ԿարևորՔաղաքական

Ի՞նչ են լսում Բաքվի ականջները, երբ Երեւանը հստակ արձագանքում է ապաշրջափակման առաջարկներին․ թեժացած կրքեր՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը փորձել է ուշադրություն հրավիրել տարածաշրջանում «խաղաղության օրակարգին» զուգահեռ Թուրքիայի ագրեսիվ ժեստերի վրա եւ բացատրել դրանց իմաստը։ Պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը Ստրասբուրգում՝ նիստերի դահլիճում, ցույց է տվել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նշանը եւ ժողովրդավարության և խաղաղության  ջատագով կառույցում խոսել Բաքվի ստեղծած նոր ռիսկերից։  Քաղաքական բանակցությունների մեկ այլ հարթակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ փոխվարչապետին բողոքել է Հայաստանից։ Ալեքսեյ Օվերչուկին, ով ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ հանձնաժողովի ղեկավարներից է, Ալիեւն ասել է, թե Երեւանը չի արձագանքում առաջարկներին։ Ի՞նչ են լսում Բաքվի ականջները, երբ Երեւանը դեռ շաբաթներ առաջ հստակ արձագանքել  ապաշրջափակման առաջարկներին:

Մինչ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամները Ստրասբուրգում  ԵԽԽՎ լիագումար նիստում փորձում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ԼՂ-ում հետպատերազմյան խնդիրների վրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը բողոքել  է հայերից՝ խոսելով տրանսպորտային հաղորդակցության գծերի բացումից։ Բաքուն ներկայացնում է, որ իր տարածքում արդեն կառուցել է 100 կիլոմետրանոց երկաթուղու 60 կիլոմետրը եւ նախատեսում է շինարարությունը ավարտել  հաջորդ տարի։ Ըստ լրատվամիջոցների՝ Ալիևը սրտնեղել է, թե Հայաստանը դեռ աշխատանքները չի սկսել այդ ուղղությամբ, անգամ չի նշել ավտոմոբիլային երթուղու հնարավոր կոորդինատները։ Ալիևը պնդել է, թե  Ադրբեջանի այդ հարցին Հայաստանը չի պատասխանել, մինչդեռ պաշտոնական Երեւանի արձագանքը հնչել էր ավելի վաղ եւ հստակ։  Երասխ–Ջուլֆա–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթուղու և ավտոճանապահի վերակառուցման կամ նոր ճանապարհ կառուցելու հարցում Հայաստանն ունի հստակ մոտեցում, բայց նաեւ մտավախություն, որի մասին օրեր առաջ խոսել է Հայաստանի վարչապետը՝ հիմնավորելով, թե ինչո՞ւ է անհրաժեշտ Հայաստան–Ադրբեջան նոր փաստաթղթի ստորագրումը․  

«Ինչո՞ւ, որովհետև մենք շատ կոնկրետ ռիսկ ենք տեսնում, երբ Հայաստանը կկառուցի և ճանապարհը և երկաթուղին, իսկ Ադրբեջանը կհրաժարվի բացել սահմանը։ Կստացվի, որ մի քանի միլիոն դոլար ներդրում պահանջած ենթակառուցվածքներից չեն կարողանա օգտվել ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ երրորդ երկրները, և Հայաստանը պարզապես կկորցնի մի քանի հարյուր միլիոն դոլար։ Այսօր մենք առաջարկում ենք երկաթուղու վերագործարկման մասին 2021–ի դեկտեմբերի 14–ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները արձանագրել դե յուրե, համաձայնեցնել երկաթուղու պարամետրերը և սկսել շինարարությունը։ Կամ դա անել փաթեթով՝ ներառելով ավտոմոբիլային ճանապարհը, և մենք պատրաստ ենք սա անել այն պահից, երբ Ադրբեջանը դրական արձագանք կտա մեր առաջարկներին»։

Վարչապետի ներկայացմամբ՝ այս ձեւակերպմամբ գրավոր առաջարկները Հայաստանը փոխանցել է նաև միջազգային գործընկերներին։ Նրանց համար առաջարկները տրամաբանական են և ընդունելի՝ ասում է։

Հակառակ Ադրբեջանի ցանկություններին և նպատակներին՝ պաշտոնական Երևանը շարունակում է պնդել՝  տարածաշրջանի ապաշրջափակման ծրագրում չկա «միջանցքային» որևէ գաղափար։ Փաշինյանը խոսում է Բաքվի երկակի մոտեցումներից.

«Ադրբեջանը մեր այս դիրքորոշումը և ընդունում է, և չի ընդունում։ Նրանք ասում են, որ համաձայն են այս ճանապարհի գործարկման ցանկացած իրավական ռեժիմի, բայց նույն ռեժիմը պետք է գործի նաև Լաչինի միջանցքում, և այս դիրքորոշումը հիմնավորելու համար հղում են անում նոյեմբերի 9–ի հայտարարությանը։ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից որևէ կերպ վերահսկվող տարածք դարձնել նշանակում է մեկ բան՝ ԼՂ հայաթափում։ Մենք կրկին անգամ արձանագրում ենք․ Լաչինի միջանցքի համեմատությունը Հայաստանի տարածքով բացվելիք ճանապարհի հետ անընդունելի է։ Նոյեմբերի 9–ի հայտարարությունը Հայաստանի տարածքով որևէ միջանցքի գոյություն չի նախատեսում և Հայաստանը չի ընդունել և չի ընդունելու «միջանցքային» որևէ տրամաբանություն»։

Հայ-ադրբեջանական կրքերը բորբոքվել են նաև Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին։Հայկական պատվիրակությունը միջազգային հանրությանը  զգուշացրել է՝ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և 2022-ի փետրվարից Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդին հոգեբանական ճնշումների է ենթարկում, կանգնեցնում հումանիտար ճգնաժամի առաջ։ Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ–ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հիշեցրել է Արցախի գազամատակարարման դադարեցումը սաստիկ ցրտի պայմաններում․

«Սա էթնիկ զտման դասական օրինակ է։ Մինչ միջազգային հարթակներում ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և թե Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են խաղաղ ապրել իրենց տներում, փաստացի Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը՝ օգտվելով միջազգային հանրության՝ Ուկրաինայի իրավիճակի վրա կենտրոնացած լինելուց։ Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է մնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին և տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և խաղաղ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»։

Աղաջանյանը հիշեցրել է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոցներ՝ հորդորելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ  խաղաղ բնակչության հանդեպ Կոնվենցիայով ամրագրված երաշխիքների նկատմամբ ոտնձգություններից, հարգել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունները։

Հայ պատվիրակների խոսքերից սրտնեղել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, հայտարարել, թե բավական է խոսել պատերազմից և ռևանշիզմից, թե եկել է խաղաղության ժամանակը։

Չնայած հանգամանքին, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանում ընդվզման լայնածավալ գործողությունների է անցել՝ բողոքելով հատկապես Արցախի հարցում վարվող քաղաքականությունից և «խաղաղության օրակարգի» իրենց ձեւակերպմամբ սխալ ուղղությունից, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Գևորգյանը դիմել է միջազգային հանրությանը՝ պնդելով, որ երբեք չի կարելի պահանջել, որ Արցախի հայ ժողովուրդն ապրի հայերի էթնիկ զտումների քաղաքականություն վարող Ադրբեջանի իշխանության ներքո՝ մի պետության, որը երեք տասնամյակում իր դեմ երեք լայնածավալ պատերազմ է սանձազերծել։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է՝ Ադրբեջանը մի պետություն է, որը փորձում է վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը՝ ժխտելու հայկական ժառանգության և մշակույթի գոյությունը, մի պետություն, որը չի վարանում հրապարակայնորեն տարածքային նկրտումներ հայտարարել Հայաստանի Հանրապետության դեմ.

«Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի. երկար և կայուն խաղաղության համար անհրաժեշտ են լուծումներ, որոնք պետք է լինեն փոխընդունելի։ Մեր կազմակերպության համար կարևոր մարտահրավեր է սահմանափակել Ադրբեջանի ջանքերը՝ ապահովելու Եվրոպայի լուռ համաձայնությունը՝ գազի և նավթի դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժելու գործում»։

Ինչպե՞ս կարող են համատեղվել «խաղաղության օրակարգը» մի կողմից և «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նշանը, որը ցուցադրել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ ԵԽԽՎ–ում նաև այս ժեստն է դարձել քննարկման թեմա։ Քանի որ Չավուշօղլուն երկու տարի ԵԽԽՎ նախագահ է եղել, հայ պատգամավորները բարձրաձայնել են, որ նման պահվածքը պետք է լինի անընդունելի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից։

Back to top button