ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթը․ արհեստները կհանրահռչակվեն

Գյումրիում մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթը, որի նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը նպաստելն է, հանրային  գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքը վերականգնելն ու հեղինակությունը բարձրացնելը։  Մրցույթի արդյունքում կորոշվեն Հայաստանի լավագույն վարպետները՝ 12 ուղղություններով, որոնք կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակին և դրամական պարգևի՝ 3 մլն դրամի չափով։

Վարպետների մրցույթ՝ Վարպետաց քաղաքում,  մեկնարկը Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տնից։ Նպատակը՝  վերականգնել  վարպետների հեղինակությունը, և երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել արհեստագործական մասնագիտությունների նկատմամբ, որոնցից շատերն անհետացման ճանապարհին են։ Մրցույթը նախաձեռնել են «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF)  և «Ապրելու երկիր» հիմնադրամները։ Գործարար Ռուբեն Վարդանյան․

«Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ուժեղ հասարակություն, ուժեղ ազգ,  կարծում եմ՝ պետք է առնվազն չորս ուղղությունների և մասնագիտությունների նկատմամբ հարգանք ունենանք: Առաջինը՝ ուսուցիչն է, երկրորդը՝ բժիշկը, երրորդը՝ զինվորն ու սպան, չորրորդը՝ վարպետը: Ոչ թե պետությունն է այդ կոչումը նրան շնորհում, այլ ժողովուրդն է որոշում»:

Մրցույթի  համար գործարկվել է  հատուկ ՝ www.varpetarmenia.am  կայքը: Մասնագիտական 12 ուղղությունները կորոշվեն կայքի միջոցով՝ շուրջ մեկ ամիս տևող առցանց  քվեարկությունից հետո: Մրցույթին  կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր այն վարպետները, որոնք ապրում են Հայաստանում  և Արցախում։ Առաջին փուլում նրանք պետք է առաջադրել իրենց թեկնածությունները՝ լրացնելով կենսագրական թերթիկ և ներկայացնելով իրենց գործունեության մասին  տեսաուղերձ: Բացի դրանից՝ Հայաստանի ողջ տարածքով կշրջեն աշխատանքային խմբեր, որոնք նույնպես կփնտրեն վարպետների և կգրանցեն կայքում:

Արհեստագործական մասնագիտությունները չեն համարվում առաջնային։ Գյումրիում  ուզում են բարձրացնել արհեստագործական մասնագիտությունների հեղինակությունը հատկապես երիտասարդների շրջանում, ինչը  հնարավորություն կտա պահպանել եղած ավանդույթները։ Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Անժելա Կարապետյան․

«Միջնակարգ կրթությամբ և հիմնական կրթությամբ 169 դիմորդ ենք ունեցել։ Մեր ուսումնական հաստատությունում ուսանողների թիվը 311 է, որը, ըստ իս, շատ լավ ցուցանիշ է , հաշվի առնելով Շիրակում արտագաղթը»։

Մրցույթի երկրորդ փուլ կանցնեն այն 24  վարպետները, որոնց հայտերը ամենաբարձր գնահատականին կարժանանան ընտրող հանձնաժողովի կողմից: Նրանցից 12 լավագույնները կընտրվեն հեռուստատեսային շոուի ընթացքում, որը պատրաստվելու և հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի և դրամական պարգևի՝ 3 մլն դրամի։

Ռաֆիկ Սարիբեկյանը խաչքարագործ է։ 50 տարուց ավելի զբաղվում է այս գործով։ Նրա աշխատանքները տեղադրվել են ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և Իսպանիայում։ Պատրաստվում է մասնակցել մրցույթին։ Ասում է՝ իր արհեստով հետաքրքրվող դպրոցականներ շատ կան․

«Աշակերտներ կան, բայց տարածք չկա։ Այդ աշակերտը կուզե ինքն էլ գործ ընե, բայց տեղ չկա, որ ընե։  Ցավը հենց դա է։  Սրա մեջ նրանց գրավում է հայկական առնամենտները, թե դու ոնց ես խաչը դուրս հանում, դե իրենք փոքր են, չեն պատկերացնում»։

Արսեն Մնացականյանը երկու տարուց ավելի Հայաստանում գործող  «Վարպետ» հարթակի տնօրենն է։ Հարթակը ներառում է տարբեր ոլորտների ավելի քան 600 ծառայություն: Հավելվածում արդեն գրանցվել են 2000–ից ավելի մասնագետ–վարպետներ։ Հարթակը երկու հարց է լուծում՝ պատվիրատուն վարպետ է գտնում, մասնագետն էլ առանց աշխատանքի չի մնում: Իսկ գաղափարը ծնվել է, երբ հեղինակն անձամբ նմանատիպ խնդրի է բախվել․

«Խողովակի վերանորոգման կարիք կար, ու մասնագետ գտնելու ժամանակ մեծ խնդիրների բախվեցինք։ Տարբեր կայքերի հայտարարւթյուններով փորձում էինք կապվել մասնագետների հետ։ Պարզվեց, որ նույն մարդը տարբեր հեռախոսահամարներով, տարբեր տեղերում  հայտարարություն էր տվել ու ինքն էր պատասխանում։ Վերջում պարզվեց, որ աշխատանքը կատարող մասնագետը գումարի 20 –30 տոկոսն է ստանում, որը մեզ համար անընդունելի էր»։

Այժմ մասնագետները կատարված աշխատանքի գումարից հարթակին 10 տոկոս են վճարում։ Այդպիսով՝ կարողանում են ավելի շատ գումար աշխատել։ Այս պահին Varpet.com հավելվածը միայն Երևանում է գործում, մինչև տարեվերջ նախատեսում են բոլոր մարզերում ներկայացված լինել։ Ըստ այդմ՝ մարզի մասնագետը ևս կարող է գրանցվել, մարզում պատվեր ընդունել և կատարել։ Նախագիծն այս հարթակին հենց այդ առումով է հետաքրքրել։ Հույս ունեն մասնագետներ գտնել մարզային համայնքներից։

Մրցույթը լինելու է ամենամյա: Նախատեսվում է, որ ամեն տարվա մայիսին Գյումրիի Բարեկամության զբոսայգում կանցկացվի վարպետների փառատոն, որին կմասնակցեն ինչպես հաղթած վարպետները, այնպես էլ մրցույթի նախորդ փուլերի մասնակիցները:

Back to top button