Գերդաստաններ

«Լալվարի Որս»-ի հեղինակն ու աշխարհահռչակ տենորը․ Միրաքյաններ․ «Գերդաստաններ»

1960-ական թվականներին Միլանի Լա Սկալա թատրոնում և Պարմայում երաժշտասեր հասարակությունը հիացմունքով էր լսում հայ աշխարհահռչակ տենորին՝ Վահան Միրաքյանին։ Նրա գեղեցիկ ձայնն ազատորեն հնչում էր ամենահայտնի դերերգերում՝ թե’ լիրիկական, թե’ դրամատիկական ժանրերում։

Նրա մասին գրում էին Իտալիայի հեղինակավոր թերթերն ու ամսագրերը։ Գրում, որ հայ երգիչն այնքան պարզ է երգում իտալերեն, որ հասկանալի է խոսքը երգի մեջ։ Հետո նրան ծափահարեցին աշխարհի հայտնի այլ բեմերում՝ Արենա դի Վերոնա, Ռոյալ Օպերա, Քովենթ Գարդեն, Վիեննա սթեյթ օպերաներում, Մոսկվայի Մեծ թատրոնում։

1936 թվականի այս օրը զինվորական ընտանիքում ծնվեց նրանց առաջնեկը, որը պիտի դառնար մի փառահեղ տենոր՝ Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահան Միրաքյանը, որը պիտի կանգներ աշխարհի հզոր երգիչների կողքին ու ներկայացներ Հայաստանը։ 1981 թվականից Վահան Միրաքյանն ապրում և աշխատում էր Վիեննայում, իսկ երկու տարի անց Մոնսերատ Կաբալյեի հետ նա հանդես եկավ Բելլինիի «Նորմա» օպերայում՝ Պոլիոնի դերերգով։

Հանրահայտ տենորն իր 75-ամյա հոբելյանը նշեց հայրենիքում։ Կազմակերպչական հարցերով զբաղվում էր որդու՝ Արմենի կինը՝ դերասանուհի Մարինե Մխիթարյանը։

Արմեն Միրաքյանը կնոջ՝ Մարինե Մխիթարյանի և դստեր հետ

Խորհրդային ժամանակներն էին, խոչընդոտներ եղան․ մինչև անգամ մոր մահվան լուրը լսելով՝ չէր կարողացել գալ։ Այս ամենը լավ է հիշում Մարինեն։ Վահան Միրաքյանը Հայաստան այցելեց նաև թոռնիկի մկրտությանը, որին այնքան սիրում էր, իսկ թոռնիկը լարված և ուշադիր լսում էր նրան մինչև վերջ և’ երգելիս, և’ զրուցելիս։

Վահան և Արմեն Միրաքյանները

Վահան Միրաքյանը թեպետ ապրում էր դրսում, բայց մշտական կապի մեջ էր որդու՝ Արմեն Միրաքյանի հետ, որը հետագայում հանդես եկավ ընդարձակ երգացանկով, դարձավ Կոմիտասի անվան մրցույթի դափնեկիր, ինչպես նաև իտալական ռոմանսի Բելկանտո մրցույթի հաղթող։ 2000 թվականին Սայաթ -Նովա համահայկական մրցույթում արժանացավ գլխավոր մրցանակի։
Դաշնակահարուհի Վարդուհի Մինասյանը մտերիմ էր այս ընտանիքի հետ, նվագակցել է Արմեն Միրաքյանին։

2002 թվականին հանրահռչակ երգիչը Հայաստանում համերգ ունեցավ որդու՝ օպերայի մեներգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ։ 2004 թվականին նա նորից Հայաստանում էր, այս անգամ արդեն ստեղծագործական գործունեության 45-ամյակը նշելու համար։ Համերգն անցավ բուռն ու ջերմ մթնոլորտում։

Երգիչ Վահան Միրաքյանը պապիկի՝ գրող Վահան Միրքայանի հետ

Մերին մինչև այսօր չի մոռանում իր հուզմունքը, երբ երգում էր պապիկը, հիշում է նաև հոր հոգատարությունը և հուզվում, թե որքան ծրագրեր ունեին, որ դեռ միասին պիտի երգեին։ Նա հպարտությամբ է բացում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դուռը, ուր սովորել են նաև պապիկն ու հայրը։

«Ուզում եմ ապրել այնքան, որքան կարող եմ երգել», – ասում էր աշխարհահռչակ տենորը։

Ցուցադրել ավելի
Back to top button