցահանդեսը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում անցկացվող ավանդական 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են 80-ից ավելի կրթօջախներ (բուհեր, քոլեջներ, ուսումնական կենտրոններ, դպրոցներ), ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից: Մասնավորապես բավականին ներկայանալի տաղավարներով էին հանդես եկել ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Երևանի պետական հումանիտար քոլեջը, Վաղարշապարի Գ. Նարեկացու անվան համար 2 և Մ. Գորկու անվան 5 ավագ դպրոցները, Երևանի դեկորատիվ արվեստի պետական արհեստագործական ուսումնարանը և այլն:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողության ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունեց կազմակերպիչներին և մասնակիցներին՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների դերն ու նշանակությունը ոլորտի զարգացման գործում:

«ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Ուստի ԿԳՄՍ նախարարությունն աջակցել և շարունակելու է աջակցել նմանաբնույթ միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը: Հայտնի է, որ կրթությունը հասարակության բարեկեցության ու զարգացման հիմնական հենասյուներից է, որի վրա են կառուցվում մյուս բոլոր ոլորտների զարգացման հեռանկարները: Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանք»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նախարարը նաև շրջել է ցուցահանդեսում, այցելել մի շարք տաղավարներ, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացել նրանց ներկայացրած նյութերին:

Կազմակերպիչներն ընդգծել են, որ միջոցառման հիմնական նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության ողջ սպեկտորի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել աշխատանք փնտրողների և իրական գործատուների միջև, ինչպես նաև ծրագրում ներգրավել պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ՝ իրենց նոր կրթական ծրագրերով:

Հավելենք, որ «Yerevan EXPO» հիմնական թեմատիկ բաժիններն են բարձրագույն կրթություն և ակադեմիաներ, համալսարաններ, ինստիտուտներ, միջին մասնագիտական կրթություն և քոլեջներ, ուսումնարաններ, վարժարաններ, կադրերի վերապատրաստում, շարունակական կրթություն, օտար լեզուներ, ուսուցումն արտասահմանում, փոխանակման ծրագրեր և այլն:

Back to top button