Մոռացված ֆիլմերի ստվերները

Անհետացած և գտնված ֆիլմը. «Գարուն ա, Ձյուն ա արել». «Մոռացված ֆիլմերի ստվերները

Անցյալ դարի վաթսունականների վերջին՝ «Երևան» կինոստուդիայում նկարահանվեց Գրիգոր Մելիք-Ավագյանի «Գարուն ա, ձյուն ա արել» ֆիլմը։ Կոմիտաս վարդապետի կյանքի մի շրջանի մասին պատմող ֆիլմը հեռուստատեսությամբ ցուցադրվեց ընդամենը մեկ անգամ, հետո՝ երկար տարիներ մոռացության մատնվեց։

1968 թվականին, կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը, երաժշտագետ Ռոբերտ Աթայանն ու կինոգետ Սաբիր Ռիզաևն աշխատում էին Կոմիտաս վարդապետին նվիրված ֆիլմի սցենարի վրա։ Ֆիլմի հիմքում 1905-15 թվականներին Կոմիտասի գրած նամակներն էին՝ փարիզաբնակ դաշնակահարուհի, երգչուհի Մարգարիտ Բաբայանին։

«Գարուն ա, ձյուն ա արել» ֆիլմի համահեղինակ, կինոռեժիսոր Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը նշում է, որ սցենարի հեղինակները ֆիլմի դրամատուրգիան կառուցելիս իրենց առջև խնդիր չէին դրել էկրանին փոխադրել 20-րդ դարի հանճարեղ կոմպոզիտորի ողջ կյանքի պատմությունը։ Նրանք փորձել են նամակների օգնությամբ ներկայացնել այդ տասը տարիների ընթացքում վարդապետի կյանքում, նրա շուրջը տեղի ունեցած իրադարձությունները, նրա մտորումներն ու հույզերը։ 

Անահիտ Հայրապետյան

 «Շատ հետաքրքիր ստեղծագործական խումբ էր աշխատում ֆիլմի ստեղծման վրա, որն իր առջև նպատակ էր դրել նորովի բացահայտել Կոմիտասին՝ այդ նամակների շնորհիվ։ Մարգարիտ Բաբայանը մահից առաջ Կոմիտասի հետ իր ամբողջ նամակագրական կապը նվիրեց Ռոբերտ Աթայանին՝ պայմանով, որ այդ նամակները պահպանվեն Հայաստանում»,-այսպես է տարիներ անց հիշում «Գարուն ա, ձյուն ա արել» ֆիլմի ստեղծման պատմությունը Անահիտ Հայրապետյանը։

«Գարուն ա, ձյուն ա արել» ֆիլմում Կոմիտասի կերպարը մարմնավորելու ցանկություն ունեին կինոյի և թատրոնի այն ժամանակվա ամենաճանաչված դերասանները։ Սակայն Գրիգոր Մելիք-Ավագյանի ընտրությունը կանգ է առնում Սոս Սարգսյանի թեկնածության վրա: Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը պատմում է, որ Գրիգոր Մելիք-Ավագյանի ընտրությունը պատահական չէր։ 

Նելլի Սարգսյան

«Սոս Սարգսյանն այն ժամանակ քառասուն տարեկան էր և նա զարմանալիորեն նման էր Կոմիտասին։ Ճաղատ, տխուր աչքերով, նիհար, բարձրահասակ։ Ուզում եմ նշել, որ այդ նամակներն ընթերցելուց հետո Կոմիտասն ամբողջովին ուրիշ կերպարում է ներկայանում: Ավելի աշխարհիկ, կենսուրախ հենց այնպիսին, ինչպիսին իրականում եղել է»,- ասում է Նելլի Սարգսյանը։

Ֆիլմի որոշ տեսարաններ նկարահանվեցին Թիֆլիսում, Կոմիտասի սիրելի Հառիճավանքում և Հայաստանի այլ մարզերում։ Ֆիլմի օպերատոր Ալբերտ Յավուրյանը, գործի դնելով օպերատորական վարպետության բոլոր հնարքները, կարողացավ ճիշտ վերարտադրել այն բոլոր մտահղացումները, որոնք ունեին սցենարի հեղինակն ու ռեժիսորը։ Տեսարաններից մեկը նկարահանվեց նույն այն ճանապարհին, որով ժամանակին Փարիզում, Ժնևում, Լոզանում, Եվրոպական այլ քաղաքներում դասախոսությունների և համերգային երեկոների ընթացքում հայ երաժշտությունը պատվով ներկայացրած Կոմիտասը Հայաստան էր վերադարձել։ 

«Մեծ ամբարձիչ կռունկ բերեցին և ֆիլմի օպերատորը՝ Ալեքսանդր Յավուրյանը, նստեց ամենբարձր կետում ու այնտեղից սկսեց նկարահանել: Դա տևեց մի ամբողջ օր և երբ օրվա վերջում նկարահանումներն ավարտվեցին, ամբարձիչի վարորդը հրաժարվեց մթանն ու քարքարոտ ճանապարհով մեքենան իջեցնել։ Մեքենան թողնել այդտեղ մինչև առավոտ նույնպես չէր կարելի և ստիպված հայրս՝ Արկադի Հայրապետյանը, նստեց ղեկին, նկարահանող խմբից մի երիտասարդ տղայի նստեցրեց կողքը և զգուշությամբ քշեց, ամբարձիչ կռունկը հասցրեց Երևան»,- ասում է Անահիտ Հայրապետյանը

Նկարահանման ու մոնտաժային աշխատանքներն ավարտելոց հետո, 58 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացվեց գեղարվեստական խորհդին։ Օպերատորական բարձր վարպետությամբ, հետաքրքիր հնարքներով նկարահանված, այս ֆիլմը, սակայն, հեռուստատեսությամբ մեկ անգամ ցուցադրվելուց հետո անհետացավ։

«1969 թվականին մեծ շուքով նշում էին Կոմիտասի 100-ամյակը: Եվ այդ միջոցառումների շրջանակում, նոյեմբեր ամսին հեռուստատեսությամբ ցուցադրեցին ֆիլմը, որից հետո լուր տարածվեց, թե իբր ֆիլմը կորել է: Կինոժապավենի տուփը, որի վրա գրված էր ֆիլմի անվանումը անհետացել էր: Երկար տարիներ փնտրում էին ֆիլմը և ոչ մի տեղ չէին գտնում: Վերջերս, ի զարմանս ինձ, այն տեղադրվեց համացանցում և բավականին լավ որակով»,— պատմում է Անահիտ Հայրապետյանը, իսկ նրա աչքերում ոգևորություն է, որը կապված է ֆիլմի գտնվելու հետ:

Գրիգոր Մելիք-Ավագյանի «Գարուն ա ձյուն ա արել» կինոնկարը երկար տարիներ մատնվեց մոռացության։ Ֆիլմի գոյության մասին տեղյակ են միայն մասնագիտական շրջանակներում։ Սակայն պետք է չմոռանալ, որ դա առայժմ գեղարվեստա-փաստագրական միակ ֆիլմն է, որտեղ անդրադարձ է կատարվում հայ ազգային երաժշտության հիմնադիր, մեծ մտավորական, խստապահանջ և համարձակ Կոմիտաս գիտնականի կյանքի մի շատ կարևոր ժամանակահատվածի, երբ վարդապետը հայ երաժշտությունը ներկայացնում էր աշխարհի բազմաթիվ երկրներում՝ օտարին ապացուցելով հայ երգի՝ իր ժողովրդի նման բնիկ ու հինավուրց լինելու փաստը։

Ցուցադրել ավելի
Back to top button