ԿարևորՔաղաքական

Հայաստան-Ադրբեջան հեռախոսազանգ․իշխանության պայմանավորվածությունն ու ընդդիմության ընդվզումը

Օրվա ընթացքում բերման ենթարկվածներ ԲՈՒՀ-երից և փակված փողոցներից․ ընդդիմությունն անցել է բողոքի ակցիաների երկրորդ փուլին, որի ընթացքում խոստանում է ավելի ակտիվ գործողություններ։ Ընդդիմադիր ուժերն այժմ պայքարում են ապակենտրոն՝ տարբեր վայրերում, առանձին, առանց ընդգծված առաջնորդի։ Սա մարտավարության մաս է․ գործողությունների ավարտին՝ առանց հստակ ժամկետի, խոստանում են միավորվել։

Պայքարում են ընդդեմ խաղաղության օրակարգի և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բանակցությունների։ Պայքարի հիմնական նպատակն իշխանափոխությունն է։

Մինչդեռ իշխանությունն  ընդդիմադիրների նոր պայքարում նոր պատերազմի մարտահրավերներ է տեսնում։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել են  սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովին վերաբերող հարցերը քննարկելու շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ երկու երկրների արտգործնախարարները՝ Միրզոյանն ու Բայրամովը, հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել, քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:

Ոչ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ոչ էլ Ազգային անվտանգության փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը երեկվա դրությամբ  տեղեկություններ չունեին՝ իրենց կառույցները ընդգրկվելո՞ւ են հանձնաժողովներում, թե՞ ոչ։ ԱԱԾ փոխտնօրենը տարածաշրջանային նոր զարգացումներում ազգային անվտանգության սպառնալիքներ չի տեսնում․

Արման Սարգսյան «Երբ որևէ հստակ բան հայտարարվի, միարժեքորեն դրա մասին դուք կտեղեկանաք»։

Տիգրան Հարությունյան «Այս պահին չկա տեղեկատվություն»։

Զուգահեռաբար նախապատրաստվում է նաև «3+3» հարթակի երկրորդ հանդիպումը։ Այս մասին ասել է ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, նաև Մոսկվայի աջակցությունն է փոխանցել Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի շուրջ բանակցություններին։

ՄԽ համանախագահներից  առանձին իր հանդիպումներն է շարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Վերջերս նա Երևանում էր, իսկ այժմ Բաքվում է։ Հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Իսկ Հայաստանում սկսվել է ընդդիմության բողոքի գործողությունների  երկրորդ փուլը:

«Ուսանող, զարթնիր», «Զարթնիր, լաո» գրություններով այսօր մի շարք բուհերում իրազեկման ակցիաներ են անցկացվել, որոշ ժամանակով արգելափակվել է երթևեկությունը  Կոմիտասի պողոտայում։ Մի խումբ ընդդիմադիրներ էլ քայլարշավ են սկսել Իջևանից։ Հաղթահարելու են շուրջ 150 կիլոմետր և նախատեսում են Երևան հասնել 7 օրից։ Քայլարշավի մեկնարկի վայրը խորհրդանշորեն են ընտրել, բացատրում են ԱԺ–ի «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը և Ասպրամ Կրպեյանը։  

Գեղամ Նազարյան․ «Սա այն հատվածն է, որը Երևանը կապում է և Բերդի տարածաշրջանի, և Նոյեմբերյանի տարածաշրջանի, ինչպես նաև դեպի Ղազախ, և դեպի Թբիլիսի տանող ճանապարհն է։ Եվ, ցավոք սրտի, այսօր ցանկություն ունեն իմ թիկունքում երևացող հատվածի մի զգալի մաս նվիրել Ադրբեջանին»։

Ասպրամ Կրպեյան «Չկա Հայաստան առանց Արցախ, չկա Արցախ առանց Հայաստան, ինչպես չկա Տավուշ առանց Հայաստան և չկա Հայաստան առանց Տավուշ։ Մեր Հայրենիքի բոլոր հատվածները պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ մարդ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողությանը»։

a

Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց նրանք կհանդիպեն մայրաքաղաքում, որտեղ ի դեպ, առանձին ակցիաներ է կազմակերպում օրինակ խորհրդարանական «Պատիվ ունեմ» դաշինքը։ Մոտ մեկ շաբաթ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած Արթուր Վացեյանը պայքարի երկրորդ փուլը համարում է ավելի ակտիվ՝ երթերով և անհնազանդության ակցիաներով։ Վստահեցնում է՝ պայքարը անձնավորելու և ընդգծված առաջնորդի խնդիր դեռ չունեն, ապակենտրոն պայքարից հետո միայն կփորձեն միավորվել։  

«Մենք պետք է մեր քայլերով կարողանանք ժողովրդին ակտիվացնել, հանել փողոց և սարքել պահանջատեր։ Քանի որ բոլորիս նպատակը մեկն է ինչ-որ մի փուլում բոլորը պետք է համախմբվեն։ ես չգիտեմ դա երբ կլինի՝ 1 օրից, 10 օրից, 5 օրից, բայց մենք ժամանակ չունենք, մենք ժամանակը արդեն բաց ենք թողել։ Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի իրականացնում իր անձնական կամ իր նեղ կուսակցական շահերը առաջ մղելու համար։ Եթե մենք հիմա փորձենք ասենք, որ մեր առաջնորդը էսինչ մարդն է՝ մենք ունենալու ենք խնդիր, որովհետև մարդկանց թվալու է, որ մենք եկել ենք այստեղ ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով։ Բայց այստեղ նման խոսք, նման տրամադրություն չկա»։

Իշխանական պատգամավորները տարբեր կերպ են արձագանքում իրադարձություններին։ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը Ֆոյսբուքում է հայտնել իր կարծիքը՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։

«Ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը։ Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական։ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական շահարկման գործիք դարձնողները միտումնավոր վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանից Վաղարշակ Հակոբյանը կարծում է, որ ընդդիմությունն իր քայլերով կրկնում է այն, ինչ իրենք են արել 2018-ին։  

«Ես կարծում եմ, որ դա առնվազն լուրջ չի։ Ես ուզում եմ, որ մենք շեշտադրում չանենք կոնկրետ գործողությունների վրա։ շեշտադրում անենք իրավիճակի և այդ իրավիճակից բխող հետևանքների վրա։ Ես կարծում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր մտածում են Արցախի մասին և Հայաստանի մասին, նրանք առնվազն Ազատության հրապարակում անելիք չունեն։ նրանց անելիքը սկսվում և ավարտվում է կառավարող ուժի հետ մտածելով, թե էլ ինչ պետք է անենք մենք, որպեսզի ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի ի նպաստ ՀՀ-ի և ի նպաստ Արցախի։ Իրենք չեն կարող գնահատական տալ՝ ով է կարողանում կառավարել, ով՝ ոչ։ Դա բացառապես ՀՀ ժողովրդի, քաղաքացիների որոշումն է և 2021-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների միջոցով ժողովուրդը արդեն հայտնել է իր կարծիքը»։

Իշխանական պատգամավորի ներկայացմամբ՝ նոր արտահերթ ընտրություններ իրենց օրակարգում չկան։

Back to top button