ԿարևորՔաղաքական

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:

Վարչապետը, ողջունելով պարոն Կոլոմինայի այցը, նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն բավական լարված է, և Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտ համարելով միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին:

Խավիեր Կոլոմինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ՆԱՏՕ-ի համար ևս Հայաստանը կարևոր գործընկեր է, և ՀՀ վարչապետին փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ողջույնները: Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բարձր է գնահատում հայ խաղաղապահների գործունեությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը, և իր այցն առիթ է գործընկերության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները քննարկելու համար: Պարոն Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակել այդ գործընթացին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային  անվտանգության հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին:

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ևս մեկ անգամ շեշտել միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:

Back to top button