ԿարևորՀասարակություն

Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցը Բեռլինում

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի սբ․ Հեդվիգ տաճարի բակում գտնվող հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություն։

Խաչքարը տեղադրվել էր վեց տարի առաջ՝ ի հիշատակ Հայոց Մեծ Եղեռնի զոհերին։ Այս տաճարում է տեղի ունեցել մեր անմեղ զոհերին նվիրված առաջին պատարագը Գերմանիայում՝ 1919 թվականի մայիսի 14-ին։

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը և ծաղիկներ դրել հուշակոթողին։ Ելույթով հանդես է եկել Բեռլինի ՀԵՄԱ ՀԿ-ի նախագահ Միքայել Մինասյանը՝ անդրադարձ կատարելով պատմական անցյալին։ Նա ուղիղ համեմատականներ է արել նախորդ դարասկզբի և մերօրյա իրողությունների միջև, նաև շնորհակալալկան խոսքեր ուղղել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր օգնության ձեռք են մեկնում Հայաստանին ու Արցախին՝ հաղթահարելու այս մղձավանջը։ Իր խոսքում նա առանձնակի կարևորել է համայն հայության համախմբումը։  

Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հաջորդ միջոցառումը շարունակվել է Բեռլինի Շառլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնում։ Տեղի մատուռում ներկաներին  ողջունել է դր․, պրոֆ․ տիկին Թեսսա Հոֆմաննը։ Ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը՝ նա հրատապ է համարել ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, նշել  նաև, որ անարդարացիորեն է աշխարհը վերաբերվում այս հարցին՝ օրինակ բերելով ներկա ռուս-ուկրաինական պատերազմական իրավիճակը և նրա շուրջ սևեռված աշխարհի ուշադրությունն ու սրան նախորդած հայ-թուրքական պատերազմը Արցախում և աշխարհի անտարբեր լռությունը։  

Երիտասարդ թուրք մտավորական Գյուլսեն Այթանը, (ծնվել և մեծացել Է Բեռլինում՝ թուրքական ընտանիքում), հավատարիմ իր գործունեությանը, այս արարողությանը ևս մասնակցել է և ելույթ ունեցել՝ մասնավորապես շեշտելով․ «107 տարի է անցել Ցեղասպանությունից և Թուրքիան դեռևս այն չի ճանաչել։ Դա ամոթալի է և սարսափեցնում է մեզ։ Մենք պետք է շարունակ բարձրաձայնենք։ Գերմանիայից ևս պահանջում ենք, իբրև նրա քաղաքացիներ, որ պատասխանատվություն կրեն և ճնշում գործադրեն Թուրքիայի վրա այս հարցում ։ Չնայած ստին ու ժխտողականությանը, զայրույթին ու ատելությանը՝ մենք մեր երեխաներին շարունակելու ենք իրականությունը պատմել, չենք մոռանալու մեր պատասխանատվության մասին՝ մարդկայաին արժանապատվությանը համապատասխանող ապագա կառուցելու համար»։   

Բանախոսների ելույթների ընդմիջումներին երաժշտական կատարումներով հանդես է եկել ջութակահարուհի Լիլիթ Ռոստոմյանը։ Իսկ հույն ականատես Ստատիս Կ․ Խրիստոֆորիդիս-Սարպոգլիսի վկայագրից հատվածներ է կարդացել հայզգի գերմանաբնակ դերասանուհի Բեա Էհլերս Կերբեկյանը։

Միջոցառման մասնակիցները մատուռի զանգերի ղողանջների ներքո շարժվել են դեպի հուշապատ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Գերմանահայոց թեմի հոգևոր սպասավոր Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը աղոթք է բարձրացրել և հոգեհանգստյան կարգ կատարել՝  միջոցառումը եզրափակելով «Կիլիկիա» երգի կատարմամբ։

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ին՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ ավանդական ցույցով։ Այն տարիներ ի վեր կազմակերպում է «Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը»։

Back to top button