ԿարևորՀասարակություն

Որքա՞ն է պաշտոնական Բաքուն ատում հայերին ու ինչպես է դա արտահայտում․ Արցախը  փաստեր է ներկայացրել ՄԱԿ-ին

ՄԱԿ–ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը՝ «Ռադիոլուրին» հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Զեկույցում ժամանակագրորեն ներկայացված են այս տարվա փետրվարից Արցախի ու արցախահայության նկատմամբ  ադրբեջանական ոտնձգությունները։ Հեղինակների ակնկալիքն է, որ միջազգային հանրությունն իրազեկված լինի Ադրբեջանի  հայատյաց քաղաքականության մասին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը որպես պաշտոնական փաստաթուղթ շրջանառվում է ՄԱԿ-ում։ Այն ամփոփում է Ադրբեջանի կողմից Արցախի մի շարք բնակավայրերի, հատկապես Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում բարձրախոսների կիրառմամբ ժողովրդին հոգեբանական հարձակման ենթարկելը, փետրվար-մարտին ականանետների կիրառմամբ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները։ Զեկույցի երկրորդ հատվածում, ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, ներկայացվել են գազատարի խափանման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, որոնք լայնորեն խաթարել են  կյանքը տարբեր ոլորտներում՝ սկսած կրթական, առողջապահական իրավունքի իրացումից մինչև տնտեսության առանձին ճյուղեր։ «Ռադիոլուրին» Ստեփանյանը մանրամասնում է․

«Երրորդ հատվածում անդրադարձել ենք նաև Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական հարձակումներին հատկապես համացանցի կիրառմամբ։ Հատուկ կերպով նշվել են նույն ԱԺ կայքի վրա կիբերհարձակումը և դրանով ուժի սպառնալիքի ներքո Արցախի ժողովրդին իրենց բնակավայրերը լքելու կոչերը»։

Արցախի օմբուդսմենի զեկույցի միջոցով նպատակ է դրված ՄԱԿ-ում ցույց տալ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր հանցավոր գործողությունները։ Իսկ դա մեկ նպատակ է հետապնդում՝ էթնիկ զտման ենթարկել  Արցախը և ստիպել արցախահայությանը՝ թողնել իրենց բնակավայրերը։

«Կարծում եմ՝ զեկույցը բավականին փաստագրված ցույց է տվել այս ամենը, և միջազգային տարբեր հարթակներ՝ լինեն իրավապաշտպան կազմակերպություններ, թե միջազգային կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծանոթանալով զեկույցին, բավականին հավաստի կերպով կարող են իրավիճակը պատկերացնել»։

Սա մեր պատրաստած զեկույցներից առաջինը չէ, որ տարածվումէ  ՄԱԿ–ում՝ ասում է  Գեղամ Ստեփանյանը։ Նախորդիվ Արցախի ՄԻՊ-ը տարածել է նաև Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով սպանված քաղաքացիական անձանց և Ադրբեջանում կեղծ մեղադրանքների հիման վրա հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական   դատավարությունների վերաբերյալ զեկույցը։ Սրանք մեկ նպատակ ունեն՝ ՄԱԿ–ում հանգամանորեն ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը և Ադրբեջանի հանցավոր գործողությունները՝ ուղղված արցախահայությանը։ Միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, որ Ադրբեջանը դիտավորյալ ու միտումնավոր իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ տարբեր միջազգային կառույցների  հետ հանդիպումները ցույց են տվել, որ կա Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ  մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ընկալում։ Նման վերաբերմունքից հետո Արցախը որևէ կազմով Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է Արցախի հայաթափում՝ շեշտում է։ Ըստ Արցախի օմբուդսմենի՝ Արցախի կարգավիճակի այնպիսի ձևաչափ պետք է որոշվի, որ այն որևէ ձևով Ադրբեջանի ենթակայության տակ չլինի։ Արցախի ՄԻՊ-ի ակնկալիքն է, որ  ՄԱԿ–ի անդամ երկրների ներկայացուցիչները ծանոթանան փաստաթղթի բովանդակությանը և իրենց դիրքորոշումներն Արցախի վերաբերյալ արտահայտելիս հաշվի առնեն զեկույցում արձանագրված բոլոր իրողությունները։

«Կաթիլ առ կաթիլ եթե փոխենք կամ ձևավորենք միջազգային  հանրության, տարբեր երկրների ներկայացուցիչների մոտ այն գիտակցումը, որ հաշվի առնելով, թե Ադրբեջանի կողմից  վարվող հանցավոր գործողությունները ինչ մասշտաբների են հասնում և հաշվի առնելով հրադադարի խախտումները, պետք է բացառել Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում»։    

Մինչ հայկական կողմն իր քայլերն է ձեռնարկում, Բաքուն էլ իր հրթին է փորձում միջազգային հանրության աչքին իր թեզերն արդարացնել։ Նախօրեին ԵԽԽՎ նիստում ադրբեջանցի պատվիրակները խոսել են խաղաղության մասին, փորձել համոզել, թե դա այն է, ինչին իրենք ձգտում են։ Մինչդեռ նույն նիստում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հակառակն է պնդել՝ խաղաղության, մարդու իրավունքների  մասին հայերի ու ադրբեջանցիների ընկալումները տարբեր են։ «Երբ կրակում են հայկական  գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ և փոքր տրամաչափի զենքեր, դա չի կարող բերել խաղաղության»,-ԵԽԽՎ-ում ընդգծել է հայ պատվիրակը։

Nal  «Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի բերում խաղաղության: Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի բերում խաղաղության:Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարի պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող եւ ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ եւ ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի բերում  խաղաղության: Սա կարող է առաջացնել քամահրանք, գուցե ատելություն, բայց ոչ՝ խաղաղություն: Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առեւտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա խաղաղության չի կարող բերել»:

Արցախի ՄԻՊ-ի զեկույցը հետաքրքիր և հիմնավոր թեզեր է պարունակում՝ «Ռադիոլուրին» ասում է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։  Բաքվի կողմից մարդու իրավունքներին վերաբերող հանցագործություններն այնքան շատ են ու մասշտաբային, որ Հայաստանը կարող է ներկայացնել նաև թեմատիկ զեկույցներ՝ ասում է զրուցակիցս։

«Օրինակ՝ առանձին զեկույցներ կարող են լինել հայերի գլխատումների կամ բնակչությանը գոյության պայմաններից զրկելու ճանապարհով բնաջնջման մասին։ Հիմնական  խնդիրները թիրախավորել է զեկույցը, բայց կարող ենք մշակել նաև թեմատիկ զեկույցներ»։ 

Շրջանառել դեռ չի նշանակում, որ գլխավոր ասամբլեայում կամ անվտանգության  խորհրդում կլինեն քննարկումներ կամ քվեարկություն, բայց զեկույցն, ըստ Սիրանուշ Սահակյանի, կարեւոր քայլ է տեղեկատվական տեսանկյունից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պատվիրակները  կարող են ուսումնասիրել ու  ծանոթանալ հանգամանորեն խնդրին։

Back to top button