ԿարևորՀասարակություն

Թույլտվություն չկար, որովհետև չկան նաև չափորոշիչներ. ինչո՞ւ են ապամոնտաժվել էլեկտրամոբիլների լցակայանները

Մայրաքաղաքում «Էկոքարս» ընկերության տեղադրած, ապա ապամոնտաժված էլեկտրամոբիլային լցակայանները կտեղադրվեն այլ վայրերում։ Ապամոնտաժման պատճառը թույլատվության բացակայությունն է։ Քաղաքապետարանը որոշակի հասցեներում այդ լցակայանների տեղադրումն ապօրինի է համարել։ Ընկերության ներկայացուցիչները հակադարձում են ՝ եթե չկան համապատասխան կարգավորումներ, տեղադրումն ապօրինի չի կարող լինել։ Լցակայանները Ուկրաինայի հայերի միության նվիրատվությունն էին, դրանց տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը: Ընկերությունը Հայաստանում 26 կայան է տեղադրել, որոնցից 12-ը Երևանում, մյուսները՝ մարզերում։

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ ապամոնտաժվել են «Էկոքարս» ընկերության տեղադրած էլեկտրոմոբիլների լիցքավորման կայաններից 4–ը: Պատճառաբանությունը թույլտվության բացակայությունն է։ Ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանն ասում է՝ իրենք դեռ մեկ տարի առաջ են դիմել քաղաքապետարան այդ թույլտվությունը ստանալու համար.

«Առաջին օրվանից փորձել ենք թույլատվություն ստանալ, բայց  քանի որ քաղաքապետարանը կարգավորումներ չի ունեցել,  բյուրոկրատական քաշքշուկներից հետո մեզ առաջարկել են դիմել ՃՈ»։

Ճանապարհային ոստիկանություն տրամադրած 30 հասցեներից 11-ի համար ստացել են թույլտվություն, սակայն որոշ հասցեներում կայանների տեղադրումը հնարավոր չի եղել՝ հոսանքի աղբյուրների բացակայության պատճառով։ Ճանապարհային ոստիկանությունը նոր հասցեներ է ներկայացրել և ընկերությանը դարձյալ ուղղորդել դեպի քաղաքապետարան։ Այնտեղից ստացվել է պատախան, որ մշակման փուլում է Երևանում վճարային տերմինալների, բանկոմատների, մեքենաների էլեկտրական լիցքավորման կայանների տեղադրման հայեցակարգը, որի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ հարցին։ Առաջարկել են սպասել մինչև հայեցակարգի ընդունումը։ Սպասել են, բայց ոչ շատ երկար։

Հունվարի 24-ին քաղաքապետարան ուղարկած հերթական ու անպատասխան մնացած նամակից հետո կայանները տեղադրվել են՝ համաձայնության գալով և պայմանագիր կնքելով այլ տնտեսվարողների հետ, որոնց տարածքում տեղադրվել են կայանները.

«Փետրվարի վերջից մեզ սկսեցին առաջարկել, որ մենք ապամոնտաժենք լիցքավորման կայանները։ Մենք հրաժարվեցինք, իսկ իրենք եկան ու ապամոնտաժեցին»։
Քաղաղաքապետարանից « Ռադիոլուր»–ի հարցմանն ի պատասխան վերահաստատեցին,  որ ապամոնտաժման պատճառը տեղադրման թույլտվության բացակայությունն է.

«Հունվարի 4-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները Կենտրոն վարչական շրջանի տարածքում կատարած շրջայցի ընթացքում նկատել են Ամիրյան փողոցի թիվ 2, Իսահակյան փողոցի թիվ 38, Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25 հասցեների դիմաց տեղադրված էլեկտրական ավտոմեքենաների համար նախատեսված լիցքավորման կայաններ, իսկ 2022 թվականի փետրվարի 18-ին նմանատիպ սարքավորում է հայտնաբերվել նաև Դիանա Աբգարի անվան զբոսայգու հարևանությամբ։ Նշված էլեկտրակայանների տեղադրման օրինականությունը պարզելու համար հարցումներ են կատարվել համապատասխան ստորաբաժանումներ։ Պարզվել է, որ դրանք տեղադրվել են ապօրինի, ուստի ,անհապաղ սկսվել են ապամոնտաժման աշխատանքները»։

Թույլտվություն չկար, որովհետև չկան նաև չափանիշեր, որոնցով կսահմանվեն դրանց տեղադրման կարգը՝ պարզաբանում է էկոքարսի ներկայացուցիչը.

«Քանի որ ընթացակարգ չկա առհասարակ թե արգելման, թե թույլտվության առումով, դրա համար էլ առանց թույլտվության ենք տեղադրել»։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչությունը ավտոմատ սարքավորումների միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվելու նպատակով մշակել է համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթ և դրել շրջանառության մեջ։ Օրենքի ընդունումից հետո քաղաքապետարանը պատրաստ է նորից քննարկել հարցը և ընկերությանը այդ գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տալ։ Բայց կայանները պետք է տեղադրվեն  բացառապես այն հատվածներում, որտեղ քաղաքաշինական և այլ չափորոշիչներից դրա հնարավորությունը տալիս են: Ապամոնտաժված կայաններն անգամ շինարարական նորմերին չէին համապատասխանում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է փորձագետ Արտյոմ Պետրոսյանը։

«Ամբողջ խնդիրն այն է, որ նախ շինթույլտվություն չկա այդտեղ տեղադրելու կայանները, բացի դրանից՝ կան շինարարական նորմեր, որոնք ոչ մի տեղ չեն պահպանվում։ Դա հոսանք է։ Պատկերացրեք՝ ինչ վտանգավոր կարող է լինել։ Մի բան սխալ արված լինի, ո՞վ է պատասխանատվությունը կրելու։ Իհարկե, պետք է շատանան, բայց արդյո՞ք մեզ պետք են 20 կիլովատանոց լիցքավորիչներ, թե՞ պետք են 150 կիլովատանոցները։ Ո՞ր հատվածում կարելի է դնել»։

«Էկոքարս»–ում այս հարցադրումները հաշվի առնելուն դեմ չեն։ Պատրաստ են քննարկել դրանք և շարժվել օրենքի կարգավորումներով, առավել ևս, որ էլեկտրամեքենաների պահանջարկն օրեցօր աճում է, իսկ ենթակառուցվածքներ դեռ չունենք։

Back to top button