ԿարևորՀասարակություն

«Ողջ մնալու արվեստ»-ը Սյունիքից տարածվում է մարզեր ու Արցախ

Կապանի «Բաղաբերդ» նախկին ճամբարի տարածքում ապրիլի 22-ից 25-ը «ՈՄԱ Կապան» հասարակական կազմակերպությունը եռօրյա ճամբար-բանակում էր նախաձեռնել։ Մասնակիցների աշխարհագրությունը լայն էր՝ 15-18 տարեկան պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից, Երեւանից ու Արցախից:

 «Ողջ մնալու արվեստ» ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպության Կապանի մասնաճյուղի՞ նախաձեռնած եռօրյա ճամբար-բանակումի մասնակիցներն են բանակցում իրենց հրամանատարի՝ Ալեն Պողոսյանի հետ, որպեսզի մարզումների կանոնակարգը խախտելու այսպես ասած պատիժը խիստ չլինի։ Եռօրյա ճամբարին մասնակցում են 15-18 տարեկան պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից, Երեւանից ու Արցախից։ Հրամանատարն է պատմում գաղափարի մասին՝ «Մարզերի երեխաները մարզում» կազմակերպության հետ քննարկեցին նախաձեռնությունը, որոշվեց ճամբարը կազմակերպել Լոռու մարզում, բայց հետո մարզերի ընտրության մեջ հաղթեց Սյունիքը։

«ՈՄԱ Կապանին» աջակցեց կենտրոնական կառույցը, ու 100 պատանի երեք օր ապրեցին Կապանի «Բաղաբերդ» նախկին ճամբարի տարածքում՝ վրանների մեջ։ Զինվորական  գիտելիքների համալրում, ֆիզիկական պատրաստվածություն, զենքի հետ շփման հմտությունների ձեռքբերում, կրակային վարժանք, լեռնագնացության փորձեր՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է բանակում։

 Հետաքրքիր է, որ աղջիկներն էլ են ակտիվ մասնակցում կրակային վարժանքին՝ նկատում է «ՈՄԱ Կապան» հասարակական կազմակերպության նախագահ Ալեն Պողոսյան․

«Ամբողջ ջոկատը բաժանվել էր երեք դասակի, ամեն դասակ՝ երեք ջոկի, ջոկի հրամկազմերով, դասակի հրամկազմերով․․․։  Ժամը 6-ին ունենում ենք վերկաց, ֆիզիկական պատրաստվածություն՝ մարմնամարզություն,  հետո՝ նախաճաշ։ Հետո անցնում ենք դասապրոցեսի՝ մի դասակը սովորում է ալպինիզմ՝ տեսականորեն, մյուսը՝ տակտիկական բուժօգնություն, երրորդ դասակը՝ մարտավարություն։ Ժամը մեկ փոխվում են դասակները, իսկ ստացած տեսական գիտելիքներն օրվա երկրորդ կեսին գործնական կիրառում են»։

Իհարկե, օրվա վերջում  նաեւ մշակութային միջոցառումներ էին՝ մարզերից  ու Արցախից եկած երեխաները ներկայացել են իրենց մարզին բնորոշ ծրագրով։ «Մարզերի երեխաները մարզերում» հասաարակական կազմակերպության ղեկավար Ալինա Օհանյանը համոզված է՝ ճամբարում ընդգրկված երիտասարդներն իրենց համայնքներում փոփոխություններ կբերեն, ստացած հմտություններն ու գիտելիքները պետք կգան ոչ միյան իրենց։

«Ի սկզբանե մենք ընտրել ենք այն ներկայացուցիչներին,  որոնք արդեն իսկ փոփոխություններ բերող են։ Մեր նպատակն այս արժեհամակարգը տարածելն է բոլոր համայնքներում»։

16-ամյա Գեղամ Հայրապետյանը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքից է։ Առաջին անգամ է մասնակցում ՈՄԱ-ի ճամբարին։ 10-րդ դասարանում է սովորում, կարեւորում է իր ու իր հասակակիցների արժեհամակարգը փոխելը, բարելավելը։

«Ցավով եմ նշում, որ Մեծամորում «ՈՄԱ»-ն չկա, իրականում կար հիմնելու գաղափար, ու վստահաբար ասում եմ, Մեծամորն էլ կունենա իր ՈՄԱ-ն, ու նման պարապմունքներ կանենք»։

Ճամբարի կազմակերպման աշխատանքներում դժվարություններ էլ են եղել։ Ծրագրի բյուջեն 3,5 մլն դրամ էր։ Մինչ ճամբարի բացումը ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել էին գործարարների։ Կային մերժումներ էլ, բայց  օգնողների շնորհիվ նախաձեռնությունը կյանքի կոչվեց։ Սննդի հարցն իր վրա էր վերցրել «ՈՄԱ»-ի կենտրոնական վարչությունը։ Եռօրյա ճամբար-բանակումը կայացավ ու կազմակերպիչները համոզված են՝ այն ամենամյա կլինի։ Ողջ մնալու արվեստը հիմա բոլորիս է պետք՝ ասում են։

Back to top button