Երաժշտական եռանկյունի

Սոֆյա Սայադյան՝ կատարողական արվեստի ուղին․ «Երաժշտական եռանկյունի»

Ինչպե՞ս է հասատատվում արտիստի ուղին, ե՞րբ է նա հասկանում, որ պետք է նվիրի կյանքը երաժշտությանը:

«Անցել եմ մասնագիտական և կրթական բոլոր աստիճաններով: Դպրոցական տարիներին զուգահեռաբար սովորել եմ Էմմա Ծատուրյանի անվան երաժշտական դպրոցում, 2000-2005 թթ. ուսանել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Նելլի Փիրումյանի դասարանում: Որոշ դադարից հետո՝ 2008-ին, ընդունվեցի մագիստրատուրա: Բեմական փորձառությունս ձեռք եմ բերել բազմաթիվ համերգների և մրցույթների մասնակցելով և աշխատելով Երևանի պետական կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում՝ որպես մեներգչուհի: Այդ տարիներից էլ նաև որպես մեներգչուհի հանդես եմ եկել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում»:

«Դուք երջանկություն եք ունեցել հանդես գալու մի շարք նվագախմբերի հետ, երգելու բազմաթիվ քաղաքների բեմերում՝ Կատովիցե, Կրակով, Համբուրգ, Հանովեր, Ռենսբուրգ, Դրեզդեն, Լյուբեկ, Ստամբուլ, նաև Միացյալ նահանգներում, ֆրանսիայում և Ռուսաստանում:»

«2014 թ աշխատել եմ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, և դա Ռուսաստանի և աշխարհի լավագույն դիրիժորների և արտիստների հետ աշխատելու բացառիկ հնարավորություն էր: Ինձ համար, կարծում եմ, արվեստի և կյանքի ամենամեծ դպրոցն էր: Մարիինյան թատրոնը աշխարհի լավագույն օպերային թատրոններից մեկն է, և մեծ կարոտով եմ հիշում այն մշակութային իրարանցումը և ստեղծագործական մթնոլորտը, որը տիրում էր թատրոնում»:

«Դուք բազմաթիվ մրցույթների մասնակից եք, ի՞նչ է տալիս դա երգչին»:

«Կա երկու մոտեցում, արտիստների մի մասը համարում է, որ մրցութային սթրեսը խանգարում է ստեղծագործական ընթացքին, բայց ես կարծում եմ, որ մրցույթին մասնակցելիս երգիչը կոփվում է՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները»:

Սոֆյա Սայադյանը հայաստանյան բազմաթիվ մրցույթների դափնեկիր է՝ Թամար Շահնազարյանի անվան մենակատարների մրցույթ, Տաթևիկ Սազանդարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթ, Հայաստանի նախագահի հովանու ներքո կազմակերպված մրցանակաբաշխություն, Գոհար Գասպարյանի անվան հանրապետական մրցույթ, Զարուհի Դոլուխանյանի անվան միջազգային մրցույթ:

Սոֆա Սայադյանը նաև հանդես է գալիս օպերային ժանրից դուրս՝ իր մասնակցությունը բերելով ռեքվիեմների, մեսաների և բեմական կանտատների կատարումներով:

«Կատարել եմ մեներգեր Մոցարտի «Ռեքվիեմ»-ում, Ռոսսինիի «Ստաբատ-Մատեր»-ում, Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա»-ում, և իհարկե նաև հայկական և համաշխարհային օպերաներում՝ «Անուշ», «Արշակ Բ», «Կարմեն», «Բոհեմ», «Տրավիատա», «Սևիլյան Սափրիչ», նաև ունեցել եմ դերերգեր Վերդիի «Ռիգոլետո», Ռոսսինիի «Մոխրոտ», Պուչինիի «Քույր Անժելիկա», «Ծիծեռնակ», Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» և «Լուչիա դի Լամերմուր» օպերաներում:

Այսօր Սոֆյա Սայադյանը հանդես է գալիս որպես Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգչուհի: Հաղորդման ընթացքում հնչում են երգչուհու օպերային և համերգային մի շարք կատարումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button