Վերնատուն

Կամերային երաժշտությունից մինչև պրոգրեսիվ ռոք․ մեկնարկում է Վահան Արծրունու համերգային սեզոնը․ «Վերնատուն»

Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին բացում է իր համերգային սեզոնը։ Կամերային երաժշտությունից մինչև հոգևոր, ֆոլկ և ռոք՝ բազմաժանր երաժշտության 5 կոնցեպտուալ ծրագիր՝ ողջ տարվա ընթացքում։

«Հանդիսատեսի հետ հաղորդակցությունը հսկայական նշանակություն ունի։ Կարոտը, որն այս երկու տարիների ընթացքում կուտակվել էր, քովիդը և պատերազմական իրադարձությունները կոտրեցին ամեն ինչ, գերիշխող տրամադրությունը՝ «երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են», մենք ենթարկվել էինք այդ չգրված օրենքին »,– ասում է Վահան Արծրունին։

«Ծիծաղելի է, բայց փաստ է իրավ» խորագրով առաջին համերգը կկայանա ապրիլի 27 –ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ ֆլեյտահար Նելլի Մանուկյանի հետ և Մադաթ Ավանեսովի մասնակցությամբ։ Բավականին լայն դիապազոն է ներկայացվելու՝ ասում է Վահան Արծրունին․ երգեր գրված Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունների հիման վրա, գործեր՝ Կոմիտասյան շարքից, իր խոսքերի հիման վրա գրված ստեղծագործություններ, նաև տարբեր ժանրերի գործիքային ստեղծագործություններ։

«Կամերային երաժշտությունից մինչև պրոգրեսիվ կամ արտ ռոք՝ ներդաշնակված տրիոյի համար», – մեկնաբանում է Արծրունին։ «Այս համերգային ծրագրով մենք ազդարարելու ենք համերգների շարքը, որը նախատեսում ենք անցկացնել ողջ տարվա ընթացքում։ Ինձ հետաքրքիր է, ստեղծագործությունը, որը 20 տարի չի հնչել, ներկայացնել այլ կազմով, այլ ստեղծագործական լուծումներով, որը կփոխի իր գեղագիտական տեսքը, հնչյունային համակարգը , որը ենթադրում է նաև ընկալման տարբերություններ»,– ասում է Վահան Արծրունին՝ հավելելով, որ իր համերգներին պատահական մարդիկ գրեթե չեն լինում և իր համերգներից յուրաքանրչյուրը մշտապես տեղի ունեցող ներքին շարժ և ստեղծագործական լուծումների փնտրտուք է։ Իր հիմնական նպատակներից մեկը, ասում է, «Մաշտոց–Կոմիտաս» ծրագրի պարբերաբար կատարումն է․ «Մաշտոցյան շարականների մշակումներն ու Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված շարքը իր գեղագիտական ու գեղարվեստական ամբողջականությամբ չպետք է եզակի փաստ լինի։ Եթե գտնվեն աջակիցներ կամ համախոհներ, այս բոլոր համերգները քայլեր են, որոնք կբերեն ծրագրային ու համակարգային լուծումների» , – ասում է Վահան Արծրունին։

Back to top button