ԿարևորՔաղաքական

Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ մոսկովյան հայտարարության կարեւոր արձանագրումը

Հայ–ռուսական 30-ամյա դաշնակցային փոխգործակցության  ընթացքում ավելի քան 200 պայմանագիր ու համաձայնագիր է ստորագրվել։ Վերջինը 10 օր առաջ ընդունված համատեղ հայտարարությունն էր։ Հայ փորձագետները 30 կետանոց փաստաթղթից մի քանի դրույթ են առանձնացնում։ Շեշտում են հատկապես 24–րդ կետը, որում ոչ միայն Լեռնային Ղարաբաղ անվանումն է ամրագրվում, այլև նշվում  է, որ Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ։

Վլադիմիր Պուտինի և  Նիկոլ Փաշինյանի մոսկովյան վերջին հանդիպումից հետո ընդունված հայտարարությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով: Հայտարարությունում ամրագրված 30 կետերից  «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն առանձնացնում է 24–րդը, որը, ըստ էության, ոչ միայն շեշտադրում է Լեռնային Ղարաբաղ անվանումը, այլեւ հստակեցնում, որ ԼՂ հիմնախնդիրը կարգավորված չէ։ Սա, թերևս, պատասխան է նաև Ադրբեջանի նախագահ Ալիեւին, որը միջազգային հանրությանը փորձում է մոլորության մեջ գցել՝ ասելով, թե իբր չկա ղարաբաղյան խնդիր և հակամարտությունն արդեն կարգավորված է։

«Ադրբեջանը պատերազմից հետո փորձում է պնդել, թե չկա հակամարտություն, չկա Լեռնային Ղարաբաղ եզրույթը, որովհետեւ Ադրբեջանն իբր վերացրել է այդ վարչատարածքային միավորը։ Նրանց այդ հայտարարությունները որեւէ հիմք չունեն  եւ արտահայտում են ադրբեջանական կողմի ցանկությունները»։

30 կետից բաղկացած ծավալուն հայտարարության մեջ Փաշինյանն ու Պուտինը կարևորել են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ակտիվացման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերին:Սա համատեղ հայտարարության 25–րդ կետն է։

«ՌԴ-ն պետք է ներգրավվի երկաթուղու կառուցմանը Հայաստանի հարավում, մասնավորապես՝ Սյունիքի հարավով 45 կմ  հատվածում։  Այն պետք է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը միացնի, այսպես ասած, Արցախի օկուպացված շրջանների հետ, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ պետք է հաղորդակցությունների բացում տեղի ունենա։ Կարեւոր է այստեղ Ռուսաստանի ներգրավումը, քանի որ Հարավկովկասյանի երկաթուղիներն այստեղ  ռուսական երկաթուղիների մաս են կազմում։ Բավական դրական առաջընթաց եմ համարում հայտարարության այս կետերը»։

Փորձագետ Ջոնի Մելիքյանը եւս դրական է գնահատում մոսկովյան այցն ու համատեղ  հայտարարությունը։ Կարծում է՝ այն հնարավորություն է անվտանգային հարցերը լուծելու և ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը հայտարարությունը հավասարակշռված է համարում։

«Հավասարակշռված գնահատականս պայմանավորված է առկա  աշխարհաքաղաքական միջավայրով  եւ ուկրաինական թատերաբեմում ծավալվող իրադարձություններով։ Այս պայմաններում ստանալ փաստաթուղթը, որում, մի կողմից, արտացոլվում են  ուղենիշներն ու նշանային թիրախային ուղղությունները, որոնք Ռուսաստանի համար են կարեւոր՝ անվտանգային տեսանկյունից, մյուս կողմից ՝ Հայաստանի համար կարեւոր ձեւակերպումներ են։ Եվ այս համատեքստում խուսափել այնպիսի ձեւակերպումներից, որոնք կասոցացվեն ուկրաինական պատերազմում դիրքավորման հետ։ Այս տեսանկյունից է, որ ասում եմ , որ հավասարակշռված փաստաթուղթ է»։

Փորձագետ Արտակ Խաչատրյանը  կարեւորում է հայ–ռուսական համատեղ հայտարարությունը՝ շեշտելով դրա իրականացման կարևորությունը։

«Չփորձել ինտեգրվել կողմերից որեւէ մեկին, այլ  փորձել կողմերի հետաքրքրություններն ու հայկական  շահերի սուր անկյունները հարթեցնել ու ավելի մերձեցնել։ Պատահական չէ, որ բրյուսելյան այցից հետո տեղի ունեցավ մոսկովյան այցը։ Երկու դեպքում էլ շեշտը դրվել էր անվտանգային խնդիրների վրա»։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 3-ին: Երկու պետությունների միջև առկա են սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնց բնորոշ է բարձր մակարդակներով երկկողմ փոխայցերի և հանդիպումների ինտենսիվությունը: 1992 թվականից ի վեր երկրների միջեւ կնքվել են ավելի քան 250 համաձայնագրեր, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը:

Back to top button