ԿարևորՏնտեսական

Համարձակ քայլ՝ դեպի Արցախի էներգետիկ անկախություն․ մեկնարկում է «Արևային Արցախ» նախագիծը

«Shtigen» ընկերությունների խումբն Արցախ է ուղարկել 12 արևային ջրատաքացուցիչ՝ այսպիսով հայտարարելով «Արևային Արցախ» նախագծի մեկնարկի մասին։ Նախագծի նպատակն է, արևային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն՝ թույլ չտալով, որ թշնամին տնօրինի էներգիայի ուղիների «փականները»։

Արցախում գործող 36 հէկ-երից 30-ը 44-օրյա պատերազմից հետո անցան թշնամու տիրապետության տակ։ Մինչև պատերազմն Արցախն էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ էր, այլև կարողանում էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։ Այժմ պատկերը ճիշտ հակառակն է՝ Արցախն ապահովում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման 50 տոկոսը, իսկ մյուս 50-ը ներմուծվում է Հայաստանից։

«300 լիտր տարողությամբ 1 արևային ջրատաքացուցիչը 1 օրում խնայում է 16 ԿՎՏ/ժ Էլեկտրաէներգիա։ Եթե Ստեփանակերտի 10 000 տներում ու բնակարաններում տեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ, այդ թիվը տարեկան կստացվի 58 միլիոն ԿՎՏ/ժ, հետևաբար 40-65 տոկոսով  կխնայվի Սարսանգի ջրամբարի թողունակությունը»,- ասում է «Shtigen» ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը՝ կոչ անելով հայրենակիցներին միանալ նախաձեռնությանը։

Դեռևս 2019 թ․ «Shtigen» ընկերությունների խումբը Ստեփանակերտում կազմակերպել էր «Արևային Արցախ» խորագրով համաժողով, որի նպատակն էր Արցախում հասանելի դարձնել արևային էներգիայի ընձեռած հնարավորությունները՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ 2019-ից մեկնարկած գործընթացն, այսպիսով, «Արևային Արցախ» նախագծի ներքո համակարգային դրսևորում է ստանում։

Back to top button