ԿարևորՔաղաքական

Երեւանի ու Բաքվի միջեւ շփման ինչ հարթակներ են ձեւավորվել մինչ օրս ու ինչ արձանագրել

Եթե մինչև 44–օրյա պատերազմը տարածաշրջանին խաղաղություն բերելու նպատակով աշխատում էր միայն մեկ ձևաչափ՝ ԵԱՀԿ ՄԽ խումբը, ապա պատերազմից հետո գործարկվեց միանգամից մի քանի հարթակ, որոնք տարբեր ուղղություններով փորձում են  կարգավորել հայ–ադրբեջանական և հայ–թուրքական խնդիները։ Որոշ ուղղություններով աշխատանքը թվում էր՝ առաջ է շարժվում։ Անգամ ուղիղ հեռախոսակապ սկսեց գործել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև․ արտգործնախարարներն արդեն երկու հեռախոսազրույց ունեցել են, առաջինը՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։  

Եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները ողջունում են այդ շփումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա Հայաստանի վերլուծական դաշտում փորձում են վերլուծել և հասկանալ՝ ինչո՞ւ է շտապում Ադրբեջանը, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այդ դեպքում Հայաստանը։  

Պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի շփման համար ստեղծվեցին մի շարք հարթակներ՝ նախ հանձնաժողովների տեսքով։ Առանձին խմբեր ստեղծվեցին ապաշրջափակման, ապա նաեւ սահմանազատման հարցերով զբաղվելու համար։ Եթե այս հանձնաժողովները եռակողմ էին՝ Երեւան-Մոսկվա-Բաքու ձեւաչափով, ապա ընթացքում գործարկվեցին նաեւ շփման երկկողմ ձեւաչափեր․Երեւանն ու Բաքուն պայմանավորվեցին նաեւ նախարարների հեռախոսազրույցներով հարցեր քննարկել։

Մնացել է 3-4 օր․ մինչև ապրիլի վերջ պետք է ձևավորվի սահմանազատման և սահմանային անվտանգության  երկմանդատանի հանձնաժողովը։ Երևանն ու Բաքուն քննարկել ու արդեն համաձայնեցրել են հանձնաժողովի  կառուցվածքը, բայց որևէ մանրամասն այս մասին դեռ չի ներկայացվում։ Պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ հեռախոսակապով։ Միրզոյանն ու Բայրամովը վերջին շրջանում արդեն երկու այդպիսի զրույց են ունեցել, անգամ պայմանավորվել են հանդիպել։ Ե՞րբ է կայանալու հանդիպումը՝ պաշտոնապես չի հաղորդվում։
Արտգործնախարարներին է նաև հանձնարարված սկսել աշխատանքները «խաղաղության պայմանագրի» շուրջ։

Պատերազմից հետո Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան փոխվարչապետերի մակարդակով առաջինը ձեւավորվեց ապաշրջափակման հանձնաժողովը։ Սա կարծես սկսել էր  ակտիվորեն գործել, բայց դրա աշխատանքը դանդաղել է վերջին շրջանում։ Այս փուլում ցանկացած հապաղում նյարդայնացնելու է Ալիևին։ Պատճառներից խոսում է արևելագետ Տարոն Հովհաննիսյանը․   

«Դիտարկելով Ադրբեջանի քաղաքականությունը՝ հասկանում եմ մի բան՝  Ադրբեջանն այս պահին ունի ցանկություն հնարավորինս արագ պարտադրել իրեն ցանկալի, ընդ որում՝ բոլոր առումներով և ոչ 98–99, այլ 100%-ով իրեն ձեռնտու «լուծում», քանի դեռ Հայաստանն ու Արցախը թույլ են, իսկ համանախագահ երկրները զբաղված են այլ խնդիրներով ու իրար հետ բարդ են լեզու գտնում»։

Ադրբեջանից հայտարարում են, թե պատրաստ են Երևանի հետ սահմանի դելիմիտացիա սկսել՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն է ասել և շեշտել, թե առաջնահերթություն է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, և թե «սա կծառայի Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերին»։ Նախօրեին, սակայն, Ալիևը Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը բողոքել  էր հայերից՝ խոսելով տրանսպորտային հաղորդակցության գծերի բացումից, պնդել, թե  հայկական կողմը չի արձագանքում ապաշրջափակման առաջարկներին, թեեւ հայկական կողմը դեռ շաբաթներ առաջ էր հստակ ձեւակերպել իր մոտեցումը՝ նոր երկկողմ պայմանագիր է պետք՝ ամրագրելու բոլոր դրույթները։

Ընթացքում Երեւանն ու Բաքուն նաեւ երկկողմ շփման անցան։ Արտգործնախարարների միջեւ հեռախոսակապը երկկողմ շփման առումով միակը չէ։  Այդպիսի առաջին պայմանավորվածությունը նախ պաշտպանության նախարարների մասով էր։ Զրույցների մասին տեղեկությունը կա, մանրամասներ՝ ոչ։

Երեւանի եւ Բաքվի շփվելու մեկ այլ հարթակ էլ այս ընթացքում գործարկվեց՝ «3+3» տարածաշրջանային ձևաչափը։ Իհարկե, սա, ձեւակերպվեց որպես տարածաշրջանը կայունացնելու քայլ, բայց ամեն դեպքում եւս մեկ տարբերակ է, որտեղ  հայերն ու ադրբեջանցիները կարող են լսել իրար կամ ընդհակառակը՝ բանավիճել։ Պաշտոնական Մոսկվան արդեն հայտարարել է՝ նախապատրաստում է այդ հարթակի երկրորդ հանդիպումը։ 3+3-ին միանալուց առաջ Հայաստանը փորձեց նախանշել «կարմիր գծերը»՝ շեշտելով, որ այստեղ չեն կարող քննարկվել այնպիսի հարցեր, որոնք այլ հարթակներում արդեն քննարկվում են։ Խոսքը վերաբերում էր Արցախի խնդրին, որով զբաղվող միակ մանդատը ԵԱՀԿ ՄԽ-ն է։ Թեև Ադրբեջանը ջանում է աշխարհին համոզել, թե այլևս գոյություն չունեն ոչ ԼՂ հակամարտություն, ոչ էլ ՄԽ, բայց միջազգային հանրությունը տարբեր փաստաթղթերում և հայտարարություններում շարունակում է ընդգծել՝ հակամարտությունը կա, ԵԱՀԿ ՄԽ-ն եւս՝ իր կարգավորման մանդատով։

Որքան էլ ներկա պահին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատում են 2 հանձնաժողովները եւ բանակցային այլ հարթակները, բայց ինչ-որ փաստաթղթի հասնելու հավանականություն արևելագետ Տարոն Հովհաննիսյանը դեռ չի տեսնում․

«Հեշտ լուծումներ չեն լինելու, չկա նման մի տարբերակ, որ վաղը մենք ինչ–որ փաստաթուղթ ենք ստորագրելու ու դրանով հակամարտությունը լուծվելու է։ Չի կարող լինել, եթե չկա կանխատրամադրվածություն կոնֆլիկտի բոլոր կողմերից։ Այս դեպքում Ադրբեջանի կողմից չկա ոչ միայն կանխատրամադրվածություն, այլ նաև ընդհակառակը՝ կա տրամադրվածություն անընդհատ ագրեսիվ գործողությունների դիմելու։ Հետևաբար, հետպատերազմյան և դեռևս «տաք» իրավիճակում թեկուզ 10%-ով Հայաստանին ու Արցախին ձեռնտու փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը 10%–ից էլ ցածր է»։

Մինչ Հայաստանը բանակցում է Արցախի խնդրով, Արցախն իր հերթին հստակեցրեց իր «կարմիր գծերը»՝ ասում է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Այստեղ նաեւ հավատում են՝ առանց իրենց իմացության եւ համաձայնության՝ Երեւանն Արցախի հարցում որոշում չի կայացնի։

« Այս իրավիճակում պետք է ճիշտ վարվենք, աշխարհաքաղաքական զարգացումները դիտարկենք բացառապես մեր ազգային շահերի ներքո։ Մեզ համար «կարմիր գիծ» է այն, որ մենք երբեք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում։ Չի լինի Արցախ՝ չի լինի հայոց պետականություն։ Սա պարզ է, ճշմարտություն է։ Արցախը նաև կարևոր աշխարհաքաղաքական միավոր է, անփոխարինելի, և սա շատ լավ պատկերացնում են թշնամիները ևս։ Կա Արցախ՝ մի իրավիճակ է, չկա Արցախ՝ լրիվ այլ իրավիճակ է։ Այսինքն՝ ողջ այս տարածաշրջանի քաղաքական լանդշաֆտը մեկ վայրկյանում փոխվելու է։ Հետևաբար, պետք է այս ամենը ճիշտ պատկերացնենք, մեր տեղն ու դերը լավ հասկանանք և ըստ այդմ՝ նաև մեր հնարավորությունները»։

Հայաստանում վերլուծաբանները կանխատեսում են՝ ԵԱՀԿ ՄԽ–ում դեռերկար ժամանակ չենք տեսնի համատեղ կայուն աշխատանք։ Լինելու են առաջարկներ, որոնք կարող են ինչպես համընկնել, այնպես էլ հակադրվել, բայց այդ աշխատանքը Հայաստանին կարող է տալ լրացուցիչ ժամանակ՝ ասում է արևելագետ Տարոն հովհաննիսյնաը․

«Բայց այդ ժամանակը մենք պարտադիր պետք է օգտագործենք մեր խնդիրները լուծելու համար, հակառակ դեպքում դա կլինի մեզ տրված հավելյալ ժամանակի անիմաստ վատնում։ Եթե ճիշտ վարվենք, ապա այս անգամ հակասությունը ու «հիբրիդային» աշխատանքը կարող են մեր օգտին լինել՝ ժամանակային առումով եղած խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելու, ուշքի գալու ու ավելի ամուր դիրքերից բանակցելու համար։ Եթե ոչ, ապա դա կարող է ունենալ շատ լուրջ բացասական ազդեցություն մեզ համար։ Այստեղ շատ բան արդեն կախված է արդեն հենց մեր վարած ռեալ քաղաքականությունից՝ արտաքին քաղաքականություն, տնտեսական և ռազմական»։

Այս ամենի կողքին բանակցային մի շարք այլ հարթակներում փորձում են կարգի բերել նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, որոնք ամեն դեպքում սերտորեն կապվում են   ղարաբաղյան հակամարտության հետ ու անմիջականորեն շոշափում Բաքվի շահերը։

Արեւմտյան հարթակներն էլ են վերջին շրջանում ակտիվացել։ Վերլուծաբանների համար ակնհայտ է, որ նախնական փուլում ԵՄ հումանիտար միջնորդությունը աստիճանաբար հավակնում է դառնալ քաղաքական միջնորդություն։ Դա է պատճառը, որ քաղաքագիտական շրջանակներում պնդում են՝ աշխարհաքաղաքական ձևափոխումների փուլում Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր անկյունաքարը պետք է լինի ավասարակշռված քաղաքականությունը: 

Back to top button