ԿարևորՀասարակություն

Դեբեդից երեխային դուրս բերած քաղաքացին պարգևատրվել է

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունից առաջ պարգևատրել է Դեբեդ գետից երեխային փրկած քաղաքացուն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանին։

«Շատ խորհրդանշական եմ համարում հենց այս արարողության ժամանակ պարգևատրել ու շնորհակալություն հայտնել Ժիրայր Պողոսյանին: Այստեղ են ՃԿՊԱ ուսանողները, ովքեր ավարտում են Ակադեմիան և հնարավոր է ընտրեն փրկարարի մասնագիտությունը: Սա վառ օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի փրկարարը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա ցուցաբերել նման վարքագիծ»,- նշել է նախարարը:

Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառում, որ գուցե ապագայում որոշում կայացնի համալրել փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:

«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի՝ նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին, թե ինչպես եմ մեքենա վարել՝ չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան»:

Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ երեխան այս պահին գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. կա դրական դինամիկա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով` ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար Ժիրայր Պողոսյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, արժանացել՝ դրամական պարգևի:

Back to top button