ԿարևորՀասարակություն

Վիրահայերը պահանջում են պատժել ադրբեջանցի գործչին՝ «գորշ գայլերի» ժեստը ցույց տալու համար

Վրաստանի հայերը դատապարտում են երկրի էթնիկ ադրբեջանցի քաղաքական գործչի կողմից հրապարակայնորեն «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրումը։ Հայ համայնքի ղեկավարները նշում են, որ Ուրուգվայում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ծայրահեղական քայլը ոգևորել է Վրաստանում ապրող ադրբեջանցիներին, ինչը պետք է պատժվի։  

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից անջատված ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության Մառնեուլիի շտաբի նախագահ Ահմեդ Իմամկուլիևն լուսանկար է հրապարակել՝ ձեռքով ցույց տալով «Գորշ գայլերի» նշանը՝ կից «Բարև ընկերներ: Նրանց համար, ովքեր իրենց անհարմար են զգում» գրառմամբ:

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը դատապարտում է երկրի էթնիկ ադրբեջանցիների «սանձարձակ պահվածքը»՝ հրապակայնորեն ծայրահեղական ահաբեկչական խմբավորման ժեստի ցուցադրումը։ Կազմակերպության ղեկավարներից Արթուր Միրզոյանը  «Ռադիլուրին» ասում է․

«Այսօր Վրաստանում ազերիները բարձր մակարդակով հղփացել են, որովհետև անպատիժ են մնում։ Տեսան, թե Թուրքիայի արտգործնախարարն ինչպես իրեն պահեց, ցույց են տալիս՝ մեկ ազգ են, երկու պետություն»։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ուրուգվայում ծաղրել է ակցիա իրականացնող հայերին՝ ձեռքով ցույց տալով ահաբեկչական համարվող խմբավորման ժեստը։

Վրաստանի ընդդիմադիր կուսակցության Մառնեուլիի շտաբի ղեկավարը հետևելով օրինակին, երբ վիրահայերը բողոքի ակցիա էին անցկացնում Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ, խմբավորման նշանով լուսանկարը հրապարակել է ֆեսբուքյան էջում՝ արժանանալով Վրաստանի քաղաքացի ադրբեջանցիների գովեստին։  

Միրզոյանի խոսքով, Վրաստանի ադբերջանցիներն առաջին անգամ չեն հանդես գալիս գորշ գայլերի նշանով․

«Վրաստանում որևէ արգելք, պատիժ չկա այդ կազմակերպության նկատմամբ,  ադրբեջանցիները թե Մառնեուլիիում, թե Թբիլիսիում դա բացահայտ ցուցադրում են։ Եղել են դեպքեր, երբ նրանք ապրիլքսանչորսյան ակցիաների ժամանակ հրահանգներով դուրս են եկել Թուրքիայի դեսպանատնից՝ հակաակցիա անցկացրել՝ ի պատասխան ցույց տալով «գորշ գայլերի» նշանը»։   

«Վրաստանի հայ համայնքը» կոչ է անում երկրի պատկան մարմիններին զբաղվել հարցով․  

«Մենք Վրաստանի հատուկ մարմինների ուշադրություն ենք հրավիրում նման դեպքերի վրա, ավելին չենք կարող անել։ Վրաստանի իշխանությունները պետք է տեսնեն դրա վտանգը»։  

Վրաստանյան փորձագիտական որոշ շրջանակներից ժամանակ առ ժամանակ կոչեր լինում են երկրում արգելել իսլամական խմբավորումը, քանի որ ըստ նրանց, «Գորշ գայլերը» Վրաստանում գործում են գործարարության, բարեգործության քողի տակ՝ կասկած չհարուցելով իրավապահների շրջանում: Ահաբեկչության հարցերով վրացի փորձագետ Իոսիֆ Զաալիշվիլի  խոսքով, թուրքական բիզնեսը և գրեթե առանց տոկոս հիփոթեքներն աստիճանաբար փոխում են Վրաստանը․ «Պանթուրքիզմի ծրագիրը Վրաստան է գալիս այդ կերպ»․

Վրաստանյան մամուլում այդ մասին հազվադեպ հայտնվող լուրերն անտեսվում են, քանի որ, ըստ փորձագետի երկրի հասարակության գերակշիռ մասը չգիտի՝ ինչ խմբավորման մասին է խոսքը։

Ցուցադրել ավելի
Back to top button