ԿարևորՀասարակություն

Ավելի քան 1 մլրդ դրամ՝  մետրոյի նոր կայարանի նախագծման համար․ «Աջափնյակ» կանգառի դռները շուտով կբացվեն

Մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքները մտնում  են գործնական փուլ։ Դեռ խորհրդային շրջանից քննարկվող նախագիծը կառավարությունն առաջիկա տարիներին նախատեսում է կյանքի կոչել․ հայտարարված մրցույթում կա հաղթող, հայտնի են առաջին փուլի ֆինանսավորման աղբյուրները։ «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ  Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդը դիտարկում է նոր կայարանի հատվածում առևտրային կենտրոն կառուցելու հնարավորությունը։

Երևանի Մետրոլոպիտենի  ուղևորների նոր կանգառը կլինի Հալաբյան փողոցի՝ Աբելյանի հետ հատվող հատվածում՝ նախկին «Արագած» կինոթատրոնի դիմաց։  Մետրոյի նոր կայարանը կգործարկվի շուրջ 4 տարուց։ Կառավարությունն ազդարարել է նախագծի մեկնարկը՝ հստակեցնելով դրա իրականացման  առաջին փուլի ֆինանսավորման աղբյուրները։ Դրանք կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ներկայացրել.

«Մենք սկսել էինք գործնական փուլը: Այժմ ավելի գործնական փուլ ենք մտնում։ «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին»:

Հաշվարկներ, թե որքան ժամանակում նախագիծը կյանքի կկոչվի, նույնպես կան։  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ նախագիծը կիրականացվի 510 օրում, հնարավոր է ավելի շուտ,  50 միլիոն դոլարի շրջանակում.

«Երեք փուլով է նախագիծը լինելու: Այս ֆինանսական միջոցների հաշվին կկարողանանք առաջին երկու փուլը ֆինանսավորել: Միաժամանակ, կխնդրեի ձեր հանձնարարականը, որպեսզի կարողանանք սկսել աշխատանքը  նախագծի երրորդ փուլի համար ֆինանսական միջոցների հայթայթման մասով»։

Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը հիշեցնում է՝ մետրոյի Աջափնյակ տանող ուղու եւ 11-րդ կայարանի ծրագիրը երկար նախապատմություն ունի։ Այս նպատակը կար դեռևս խորհրդային տարիներին։ Դեռ այն շրջանում է թունելային զգալի աշխատանք արվել։ Նույնիսկ որոշված էր, թե որտեղ պետք է լինեն գնացքի պլատֆորմը և հետիոտնային անցումները.

«Այդ թունելներն արդեն կան, դրանք գալիս են Կիևյանից մինչև Հրազդան և Հրազդանից փորված են մինչև հիվանդանոց գնացող հատվածը։ Այնտեղ մնում էր սարքել մի կամուրջ, որն անցնելու էր Հրազդան գետը և հետագայում օգտագործվելու էր որպես միակ ճանապարհ մետրոյի գծի համար»։

Մետրոյի նոր ուղին կմիացնի Հրազդանի կիրճով բաժանված Երևանի երկու մասերը։ Առաջարկ կար կայարանը կառուցել հենց կամրջի վրա, բայց հաշվի առնելով Հայաստանի՝ ստորգետնյա ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը, մասնագետները դա ճիշտ չեն համարում։

Դեռ նախորդ տարեվերջին Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծման  մրցույթում հաղթող էր ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որը  Հայաստանի կառավարությանը շուրջ 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ էր առաջարկել։

Նոր կայարանի կառուցման պրոյեկտը ծախսատար է, բայց՝ անհրաժեշտ․ համոզված է «Սպառողների աջակցման կենտրոն»-ի նախագահ Աշոտ Միրզոյանը։ Մեքենաներով ու երթուղայիններով «խեղդված» քաղաքի համար սա օրախնդիր է՝ ասում է ու շեշտում հարցի մյուս՝ «էներգետիկ» կողմը.

«Հաշվի առնելով, որ մենք ինքներս էլեկտրաէներգիա արտադրող երկիր ենք, հաշվի առնելով ատոմակայանը և այլն, այդ ամենը նախատեսված է եղել, որ էլեկտրական տրանսպորտը մեզ մոտ զարգանա։ Հաշվի առնելով մեր ներկայիս վիճակը, սա մեզ համար շատ ծախսատար պրոյեկտ է, սակայն՝ արդարացված։ Դրա համար  Աջափնյակ մետրոյի կառուցումը մեծ նվաճում կլինի»։

Մասնագետները կարծում են, որ նոր կայարանի կառուցումը 20-25 հազարով կավելացնի մետրոյի ուղևորափոխադրումների ծավալը, կբեռնաթափի Կիևյան կամրջով մեքենաների հոսքը։ Վարչապետը ծրագիրը ռազմավարական է համարում, բացատրում է՝ նոր կայարանի գործարկմամբ  հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի մայրաքաղաքի այլ հատվածներ՝  Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս ու ոչ միայն։

Back to top button