Վերնատուն

Արևելահայերենի ու արևմտահայերենի «անհաշտ մտերմությունը»՝ մեկ գրքում․ «Վերնատուն»

Արևելահայերենի ու արևմտահայերենի «անհաշտ մտերմությունը»՝ մեկ գրքում «Սահմանախաղտ(խտ) հայերենն ու հայերէնը» գիրքը երկխոսություն է, զրույց երկու լեզուների ու մշակույթների միջև։

Երկխոսողները գրքի հեղինակներն են՝ գրող, հետազոտող Անահիտ Ղազարյանը և ամերիկահայ գրող, հայագետ Առաքել Մինասյանը։ Նրանք խաղարկում են իրենց ընկերությունը, համեմատում կենսափորձը՝ խոսելով իրարից տարբեր ու հեռու առօրյայի, մշակույթի մասին, որպես հայաստանցի ու սփյուռքահայ՝ մտածում իրենց տարբերությունների ու նմանությունների մասին, իրենց օրինակով փորձում են հասկանալ, թե որտեղ է սահմանը։

«Տեքստը գրված է արևելահայերնի և արևմտահայերենի միահյուսմամբ․ ես գրել եմ արևելահայերենով, Առաքելը պատասխանել է արևմտահայերենով՝ քով քովի են եկել լեզվի այս երկու տարբերակները՝ ստեղծելով երկու լեզուներից կազմված լեզվական մի շաղախ», – ասում է Անահիտ Ղազարյանը։ Առաքել Մինասյանը բնակվում է Միացյալ Նահանգներում, համալսարանում հայոց լեզու և գրականություն է ուսումնասիրում։

«Միշտ կը խօսէինք արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի եւ իրենց յարաբերութեան մասին։ Ինծի համար հետաքրքրական էր այս երկու ուղղագրութիւնները քով քովի դնել եւ տեսնել ինչպէս տարբեր բառեր տարբեր կը գրուին։ Շատ մը տառեր չեմ կրնար լսել եւ արտաբերել, տառահնչիւններ կան որ մենք չունինք»։

Գրքում Առաքելը խոսում է «անտեղութեան» մասին՝ նկատի ունենալով պատկանելությունն ու ինքնությունը։ «Ես Գանատա ծնած եմ, ծնողքս Պէյրութէն են, հիմա Ամերիկա կ՚ապրինք, ես հայաստանցի շատ ընկերներ ունիմ եւ հայաստանցի ալ կը զգամ ինքս. եւ միտքեր ունիմ՝ թէ ուրտեղէ՞ն եմ, ու՞ր կը պատկանիմ…»։

«Գիրքը մի տարածություն է, որտեղ հանդիպում են արևելահայերնն ու արևմտահայերենը։ Սահմանը՝ իրար ճանաչելու հասկանալու և լսելու փորձն է», – հավելում է Անահիտը։

Back to top button