ԿարևորՏնտեսական

Արմավիրի վերամշակողները մտահոգ են. արտահանման խնդիր ունեն

Արմավիրի մարզի վերամշակող ընկերությունները խնդիրների առաջ են կանգնել: Արտահանման հիմնական շուկաների անորոշ վիճակն արտահանման ռիսկեր է ստեղծել։ Մարզում էլ խնդիրները քիչ չեն։ Գյուղմթերք վերամշակողներն իրենց հարցերն ու մտահոգությունները քննարկել են Արմավիրի մարզպետի հետ, առաջարկել երկարաձգել սուբսիդավորվող վարկերի պայմանագրերի ժամկետը։ Արդեն մայիսի 5-ից սկսելու են պայմանագրեր կնքել խաղող մթերողների հետ, բայց նախորդ տարվա խնդիրներն աչքի առաջ ունենալով՝ դեռ փորձում են հստակեցնել իրենց անելիքները։

Արմավիրի մարզի գյուղմթերք վերամշակող ձեռնարկությունները գյուղսեզոնին ընդառաջ խոսում են մթերումների այս տարվա ծրագրերից ու որոշ հարցերի շուրջ անհանգստություն հայտնում։  Հիմնական մտավախությունն իրացումն է: Մարզում արտադրված գինին, կոնյակը, պահածոները լայն սպառում ունեն Ռուսաստանում: Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակն ու տարադրամի փոխարժեքի անկայունությունն ազդել են տնտեսվարողների գործունեության վրա՝ ասում է  ՄԱՊ գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Մակար Ալեքսանյանը.

«Մեր ամենամեծ շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, հետո՝ Ղազախստանը և Ուկրաինան, իսկ Ուկրաինայում այսօր լրիվ այլ իրավիճակ է. կորցրինք այդ շուկան: Հենց հիմա  մեր արտահանման ծավալը 10-15 տոկոս է, անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 60 տոկոսով»:

Խաղող վերամշակողները մայիսի 5-ից սկսելու են պայմանագրեր կնքել  այգեգործների հետ՝ դարձյալ նախնական կանխատեսելի ծավալով, բայց դժվարանում են կանխատեսել՝ սպիրտով լի պահամանները կդատարկվե՞ն, թե ոչ: Նրանց մտահոգում են նաև կառավարության ծրագրով սուբսիդավորվող վարկերի պայմանները՝ կապված պայմանագրերի կնքման ժամկետերի ու մթերման ծավալի հետ: Մակար Պետրոսյան.

«Ինչքան մոտ լինի մթերման սեզոնը, այնքան ավելի իրատեսական կլինի այն ծավալը, որի կարիքն իրականում ունենք: Սա առանձին մտահոգություն է մեզ համար: Ամեն դեպքում մենք ավել քանակով ենք մթերման  պայմանագրերը կնքելու»:

Իրենց այս ու այլ մտահոգությունները վերամշակող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ ակնկալելով սուբսիդավորվող  վարկերի պայմանագրերի ժամկետի երկարացում մինչև օգոստոսի 5-ը: Մարզպետն արձագանքում է՝ «Եթե դուք գտնում եք, որ խնդիրը շատ սուր է, եկեք քննարկենք և առաջարկենք մինչև հուլիսի 1-ը նշված ժամկետը փոփոխության ենթարկել: Ինձ թվում է ավելի տեսանելի պատկեր ունենալու համար ավելի հարմար ժամկետ է օգոստոսի 1-ը կամ հուլիսի 20-ը»

Սուբսիդավորվող վարկերի գերակշիռ մասը կառավարությունն է վճարում՝ ասում է մարզպետն ու մանրամասնում.

«Կառավարության կողմից նախատեսվում է սուբսիդավորել այն վարկերը, որոնք նախատեսվել են գյուղմթերքի ընդունման, վերամշակման համար: Խաղողի մասով նախատեսվում է պայմանագրերը կնքել մինչև հուլիսի 1-ը:

Տեսականորեն հնարավոր են դեպքեր, երբ շահառուները կկնքեն մթերման  պայմանագրեր, կօգտվեն տվյալ վարկավորումից և հետագայում չեն կարողանա մթերել: Նպատակը՝ նախապես տեսանելի դարձնել մթերման ծավալը, վերահսկողություն ապահովել գործընթացի նկատմամբ »:

Անցած տարի Արմավիրի մարզում խաղողի մթերում չի կազմակերպել Երևանի գինու, կոնյակի և օղու գործարանը, իսկ ամենամեծ քանակը մթերել է Պռոշյանի գինու-կոնյակի  գործարանը: Խաղողագործներին օգնության է հասել նաև  «Բագրատ գրուպ» ընկերությունը՝ «Ալվան» ՍՊԸ-ի հետ համատեղ։ Վերջինիս Սեփականատեր Կառլեն Աղաբեկյանն ասում է՝ անցած տարի մթերել են 8000 տ խաղող.

«Խաղողը մթերել ենք, սարքել գինի, թորել կոնյակի սպիրտ ու հանձնել «Բագրատ գրուպ»-ին: Մինչև փետրվար ամիսը մենք ավարտեցինք մեր ծառայությունը, գործարանը հիմա դատարկ է: Ես անձամբ խաղող չեմ մթերելու, եթե իրենք նորից ցանկանան մթերել, ապա միայն 4000տ, ավելին չենք կարող, որովհետև անցած տարի 45 օր շուրջօրյա  ենք աշխատել ու շատ դժվարություններ կրել»:

Եթե վերամշակող ձեռնարկություններն անցած տարի խաղողի մթերման ավելցուկ ունեին և դժվարանում էին ավելին մթերել, ապա հակառակ պատկերն էր լոլիկի հարցում. գործարանները չեն կարողացել լրացնել լոլիկի պահանջարկը: Ոռոգման ջրի պատճառով գյուղացիները մեծ վնաս են կրել: Մակար Պետրոսյան.

«Անցած տարի որոշել էինք 7000-8000տ լոլիկ գնել: Գյուղացիները լոլիկ քիչ էին դրել, բացի դա՝ տեխնիկական պատճառներով բերքի մեծ  կորուստ ունեցան. 10 օր ջուր չի եղել և մշակաբույսերը չորացել էին: Մենք բարձրացրեցինք լոլիկի ընդունման գինը, կանխիկ վճարեցինք և 24 ժամ գործարանի դռները բաց պահելով ՝մթերեցինք ընդամենը 1244տ»:

«Եվրոթերմ» ընկերության  Վանադի Նոյյան  գործարանը հրդեհի պատճառով դեռ չի  վերականգնել արտադրությունը: Գործադիր տնօրեն Վահե Ղազարյանը դժվարանում է ասել՝ այս տարի կմթերեն, թե ոչ:  

«Մեր հիմնական մշակումը Երևանի գործարանում է: Մեր միջոցներով կփորձենք այս տարի մթերել. ինչքան ծիրանն ու դեղձ եղավ՝ կընդունենք: Բացի այդ Բագարանում 100 հա տարածքի վրա մշակելու ենք լոլիկ, որից ակնկալում ենք 8000տ բերք, 50 հեկտարի վրա էլ՝ սմբուկ ու պղպեղ ենք դնելու»:

Այս տարի բանջարեղենի պահածոյացմամբ է զբաղվելու նաև «Արմավիր ֆրութ» ընկերությունը: Գործադիր տնօրեն Հայկ Մանուկյանն ասում է՝ մի քանի օրից Արմավիրի Արագած գյուղում շահագործման կհանձնեն գործարանը:

«Մայիսի 15-ին կավարտենք մեր պահածոների գործարանի շինարարությունը և կսկսենք  պահածոների արտադրություն: Պլանավորում ենք արտադրել 1.5 մլն-ից  2 մլն տուփ պահածո»:

«Արմավիր ֆրութն» արդեն 2 տարի սալորաչիր է արտադրում, տարեկան՝ 500 տ: Նպատակադրվել են արտադրության ծավալը հասցնել մինչև 2000 տ-ի, սակայն այգեգործներն  այդ քանակով թարմ սալոր չեն կարող ապահովել: Հայկ Մանուկյանը դիմում է գյուղացիներին՝ հիմնել սալորի այգիներ:

Back to top button