ԿարևորՀասարակություն

Այս տարվա ՉանգՔրանդալ մարդասիրական մրցանակի մրցանակակիրն է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը

Ամերիկահայ ակնաբույժ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը դարձել է Կատարակտի եւ ռեֆրակտիվ վիրաբուժության ամերիկյան հիմնադրամի՝ 2022 թվականի Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակի մրցանակակիրը: Մրցանակն ամերիկահայ ակնաբույժին շնորհվել է ապրիլի 24-ին, Վաշինգտոնում կայացած միջոցառման ժամանակ:

Չանգ-Քրանդալ մարդասիրական մրցանակը տրվում է բարեգործական բացառիկ աշխատանքների համար:

«Հայկական ակնաբուժության նախագիծն իմ կյանքին մեծ իմաստ է տվել եւ միշտ պատվաբեր է եղել ինձ համար: Շատ ոգեւորիչ է իմ գործընկերների կողմից այս մրցանակը ստանալ 30 տարվա իմ նվիրվածության համար: Սխալ գործած կլինեմ, եթե չնշեմ այն բազմաթիվ բժիշկներին, ովքեր ինձ միացել են այս ընթացքում: Անչափ հպարտ եմ մեր ձեռքբերումներով եւ հիացած, թե որքան հեռուն է գնացել այս ծրագիրը», — ասել է բժիշկ Ռոջեր Օհանեսյանը:

Ռոջեր Օհանեսյանը ծնվել է Բոստոնում՝ Մասաչուսեթս նահանգում, նա եղել է առաջին սերնդի գաղթականների որդի: Բժշկության հանդեպ հետաքրքրությունը սկիզբ է առել վաղ տարիքից. տատը կատարակտի անհաջող վիրահատության արդյունքում կուրացել է, ինչից հետո Ռոջերը որոշել է, որ կանի հնարավորը, որպեսզի մարդիկ այլեւս նման ճակատագրի չարժանանան:

Երեսուն տարի առաջ՝ 1992թ.-ին, բժիշկ Օհանեսյանը ՀՀ կառավարությունից ստանում է հեռագիր, որով պետությունը դիմում էր ամբողջ աշխարհի հայ բժիշկներին՝ պատերազմական դրության մեջ գտնվող երկրին աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Օհանեսյանն անհապաղ հումանիտար օգնություն է հավաքում՝ դեղորայք, բուժպարագաներ, եւ այցելում Հայաստան: Երկու շաբաթվա ընթացքում նա Երեւանում ընդունում է ավելի քան 300 հիվանդի, կատարում շուրջ 40 վիրահատություն, գրեթե բոլորը՝ պատերազմից տուժած երիտասարդներ:

Վերադառնալով ԱՄՆ՝ Օհանեսյանը հիմնադրում է Հայկական ակնաբուժության նախագիծը՝ նպատակ ունենալով Հայաստանում կանխարգելել ձեռքբերովի կուրությունը եւ բարձրացնել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Այս տարիների ընթացքում բժիշկ Օհանեսյանն ու ամերիկյան ակնաբուժական դպրոցի առաջադեմ բազմաթիվ մասնագետներ ավելի քան 50 բժշկական առաքելություն են իրականացրել Հայաստանում եւ Արցախում՝ իրենց հետ բերելով միլիոնավոր դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ, բուժտեխնիկա եւ դեղորայք, իրականացրել բազմաթիվ վիրահատություններ, հայ բժիշկներին փոխանցել սեփական գիտելիքներն ու փորձը եւ մեծ ներդրում ունեցել Հայաստանում ակնաբուժական ծառայությունների որակի բարելավման գործում:

«Բժիշկ Օհանեսյանի շնորհիվ կյանքն անվերադարձ փոխած մարդկանց թիվն անհամար է: Մենք ոգեւորված ենք բժիշկ Օհանեսյանի մասնագիտական գործունեությամբ եւ մեծ պատվով շնորհում ենք նրան այս մրցանակը՝ ի ճանաչում աշխարհի հանդեպ ակնաբուժության ոլորտում նրա ունեցած ներդրումների», — ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Back to top button