ԿարևորՀասարակություն

Հակաայրվածքային հայկական նոր քսուքը հավակնում է գերազանցել նմանատիպ միջոցները

Այրվածքների դեմ կիրառվելիք հայկական արտադրության քսուքն առաջիկայում կարող է շուկայում հայտնվել։ Դեղաքսուք ստանալու վրա հեղինակներն աշխատել են ավելի քան տասը տարի։ Այն նախակլինիկական փուլերն անցել է, հերթը կլինիկական փորձաքննությանն է։ Հայկական հակաայրվածքային քսուքն, ըստ  հեղինակների, մի շարք  հատկություններով գերազանցում է շուկայում առկա նման միջոցներին։

Բարձր արդյունավետություն, վերքերի արագ լավացում. հայ գիտնականների առաջարկած նոր դեղաքսուքի  առանձնահատկություններն են։ ԳԱԱ գիտական խմբում վստահ են՝ իննամյա ջանքերի արդյունքում ստեղծված դեղամիջոցը կարող է  մաշկային մի շարք այլ խնդիրներ բուժել։ Ի՞նչ դեղաքսուքի մասին է խոսքը, որը ստացվել է ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Սոնա Բուլոյանն է «Ռադիոլուրին» փոխանցում․   

«Դեղաքսուքը կոմբինացված դեղանյութ է, որտեղ համակցված են հակաբիտոիկային ակտիվություն ունեցող ֆիցիլինն ու տեղային ցավազրկող հատկություն ունեցող լիդոկային դեղանյութը։ Փորձել ենք համակցել, քանի որ այրվածքները և վերքերն ունենում են բարձր ցավային հատկանիշեր։ Կոմբինացնելով կարող ենք ստանալ և ցավը մեղմող, վերքը լավացնող ազդեցություն։ Դեղաքսուքն  արդյունավետ է»։

Սոնա Բուլոյանն ասում է՝  դեղանյութի ազդեցությունը համեմատել են  շուկայում առկա այլ հակաայրվածքային քսուքների հետ։ Հայկական նորը շատ արդյունավետ է, շատ արագ լավացնում է վերքերը, անգամ գերազանցում որոշ հատկանիշերով։  Դեղանյութը նախնական կոչել են «Դերմաֆեն», բայց հնարավոր է վերանվանեն․ նույն անվամբ դեղ շուկայում արդեն կա։ Դեղաքսուքի հետազոտությունը  ԳԱԱ-ում սկսել են ավելի քան տասը տարի առաջ։  Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հրաչիկ Գասպարյան․

«Մոտավորապես 12-13 տարի ենք զբաղվել՝ շատ մանրամասն։ Փորձարկել  ենք,  նախակլինիկական հետազոտությունները արված են։ Եւս մի քանի հատկությունկպարզենք ու կուղարկենք կլինիկական հետազոտությունների»։

Գիտական փորձարկումներից երկար ճանապարհից հետո կարճ չէ նաեւ շուկա հասնելու ուղին՝ ասում է  գիտնականն ու թվարկում՝  վերջնական նախակլինիկական հետազոտություններ, փաստաթղթերի ամբողջացում, կլինիկական հետազոտություններ ու ոչ միայն․ դեղ արտադրելը նաեւ մեծ գումարներ է պահանջում․ Սոնա Բուլոյան․

«Յուրաքանչյուր դեղանյութ՝ անկախ տեսակից,  պետք է երկար ժամանակ նախակլինիկա, կլինիկա անցնի, պետք է   հաստատվի, որ կողմնակի ազդեցություն չունի, օգտագործման համար անվնաս է, հետո հաստատվի ու նոր միայն արտադրության  թույլտվություն տրվի»։  

Հակաայրվածքային նոր քսուքի ստեղծումը ԳԱԱ-ում գործող գիտական այս խմբի միակ ձեռքբերումը չէ․ այստեղ նաև երեք նոր միացություն են սինթեզել։ Դրանցից մեկը հավակնում է կիրառվել Ալցհայմերի հիվանդության բուժման համար։ Գիտնականն ասում է՝ եթե իրոք կարողանան վերջնական արդյունքն ապացուցել, կզարմացնեն ողջ աշխարհին։ Իսկ մինչ կհաջողեն զարմացնել՝ դեռ նոր in vitro հետազոտություններ են անում՝ փորձում են բջջային կուլտուրաներ ստանալ տարբեր հյուսվածքներից, ինչպես օրինակ՝ նյարդային կամ լյարդի հյուսվածքներից, աճեցնել  այդ հյուսվածքները լաբորատոր պայմաններում,  փորձարկել տվյալ միացությունների բջջապաշտպանիչ ու ցիտոտոքսիկ ազդեցությունները՝ ասում է Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի լաբորատորիայի ղեկավարը․

«Մենք պետք է հետազոտենք այդ միացությունների ազդեցությունը նյարդային բջիջների վրա։  Իսկ մենք գիտենք, որ Ալցհայմերի հիվանդությունը նևրոդեգեներացիայի հետ է  կապված»։

Գիտական առաջարկները սեղանին են, բայց հաջորդ փուլն ավելի բարդ է լինելու․ այստեղ է, որ պետության աջակցությունն են ակնկալում։ Գիտնականների աշխատավարձերը բարձրացել են, բայց դա քիչ է երիտասարդներին գիտության մեջ պահելու համար, պետք է նաեւ գիտափորձերի համար պայմաններ ստեղծել՝ ասում է երկարամյա գիտնական Հրաչիկ Գասպարյանը։

«Մեր ամենաէժան ռեակտիվը 300-400 եվրո է, իսկ մեր հետազոտությունները իրականացվում են տասնյակ նյութերով։ Եթե դրամաշնորհ ենք հայթայթում, լավ է, բայց միշտ չէ, որ կարողանում ենք գտնել»։

Ու չնայած խնդիրներին՝ գիտնականների խումբը ջանում է հայկական գիտական մտքի արդյունքը շուկա հասցնել։ Մինչ այդ՝ այս մասին արդեն նաեւ միջազգային ամսագրերն են խոսում։

Back to top button