ԿարևորՎերլուծական

«Գորշ գայլերի» ժեստը՝ բարոյապես ու քրեորեն դատապարտելի․ Ռուբեն Սաֆրաստյան

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայի արտգործնախարարի վարքագիծը  ոչ միայն բարոյապես, այլև քրեորեն դատապարտելի արարք է համարում։  Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նույնպես կարծում է, որ արարքը պետք է արժանան իրավական գնահատականի։ Խոսքն Ուրուգվայում հայերի բողոքի ակցիային Թուրքիայի արտգործնախարարի արձագանքի՝  «գորշ գայերի»  ժեստը ցուցադրելու մասին է։

Դրանից հետո, ի դեպ,  Թուրքիայի դեսպանը կանչվել է  Ուրուգվայի արտգործնախարարություն՝ բացատրություններ տալու ։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ռասիստական վարքագիծ խորհրդանշող  ժեստն  անընդունելի է համարել նաեւ Ուրուգվայի նախագահը։

Դատապարտելի գործողություն,  որը ոչ մի կերպ չի նպաստում ժողովուրդների միջեւ փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը․ արձագանքելով Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուի ժեստին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուրադ Աղաջանյանը։

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը   Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերի բողոքին Չավուշօղլուն արձագանքել է ազգայնական «գորշ քայլերի» ժեստով, որը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը ։ Դրանից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է  Ուրուգվայի արտգործնախարարություն՝ բացատրություններ տալու համար։ Չավուշօղլուի այս գործողությանը արձագանքել է նաեւ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։  «Մևլութ Չավուշօղլու, «գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, արատավոր և ռասիստական. Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»,-Թվիթերում գրել  նախկին նախարարը։

Թուրք ազգայնականների՝ միմյանց ողջունելու այս ձևը 2019 թվականին արգելվել էր Ավստրիայում։ Գերմանիայում Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունն ու Ձախերի կուսակցությունը ևս 2018 թվականին առաջարկել էին արգելել այն՝ ողջունման այդ ժեստը ֆաշիստական անվանելով։ 

Կատարվածը հարուցել է Ուրուգվայի հայ համայնքի դժգոհությունը։ Ուրուգվայն առաջին  երկիրն է, որ 1965 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։  

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն  Սաֆրաստյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում  անընդունելի ու դատապարտելի որակեց թուրք բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ռասիստական նշանի ցուցադրումը․

«Բարոյապես դատապարտելի է, քանի որ անարգվում է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը այն պետության ներկայացուցչի կողմից, որի նախորդող պետությունը՝ Օսմանյան կայսրությունն է հենց այդ ցեղասպանությունն իրականացրել։ Բայց Չավուշօղլուի վերաբերմունքը դատապարտելի է նաեւ իրավունքի տեսակետից, քանի որ այդ ժեստը իր մեջ պարունակում է ռասիզմի քարոզչություն, եւ դա նշանակում է, որ Թուրքիայի բարձրագույն պաշտոնատար անձերից մեկը քարոզում է ռասիստական մոտեցում, այն էլ՝ այլ երկրի տարածքում։ Դա արդեն պետք է արժանանա իրավական գնահատականի»։   

Կատարվածից հետո Թուրքիայի դեսպանը հրավիրվել էր Ուրուգվայի արտգործնախարարություն՝ բացատրություններ տալու համար։ Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բութիլլոնը,  ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, դատապարտելի և մերժելի է որակել Չավուշօղլուի՝ հայերին ուղղած «գորշ գայլերի» նշանը։ Նախարարը վերահաստատել է  Հայոց ցեղասպանության ճանաչումը Որուգվայի կողմից, ասել է, որ  իր երկիրը հիշողության ու սկզբունքների երկիր է, որը պաշտպանում է խաղաղությունը և մեժում բոլոր այն արարքները, որոնք ասոցավցում են  ֆիզիկական կամ բարոյական բռնության ու  ատելության հետ։  Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուն եւս  քննադատել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի՝ հայերին ուղղված ազգայնական ժեստը՝ հայտնում է Deutsche Welle-ն։ «Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է խիստ քննադատության ենթարկվի (…), համայնքը վիրավորված է, և դա արդարացի է»,-ասել է նա:

Թուրքիայի արտգործնախարարի այցը Ուրուգվայ նաև նպատակ ուներ բանակցություններ սկսել հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ: Ուրուգվայի նախագահն ընդգծել է, որ առևտրային հարցերում առաջխաղացումը չի նշանակում, թե Մոնտեվիդեոն համաձայն է մյուս կողմի «ներքին կամ արտաքին քաղաքականության հետ»։

Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կատարվածը զուտ «գորշ գայլերի» խորհրդանիշի ցուցադրում չի համարում, կարծում է, որ խոսքը  քրեորեն դատապարտելի  արարքի մասին է, եւ այս հարցում պետք է հետեւողական լինել։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը համամիտ է ակադեմիկոսի հետ։ Ժեստը նույնպես ատելության խոսքի հանցակազմ է պարունակում, ինչն, ըստ նրա, հրապարակայնորեն ատելության խոսքի տարածում է։

«Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից նման ժեստ ցույց տալը նախեւառաջ վարքագծի հարց է բարձրացնում, հանրային ծառայողի, բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի հարց է բարձրացնում։ Թուրքիայում եւս կան հանրային ծառայողի էթիկայի նորմեր։ Քրեական պատասխանատվությունը կախված է տվյալ երկրի օրենսդրությունից։ Այն ժեստը, որ ցույց տվեց նա, հանրային միջավայրում ատելության խոսքի տարածում է։ Շատ-շատ երկրներում դա քրեորեն պատժելի արարք է։ Հիմա կարող  է  հարց բարձրանալ անձեռնմխելիության վերաբերյալ, դա արդեն Ուրուգվայի օրենսդրությամբ պետք է ուսումնասիրել։ Բայց բոլոր դեպքերում տեղի հայ համայնքը՝ որպես շահառու, կարող է իրավական գործընթաց սկսել՝ ատելության խոսքի հիմքով»։

Այս տարի Հայոց ցեղասպանության 107-րդ տաելիցի միջոցառումներ տեղի ունեցան  ոչ միայն Ուրուգվայում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում, ինչը, ըստ ակադեմիկոս Սաֆրաստյանի, հստակ մեսիջ է, որ ոչինչ մոռացված չէ․

«Սա կլոր ամյակ չէ, ոչ 100 է, ոչ 110։ Եվ որ նույնիսկ այդ պայմաններում տարբեր երկրների պաշտոնատար անձինք, խորհրդարանի անդամներ, կառավարության անդամներ հանդես են գալիս համապատասխան հայտարարություններով, մասնակցում են միջոցառումների, նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը մոռացված չէ»։

Աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանությունը՝ չնայած Անկարայի կողմից այն մոռացության տալու ճիգերին։ Ստամբուլում չեղարկվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը` տեղական իշխանությունների արգելքի պատճառով: Արգելքը հիմնավորվել էր պարզաբանմամբ, թե  պատեհ չէ նման միջոցառման անցկացումը: Մինչև համավարակը՝ 2010 թվականից մինչև 2020-ը, Ցեղասպանության օրվա առթիվ հիշատակի միջոցառումներ Ստամբուլում անցկացնել են։

Back to top button