ԿարևորՀասարակություն

Գետում նշմարվողը տիկնիկ չէր․ երկամյա աղջկան գետից դուրս բերած 32-ամյա Ժիրայրը մանրամասներ է պատմել

Ապրիլի 25-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Ալավերդի քաղաքում 2 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը: Երեխայի մայրը ոստիկաններին հայտնել էր, թե հսկողությունից դուրս մնալու պատճառով է երեխան գետն ընկել: Ավելի ուշ մայրը բերման է ենթարկվել սպանության փորձի կասկածանքով և ցուցմունք տվել, որ կյանքից զրկելու նպատակով իր մանկահասակ դստերը 3-4 մետրից գցել է Դեբեդ գետը:  

Ապրիլի 25-ն Ալավերդու Դեբեդ թաղամասի բնակիչների համար անսովոր արտակարգ էր: Ժամը 17-ի սահմաններում թաղամասում լուր էր պտտվում՝ Դեբեդ գետը երեխա է ընկել: Թաղամասում ապրողներն ահազանգել են փրկարար ծառայություն: Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին հերթափոխի պետ Հարություն Պետրոսյանի խոսքով՝ ահազանգը ստանալուն պես՝շտապել են դեպքի վայր: Գրեթե 1 ժամ տևած որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավել են  շուրջ 30 փրկարարներ։

Հարություն Պետրոսյան` Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1-ին հերթափոխի պետ.

«Քաղաքացին ասել է, որ երեխա է ընկել գետը, անմիջապես դուրս ենք եկել Դեբեդ թաղամասի սկզբնամաս, երեխան չի երևացել: Մայրը հայտնեց, որ երեխան ընկել է գետը, գետը երեխային քշել է»:

Դեբեդ թաղամասի 32-ամյա բնակիչ Ժիրայր Պողոսյանը թաղամասի տղաներից տեղեկանալով միջադեպի մասին՝ անմիջապես նետվում է օգնության: Ծանոթ լինելով տեղանքին ու կողմնորոշվելով՝ ուր կարող էր ջուրը քշել երեխային, շտապում է Ալավերդու մաքրման կայանի ափամերձ հատված: Այստեղ տիկնիկի նմանվող մարմին է նշմարում ջրի երեսին: Ջրից Ժիրայրը դուրս է բերում 2 տարեկան աղջիկ երեխայի՝ անգիտակից վիճակում ու անմիջապես տեղափոխում Ալավերդու բուժկենտրոն: Ալավերդու բնակիչ Ժիրայր Պողոսյանը «Ռադիոլուրին» պատմում է՝

«Երեխային որ գտել եմ, անգիտակից վիճակում էր, ոչ շնչում էր, ոչ շարժվում: Գլխի վրա պահել եմ, քթերից ոնց որ օդ դուրս գար, ոչ միշարժում չկար:Բերանը բացել եմ, նորից գլխի վրա կախել, ձեռքեր-ոտքերը շարժել, որ երեխան սկսեց ձեն հանել, ջուր թափվեց բերանից, շնչեց, մեքենա եմ դրել ու հասցրել հիվանդանոց»:

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ երեխային ընդունել են ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն: Այնտեղ վիճակը կայունացրել են, ապա տեղափոխել Երևան:

Ստեփան Մոսինյան` Ալավերդու ԲԿ տնօրեն.

«Կապ է հաստատվել Մուրացանի գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հետ, համատեղ օգնություն ցուցաբերվել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երեխային տեղափոխենք Վանաձոր, իրենք էլ Երևանից գան: Երեխան կամաց- կամաց վերականգնվումէր, անգամ տատիկի անունն էր տալիս, այնուհետև համակարգչային տոմոգրաֆիա պիտի անցներ ու տեղափոխեին Երևան:  

Մայրաքաղաքի գործընկերների հետ կապի մեջ ենք, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը լավին է գնում»:

Ոստիկանության պարզաբանմամբ՝ երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, թե հսկողությունից դուրս մնալու պատճառով է երեխան Ալավերդու երկաթուղային կամրջի հարևանությամբ ձգվող գազատար խողովակի վրա նստած դիրքից ընկել Դեբեդը: Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, պարզվել են ուշագրավ հանգամանքներ:

Հարուցվել է քրեական գործ հենց երեխայի մոր դեմ՝ սպանության փորձի համար։ Երեխայի 30-ամյա մայրը հաղորդում է տվել, որ կյանքից զրկելու նպատակով ինքը միտումնավոր է 2020-ին ծնված իր դստերը  3-4 մետրից գցել գետը։ Կինը ձերբակալվել է: Տարվում է նախաքննություն:

Երկամյա աղջկան գետից դուրս բերած 32-ամյա Ժիրայրն այլ մանրամասներ էլ է պատմել. «Երեխայի ընտանիքին չեմ ճանաչում, գիտեմ, որ Երևանում են ապրել: Մոր դեմքին նայելով, իրա պահվածքից , կարամ համոզված ասեմ, որ ինքը կարար գցեր: Եթե իրա մորից երեխային վերցնեն, պատրաստ եմ այդ երեխային պահել:

Փոքրիկն այժմ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Նրա մոտ առկա են սալջարդեր: Վիճակը ծանր է։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

Back to top button