Ժամանակի վկան

«Րաֆֆու ոտնահետքերով»` այժմ նաև անգլերեն․ Ալիս Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդաժամին գրող, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանի հետ Րաֆֆու ոտնահետքերով բացահայտում ենք Րաֆֆու հանճարի անկրկնելի երևույթը։

Մեկ տասնյակից ավելի գրքերի, բազմաթիվ հոդվածների հեղինակ գրող Ալիս Հովհաննիսյանը 19-րդ դարի հայ մեծանուն մտածող, արձակագիր, վիպասան, հասարակական գործիչ, գիտնական Րաֆֆուն (Հակոբ Մելիք-Հակոբյան) բացահայտել սկսեց ընթերցելով նրա «Ուղեգրություններ» պատմական երկերի ժողովածուն։

Ալիս Հովհաննիսյանի «Րաֆֆու ոտնահետքերով» գիրքը լույս տեսավ 2017 թվականին, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում։ 2022 թ․ լույս տեսավ նաև գրքի անգլերեն թարգմանությունը, թարգմանիչ՝ Արմինե Դավոյան։ Թե՛ հայերեն և թե՛ անգլերեն տարբերակների տպագրության հովանավորությունն ստանձնել և իրականացրել է Սալմաստի ժառանգության միությունը։ Հեղինակն անթաքույց հիացմունքով է արտահայտվում տպագրական աշխատանքի մասին։

Ալիս Հովհաննիսյանի տարբեր տարիների էսսեները ամբողջացվեցին, լրացվեցին ու նոր կյանք ստացան այս գրքով, որը թարմ շունչ հաղորդեց րաֆֆիագիտությանը։

Իսկ որտե՞ղ են սկսվում և որտե՞ղ ավարտվում, գեղարվեստականի և վավարեգրականի սահմանները, ինչպե՞ս է կողմնորոշվում գրող Ալիս Հովհաննիսյանն ահռելի գրական ժառանգության, արխիվային հսկայական նյութի ու, հատկապես, ինչպե՞ս է ստեղծում իր ընկալումների ու պատկերացումների Րաֆֆուն՝ չհակադրվելով, բայց և չկրկնելով անվանի րաֆֆիագետներին։

Րաֆֆու կյանքն ու գրական ժառանգությունը՝ որքան ուսումնասիրված, նույնքան էլ անհայտ շերտեր ունեն՝ կարոտ նոր ուսումնասիրությունների։

Յուրատիպ մոտեցումով հեղինակը գրական, նաև գիտական նորույթներ է առաջարկում ընթերցողին։ Դրանցով առանձնանում է ուսումնասիրությունը՝ գեղարվեստական տիրույթից անցում կատարելով գիտական վերլուծության ոլորտ։

Գիրքը հարուստ է փաստավավերագրական նյութերով՝ լուսանկարներ, փաստաթղթեր, վկայություններ, հուշեր, նաև քարտեզներ։ Վերջինները տպագրվում են առաջին անգամ։
Իհարկե անդրադարձանք նաև Րաֆֆու կենսագրության պակաս հայտնի դրվագներին։

Մեծանուն գրողի ընտանիքի պատմության մեջ առանձնահատուկ են Լոնդոնում ապրած տարիները, որոնցով և ավարտվում է այդ պատմությունը 20 դարի կեսերին։

Րաֆֆին հայ իրականության ամենավառ անհատականություններից է, հայ գրականության չգերազանցված մեծություն, որից ճառագող լույսն անսպառ է։ Հաղորդումն ամփոփենք՝ իմի բերելով րաֆֆիագիտության ձեռքբերումները։

Մաղթենք հեղինակին բեղուն գործունեություն՝ ավարտին հասցնելու իր մտահղացումները, ինչպես նաև ևս մեկ անգամ շնորհավորենք թե՛ գրող, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանին և թե՛ գրականագիտական հանրույթին, Րաֆֆիի երկրպագուներին ու բոլոր հետաքրքրվողներին՝ «Րաֆֆու ոտնահետքերով» գրքի հայերենից-անգլերեն թարգմանության տպագրության առթիվ։

Ցուցադրել ավելի
Back to top button