ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներին

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանների հինգ աշակերտների, ովքեր Հայ Եկեղեցու պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայում զբաղեցրել են մրցանակային տեղեր։ Աշակերտներին ուղեկցել են դպրոցի տնօրեն տիկին Սուսաննա Վարդանյանը և հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը։

Տեր Հայրը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, իր երախտագիտությունն է հայտնել կրթական հաստատության հանդեպ ցուցաբերվող ուշադրության և հայրական խնամքի համար։

Իր հայրական օրհնությունը փոխանցելով աշակերտներին՝ Հայոց Հայրապետն ընդգծել է, որ սերտել Հայ Եկեղեցու պատմությունը նշանակում է նաև կրթվել աստվածասիրության և հայրենասիրության ոգով։

Նորին Սրբությունը հորդորել է մրցանակակիր աշակերտներին նոր ուժով ու եռանդով սովորել ու շարունակել գիտելքներ ամբարել, որպեսզի կարողանան իրենց օգտակարությունը բերել ազգին՝ դառնալով Հայրենիքի արժանավոր զավակներ։

Հայոց Հովվապետը նաև իր գնահատանքն է բերել դպրոցի տնօրենին, հոգևոր տեսչին և մանկավարժներին կրթադաստիարակչական գործում իրենց նվիրական առաքելությունն արժանիորեն իրականացնելու համար։

Back to top button