ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն` Մեքսիկայի Սենատի լիագումար նիստում

Ապրիլի 26-ին Մեքսիկայի Սենատի լիագումար նիստի ընթացքում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, հայտնում են Մեքսիկայում ՀՀ դեսպանությունից:

Սենատոր Ալեխանդրա Լեոնը հանդես է եկել ելույթով, որում նշել է Օսմանյան կայսրությունում իրագործված հայ բնակչության կոտորածների մասին՝ հորդորելով մեքսիկական Սենատին ու կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սենատի նախագահ Օլգա Սանչեսի հրավերով ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նիստից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի դեսպան Արմելլա Շաքարյանը շեշտել է, որ անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կրկնության կանխարգելման համար։

Դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։ 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, որն ուղեկցվում էր հանցագործություններով և էթնիկ զտումներով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։

Back to top button