ԿարևորՄիջազգային

Մակրոնի վերընտրվելը լավագույն բանն է հայ-ֆրանսիական հարաբերությունների համար․ քաղաքագետ

Ֆրանսիայի 26-րդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Էմանուել Մակրոնը։ Մակրոնի մրցակից ազգայնական Մարին Լը Պենի օգտին քվեարկել է ընտրողների 42.4, իսկ գործող նախագահ Էմանուել Մակրոնի օգտին՝ 57.6 տոկոսը։ Վելուծաբանների կարծիքով՝ Մակրոնի պաշտոնավարման  5 տարիներին հայ-ֆրանսիական բարեկամությունը նոր՝ ավելի բարձր նշաձողի է հասել։ «Ռադիոլուր»-ն ամփոփել է երկկողմ հարաբերությունների մակրոնյան 5 տարիները և առանձնացրել ուշագրավ դրվագները։

«Շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ», «Հայաստան բառը շատ նուրբ ու հուզիչ զգացումներ է առաջացնում Ֆրանսիացիների հոգում»․․․ Այս կերպ է արտահայտվել Ֆրանսիայի 26-րդ նախագահ Էմանուել Մակրոնը՝ տարբեր առիթներով խոսելով Հայաստանի մասին։ Կիրակի՝ ապրիլի 24-ին, նա երկրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Ֆրանսիայի նախագահ։

Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության պատմության մեջ մինչ օրս ընդամենը երեք նախագահ է կարողացել վերընտրվել երկրորդ ժամկետով։ Մակրոնը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Առաջին ընտրություններում էլ երկրորդ փուլում է հաղթել նույն մրցակցին:

Մակրոնի պաշտոնավարման նախորդ 5 տարիներին նոր, ավելի բարձր մակարդակի վրա է դրվել հայ-ֆրանսիական բարեկամությունը՝  նկատում է քաղաքագետ Վահե Պողոսյանը։ Ըստ նրա՝ Մակրոնի վերընտրվելը լավագույն բանն էր, որ այս պահին կարող էր տեղի ունենալ հայ-ֆրանսիական հարաբերություններում։

«Պետք է նշեմ, որ Ֆրանսիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության կամ հայկական արտաքին քաղաքականության համար մշտապես եղել է արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, հատկապես ԵՄ շրջանակում։ Հաճախ հայ-ֆրանսիական հարաբերությունների շնորհիվ են հաղթահարվել այն «կնճիռները», որոնք առաջացել են ՀՀ-ի և Եվրոպական միության միջև»,- նկատում է Վահե Պողոսյանը։

2022թ Հայաստանն ու Ֆրանսիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Փարիզում  «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի ժամանակ խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին՝ Մակրոնն  անդրադարձել էր նաև 2020-ի 44-օրյա պատերազմին։ «Պետք է աչալուրջ լինել։ Այս իրավիճակում չպետք է մոռանանք 2020 թվականի աշունը։ Այստեղ էլ ամեն ինչ լուծված չէ և շատ անելիքներ կան»,- հայտարարել էր Մակրոնը։

Մակրոնը բազմիցս շեշտել է, որ կարևորում է տարածաշրջանային խաղաղությունը և պատրաստ է այդ հարցում կարևոր դերակատար լինել։ «Այդ ոգով է, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ օգնելու նրան հաղթահարել Լեռնային Ղարաբաղի արյունալի պատերազմից հետո իր առջև ծառացած մարտահրավերները»։

Քաղաքագետ Վահե Պողոսյանը նկատում է՝ Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, առանցքային  դերակատարում ունի Հայաստանի համար։ Պողոսյանը շեշտում է՝ Մակրոնը 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում աչքի է ընկել իր հայանպաստ հայտարարություններով, ինչի համար մեկ անգամ չէ, որ քննադատվել է։

«44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական կողմի արձագանքները և հատկապես հրադադարի փորձերը, որոնք չհաստատվեցին ադրբեջանական կողմի պատճառով, պետք է դիտարկել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահման տեսանկյունից։ Ֆրանսիան նաև քննադատվեց պատերազմի ընթացքում մի շարք հայանպաստ հայրարարությունների համար, որոնք դրսևորվում էին պետական բարձր մակարդակներում։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահն անձամբ էր քննադատել Էմանուել Մակրոնին, որի հայտարարությունները շեշտում էին նրա հայանպաստ դիրքորոշումը»,-մանրամասնում է քաղաքագետը։

Մակրոնն առանձնացել է ոչ միայն Հայաստանի հանդեպ սիրով, այլ  նաև սոցիալական ցանցերում հայերեն գրառումներով, որոնք ոգևորություն են առաջացրել հայկական մեդիայում։ Վահե Պողոսյանը նկատում է․

«Բնականաբար սա ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ դրանով Ֆրանսիայի նախագահը ի ցույց է դնում իր և ֆրանսիացի ժողովրդի սերն ու բարեկամությունը»։

Մակրոնի պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի չանցած՝ 2018-ի հոկտեմբերին մահացավ ֆրանսիահայ շանսոնե Շառլ Ազնավուրը։ Այս առիթով Մակրոնը իր ցավակցական ուղերձում շեշտել էր․ «Ազնավուրը Հայաստանի զավակն էր, բարեկամը, դեսպանը։ Նրա շնորհիվ Հայաստանը շատ բան է տվել Ֆրանսիային»։

Ֆրանսիան, ի դեմս Մակրոնի, Հայաստանի կողքին էր նաև 2020թ ահագնացած կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ «Հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Համերաշխությամբ ու բարեկամությամբ ասում եմ՝ Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին։ Վարակը միասին կհաղթահարենք»,-գրառել էր Էմանուել Մակրոնը։

Քաղաքագետ Վահե Պողոսյանն ասում է՝ Էմանուել Մակրոնի վերընտրվելուց հետո պետք է ևս մեկ նոր, ավելի ջերմ էջ բացել հայ-ֆրանսիական բարեկամության մեջ։

«Պետք է առավել հստակ կենտրոնանալ կրթական, մշակութային, առողջապահական, ինչու չէ նաև տնտեսական ոլորտների և դրանցում մեր փոխհարաբերությունները զարգացնելու վրա»,-եզրափակում է Վահե Պողոսյանը։

Վերընտրվելու կապակցությամբ Էմանուել Մակրոնին շնորհավորել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձը եզրափակելով՝ Հայաստանի վարչապետը Մակրոնին Երևան է հարվիրել։

Back to top button