ԿարևորՀասարակություն

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանների մասնակցությամբ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ, որը նախագահել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ՝ կարդինալ Լեոնարդո Սանդրին։

Իր խոսքում Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է, որ «Դարերի ընթացքում հայ սրբերի իմաստությունն ու առավելապես Սուրբ Գրիգոր Նարեկացու կողմից առաջարկվող պատմության խելամիտ ընթերցումը Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց հրավիրում է մեզ՝ Քրիստոսի հետևորդներիս, չմոռանալ ու չթողնել, որ մոռացվի այն, ինչ դեռևս երբեմն ցանկություն չկա ընդունելու կամ բացահայտորեն հերքվում է, բայց ամենից առաջ հրավիրում է մեզ վերաճանաչել այդ մեծ չարիքն ապրած ձեր ժողովրդի որդիների ու դուստրերի հավատքի մեջ դրսևորված հերոսությունը: Ինչպես 21 ղպտի քրիստոնյաները, ովքեր մի քանի տարի առաջ Հիսուսի անունը պահեցին շուրթերին, մինչ դանակը կտրում էր նրանց կոկորդը, այնպես էլ ձեր նախնիները ենթարկվեցին աքսորի, տառապեցին սովից, կանանց ու երեխաների հանդեպ բռություններից, սպանություններից և շատ այլ չարիքների՝ երբեք չդադարելով կրկնել Հիսուսի անունը, այդ անունը կապված է Հայաստանի պատմության հետ` նրա 301թ․-ի մկրտությունից ի վեր»։

Իր խոսքում անդրադառնալով անցյալի դաժան գաղափարախոսություններին, կարդինալը հավելել է, որ «․․․Հայոց ցեղասպանությունը, որը մատնվեց լռության, ցավալի նախազգուշացումն էր այն ողբերգությունների, որոնք պիտի ծավալվեին մի քանի տասնամյակ անց»։

Ավանդույթի համաձայն համատեղ ելույթով հանդես են եկել Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպաններ Ծովինար Համբարձումյանը և Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով, որ «Հայոց ցեղասպանության ուրացումն այն իրականացնողների ժառանգների կողմից անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին պատերազմը, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով և էթնիկ զտմանն ուղղված այլ գործողություններով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների  պատշաճ ճանաչման ու դատապարտման բացակայությունն աղետաբեր հետևանքներ կարող է ունենալ»։

Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդի ներկայացուցիչներ հայ դեսպաններն ընդգծել են, որ «անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի հետագայում աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կրկնության կանխարգելման, արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար»:

Պատարագի ավարտին Քահանայապետական Լևոնյան վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ կարդինալ Սանդրին, վարժարանի տնօրեն գրհ․ Նարեկ ծ.վ. Նաամոյանը և հոգևոր դասը կատարել են մոմավառություն՝ Սուրբ նահատակների լուսավոր հոգիների համար։

Ապրիլքսանչորսյան միջոցառմանը ներկա են եղել Սուրբ Աթոռի Քրիստոնյա միասնության խթանման քահանայապետական խորհրդի, Արևելյան եկեղեցիների միաբանության ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, hայ կաթողիկե քույրերը, հայ և Հռոմում քրիստոնյա մյուս համայնքների ներկայացուցիչներն ու հայ դիվանագետները։

Back to top button