ԿարևորՀասարակություն

Հայ գիտնականները նոր բացառիկ մանրէ են գտել․ Քարվաճառի անունով մանրէն դժվար է եղել գրանցել միջազգային գիտական բազայում

Մոտ 11 տարվա գիտական հետազոտությունները տվել են իրենց արդյունքը։ Մայր բուհիկենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում  առանձնացրել են նոր մանրէ, որը բերվել է Քարվաճառի երկրաջերմային տաք աղբյուրներից։ Դրա բացառիկությունն ապացուցված է, մանրէն  անցել է  փորձաքննության բոլոր փուլերը, մտել գիտության համար նոր տեսակների շարք։ Ամեն օր չէ, որ մանրէների տեսակ են հայտնաբերում ու վավերացնում այն տեղանունով՝ արձանագրում են մասնագետները։ «Anoxybacillus karvacharensis».–ը միջազգային հարթակներում դիմադրության է արժանացել  այդ անունով գրանցելիս, բայց հարցը լուծվել է  հայկական կողմի հաղթանակով։

«Anoxybacillus karvacharensis»՝ գիտական աշխարհին այս պահին դեռ ոչ այնքան հայտնի մանրէն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա է հասել Քարվաճառի տաք աղբյուրներից։ Արդեն մոտ 10 տարի ամբիոնի գիտնականներն ուսումնասիրում են թերմոֆիլ մանրէները։ Ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Արմինե Մարգարյանը պատմում է.

«Մանրէն հայտնի տեսակներից տարբերվում է, դրա համար այն ներկայացրինք որպես նոր տեսակ, ու այն ընդունվեց միջազգային ամենահայտնի բակտերիաների սիստեմատիկայի կարգաբանության համար, կարևորագույն ամսագրում տպագրվեց, ինչը մեզ համար մեծ հաջողություն էր։ Մանրէն, ունենալով հայկական անվանում՝ «karvacharensis», մեզ համար մեծ հաջողություն էր:  «Anoxybacillus karvacharensis»-ը առանձնացրել ենք 2011 թվականին և մինչ օրս ուսումնասիրելով ենք տեսել, որ նոր տեսակ է»։

Քարվաճառի տաք աղբյուրներում ջերմությունը 70 աստիճան C է, հենց այստեղից առանձնացրած-վերցրած մանրէում են հետաքրքիր առանձնահատկություն նկատել։ Ինչպես են անջատել մանրէն՝ տաք աղբյուրներից վերցվում են տիղմային ու ջրային նմուշներ, ջուրը ֆիլտրում են, առանձնացնում մանրէն ու իրականացնում դրա հետագա աճեցումը։ Մասնագետները նախ այս մանրէի նոր տեսակի գենոմն են ուսումնասիրել, ապա համեմատել առկա տեսակների հետ ու պարզել, որ այն հայտնի տեսակներից տարբերվում է, բոլորովին նոր տեսակ է։ Հայտնաբերված մանրէն անվանել են ըստ դրա գտնելու վայրի՝ Anoxybacillus karvacharensis։ Այս մանրէն հնարավոր է կիրառել արտադրության մի քանի ոլորտներում ՝ բացատրում է գիտնականը․

«Մանրէն բավականին լավ ամիլազ ֆերմենտի պրոդուցենտ է, իսկ ամիլազներն օգտագործվում են գարեջրի արտադրության մեջ։ Դրանք այն ֆերմենտներն են, որոնք մասնակցում են օսլայի ճեղքմանը, ուստի հատկապես գարեջրի արտադրության համար են կարևոր։ Գարեջրի արտադրության մեջ արտադրողներին առաջարկում ենք օգտագործել մեր հայկական, Արցախի Հանրապետությունից մեկուսացված մանրէն, դեղագործության մեջ նույնպես կարող է սա իր ուրույն տեղը գտնել»։

Հայ գիտնականների հայտնաբերած-առանձնացրած մանրէն հեշտ չի եղել Քարվաճառի անունով կոչելը՝ պատմում է ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի ղեկավար Հովիկ Փանոսյանը․

«Մեր հոդվածում հստակ նշել ենք, որտեղ ենք մանրէն անջատել՝ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան, Քարվաճառի երկրաջերմային աղբյուր։ Բոլորը հոդվածում նշված է, ընդունված, միջազգայնորեն վավերացված։ Մենք այս մանրէին տվեցինք հայկական անվանում՝ «Anoxybacillus karvacharensis»։  Մանրէաբանության մեջ ես չեմ հանդիպել մեկ այլ  տարբերակ, որտեղ հայկական տեղանունով մանրէն մտել է միջազգային գիտական հանրույթին հասանելի տեղեկատվական բազա։ Թշնամին երևի արդեն ջղաձգվում է, բայց, ինչպես ասում են, դա իրենց խնդիրն է։ Առաջարկ եղավ ուղղակի անվանումը փոփոխել, սակայն մենք  պնդեցինք, որ այդ մանրէն մեկուսացվել է  այն տարածքից, որը եղել է Արցախի Հանրապետություն»։

ԵՊՀ կենսաբանության լաբորատորիայում մանրէն աչքի լույսի պես են պահում։ Այն Արցախից նաև Գերմանիա ու Հարավային Կորեա են «գործուղել»՝ այս երկրների մանրէների «բանկեր»։ Փորձաքննական աշխատանքների մոտ 80 տոկոսն ավարտվել է, հերթը գիտական նորարարությունը արտադրության մեջ ներդնելու ժամանակն է։ Հայ մասնագետները վստահեցնում են՝ շուտով․ այդ ուղին ավելի կարճ կլինի։

Back to top button