ԿարևորՄշակույթ

Բացառիկ համերգ Վերսալում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլի 23-ի երեկոյան Վերսալի արքայական պալատում տեղի է ունեցել բացառիկ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Հայկական երաժշտության 1000 տարին» խորագիրը կրող համերգի ընթացքում հնչել են Բաբաջանյանի, Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Եկմալյանի և մի շարք այլ հեղինակների աշխատանքներ՝ հանրահայտ երաժիշտներ Շուշան և Աստղիկ Սիրանոսյանների, Նաթանիել Գուենի, Նարեկ Կազազյանի և Լևոն Չատիկյանի կատարմամբ։

Համերգին ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Փարզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան և Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Պատվավոր հյուրերի շարքում են եղել Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, քաղաքապետեր և ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ։

Համերգից հետո դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շեշտել է, որ առաջին անգամ է, որ հայ երաժշտարվեստի գոհարները հայ տաղանդաշատ երաժիշտների կատարմամբ հնչում են Վերսալի պալատի պատերի ներսում, ինչը բացառիկ պատմական ու խորհրդանշական իրադարձություն է և վերահաստատում է հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջև անխախտ բարեկամությունը և մշակութային ամուր կապերը։

Back to top button