ԿարևորՀասարակություն

Ռուսաստանի 1600 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ թիվը 2021-ի համեմատ ութ անգամ ավելացել է

Ռուս–ուկրաինական պատերազմի առաջին օրվանից մինչև ապրիլի կեսը ՌԴ շուրջ 1600 և Ուկրաինայի շուրջ 30 քաղաքացի դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան՝ անձնագրային վարչությունից հայտնել են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ քաղաքացիների դիմումների թիվը մոտ 8 անգամ ավելացել է, իսկ Ուկրաինայի քաղաքացիների դեպքում՝ կրկնապատկվել։ Քիչ չեն նաև կացության կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումները։ Ոստիկանությունը հայտնում է՝ Փետրվարի 24-ից մինչև ապրիլի 13-ը ՀՀ–ում կացության կարգավիճակ ստանալու համար դիմել է ՌԴ շուրջ 350 և Ուկրաինայի շուրջ 40 քաղաքացի։

ՀՀ–ում կացության կարգավիճակի 3 տեսակ կա՝ ժամանակավոր, մշտական և հատուկ։ Կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝ ուսումը, աշխատանքը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, նաև ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ լինելը։

Միգրացիայի ծառայությունից «Ռադիոլուրին» հայտնում են՝ 2022թ առաջին եռամսյակում Հայաստան է եկել Ռուսաստանի 142 հազար և Ուկրաինայի շուրջ 6000 քաղաքացի․ նրանցից ավելի քան 120–ը դիմել է ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ստանալու համար։

«Ազգությունը, իհարկե, ապաստանի հայցում չի նշվում, և, ըստ էության, էական չէ։ Գաղափարը օտարերկրյա քաղաքացուն միջազգային պաշտպանություն հատկացնելն է։ Ըստ այդմ՝ թե՛ ազգությամբ ուկրաինացիները, թե՛ հայերը, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են, կարող են և դիմում են մեզ։ Այնուամենայնիվ, դիմումատուների հետ շփման արդյունքում պարզ է դառնում, որ կեսից ավելին հայեր են»,– մանրամասնում է Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։

Փախստականի կարգավիճակ ստանալու հայցը քննվում է 3-6 ամիս։ Եթե դիմումի պատասխանը դրական է, օտարերկրյա քաղաքացին ստանում է ՀՀ-ում օրինական ապրելու անժամկետ իրավունք, հակառակ դեպքում՝ անձը համարվում է անօրինական միգրանտ և ստիպված է լքել Հայաստանը։

«Փախստականի կարգավիճակ ստանալուց հետո տվյալ օտարերկրացին օժտվում է գրեթե բոլոր նույն իրավունքներով և պարտականություններով, որոնք ունի  ՀՀ քաղաքացին։ Բացառություն է միայն հողի սեփականության իրավունքը և ընտրական իրավունքը»,– ասում է Նելլի Դավթյանը։

ԿԳՄՍ նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ Հայաստան եկած մեր հայրենակիցները և օտարերկրացիները իրացնում են նաև կրթության իրավունքը։ Մեր երկրում ռուսերենով ուսուցում իրականացնող դպրոցները 45-ն են։ Միայն մարտի 1-ից ապրիլի 26-ն այս դպրոցներում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների թիվն ավելացել է շուրջ 120-ով․ նրանք հիմնականում ՌԴ-ից ժամանած երեխաներ են:

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ մինչ այսօր էլ ռազմական գործողությունների գոտիներում դեռ հայեր կան․ թվային տվյալներ չունեն․ հայտնի չէ նաև թե պատերազմի հետևանքով քանի հայ է տեղահանվել Ուկրաինայից։ Դավիթ Մկրտչյանն ասում է՝ ամեն օր սպասում են, որ հումանիտար միջանցքներով նոր հայեր դուրս կգան։

«Փորձում ենք օգտակար լինել մեր ազգին և ոչ միայն։ Մեծ քանակի հումանիտար օգնություն ենք արդեն հավաքել և բաժանել կարիքավորներին։ Հումանիտար միջանցքները թե Դոմբասի քաղաքներից, թե Մարիուպոլից, թե Խարկովից չեն գործել, ովքեր էլ փորձում են դուրս գալ, մեծ ռիսկի հետ է կապված, վերջին օրերին շատ դուրս եկողներ չունենք, քանի որ իրավիճակը լարված է։ Մենք էլ սպասողական վիճակում ենք, որ իմանանք՝ որտեղից են հայեր դուրս գալիս, որ  կարողանանք օգնել»,– պատմում է Դավիթ Մկրտչյանը։

Պատերազմի 62-րդ օրը Կիևում, Չերնիգովում և Սումիում, կյանքը կամաց–կամաց վերականգնվում է՝ պատմում է Դավիթ Մկրտչյանը։ Չնայած Չերնիգովը գրեթե ավերված է, բայց վերականգնվել են ենթակառուցվածքները՝ գազը, ջուրը և հոսանքը, իսկ Կիևում նույնիսկ մարդկանց հոսքով պայմանավորված խցանումներ կան։

Back to top button