ԿարևորՀասարակություն

Ցեղասպանության 107-րդ տարելիցը՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրն այս տարի ավելի զգայուն է տարեսկզբից մեկնարկած հայ –թուրքական գործընթացի պատճառով։ Հայ և թուրք բանագնացներն արդեն երկու անգամ հանդիպել են, երրորդ հանդիպումը նույնպես նախատեսված է, բայց ժամկետերն առայժմ հստակ չեն։ Կողմերը հայտարարել են, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։

Գործընթացից արագ արդյունքներ պետք չէ ակնկալել՝ ասում են  քաղաքագետները։ Պատմաբաններն էլ հիշեցնում են այն կարմիր գծերը, որոնք չպետք է անցնել Անկարայի հետ բանակցությունների ընթացքում։

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում  հերթական փորձն է արվում կարգավորելու հայ–թուրքական հարաբերությունները։ Դրանք չեն հաստատվել 91-ից ի վեր․ Թուրքիան թեև ճանաչել է Հայաստանի անկախությունը, բայց դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, իսկ 93-ին միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները:

Հաջորդող տասնամյակների ընթացքում սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խանգարել են Թուրքիայի նախապայմանները՝ Արցախի խնդրի  և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու վերաբերյալ։

Երկկողմ հարաբերությունների կարգավորման փորձեր, սակայն, եղել են  Հայաստանի  բոլոր նախագահների պաշտոնավարման  օրոք։

Ամենահիշարժանը 2008-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մեկնարկած գործընթացն էր, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական երկու արձանագրությունները:  Դրանք, սակայն, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում չվավերացվեցին, քանի որ գործընթացը դարձյալ պայմանավորվեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2010-ին Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց, իսկ 2015-ին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին,  դրանք  հետ կանչվեցին Ազգային ժողովից:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման  նոր փուլը մեկնարկեց 2021-ի տարեվերջին։ Դեկտեմբերին Հայաստանը և Թուրքիան հայտարարեցին հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին։ Ռուբեն Ռուբինյանն և Սերդար Քըլըչն այս տարի հանդիպել են արդեն երկու անգամ։ Առաջին հանդիպումը հունվարի 14-ին էր, Մոսկվայում։ Երկրորդը փետրվարի 24–ին, Վիեննայում։ Երրորդ հանդիպումը  նույնպես Վիեննայում է նախատեսվում, բայց հստակ ամսաթիվ դեռ չի նշվում։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝  բանակցությունների նոր  փուլը տարբերվում է նախորդներից.

«Սա նախորդ փորձերից տարբերվում է նրանով, որ նախապայմաններ չկան։ Իհարկե, Թուրքիան միշտ էլ առաջադրել է, թեեւ հայտարարել է, որ կողմ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Այս անգամ այդ նախապայմանները պայմանավորում է Ադրբեջանի հետ համաձայնեցմամբ։ Եվ երկրորդ՝ ՀՀ–ի դիրքերը տարածաշրջանում շատ ավելի թույլ են, Հայաստանը շատ ավելի խոցելի վիճակում է եւ այս փուլն ընթանում է ռուս–թուրքական, ռուս–ադրբեջանական հարաբերությունների ջերմացման ֆոնին»։

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը,  պատմության էջերը թերթելով, զգոնության կոչ է անում, հիշեցնում՝ Անկարան հաճախ է  խոսել է առանց նախապայմանների գործելու մասին, բայց արել է հակառակը։ Այսօր էլ չի թաքցնում, որ բոլոր հարցերը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։

Թուրքագետը նշում է հայկական կողմի կարմիր գծերը՝ Հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախյան հարց  ու Կարսի պայմանագիր.

«Ինձ համար կարեւոր է, որ հայկական կողմը նշի այն կարմիր գիծը, որն անցնել չի կարելի։ Դրանք այն սկզբունքային հարցերն են, որտեղ մեր զիջումները, իմ կարծիքով,  բացառվում են դա Ցեղասպանության հարցն է, Արցախի հարցը եւ Կարսի պայմանագրի հարցը»։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն առավել կարեւորում է Արցախի խնդիրը, իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչումը մշտապես պետք է լինի մեր օրակարգում՝ ասում է.

«Կարսի պայմանագրի կետը ես կհանեի, քանի որ այդ հարցում մտահոգություն չեմ տեսնում։ Ցեղասպանության ճանաչման հարցում խնդիրը պետք է լինի այն, որ Հայաստանը պետք է պարտավորվի պետական մակարդակով միջազգային ատյաններում չբարձրացնել այդ հարցն ու հրաժարվել պահանջատիրությունից։ Եթե խոսքն այս մասին է, ապա մենք տեսել ենք, որ միջազգային հանրությունը դրան անդրադառնում է, երբ իրեն է դա պետք եւ ոչ թե մեզ։ Շատ ավելի կարեւոր է Արցախի հարցում  այդ  նախապայմանը, ցավոք այստեղ մենք դիմադրելու մեծ ռեսուրսներ չունենք»։

Ի՞նչ է ուզում Հայաստանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ի՞նչ է ուզում հայ ժողովուրդը Թուրքիայից ու միջազգային հանրությունից։

«Տեղի է ունեցել մեծ հայրենազրկում, մեզ պետք է, որ դա միջազգայնորեն  ճանաչվի, որի գործնական նշանակությունը կլինի այն, որ այսուհետ կբացառվի դրա կրկնությունը։ Պետք է միջազգայնորեն դատապարտվի Թուրքիան։ Սա շատ կարեւոր է, քանի որ եթե այդ հարցը միջազգայնորեն ընդունվի ու ճանաչվի, ապա հայ–թուրքական հարաբերությունները բոլորովին այլ բնույթ կկրեն, եւ չեն կարծում թե դրանից հետո Թուրքիան կկարողանա նույն ակտիվությունը ցուցաբերել հայ–ադրբեջանական հարաբերություններում, ինչպես հիմա է։ Եւ հետո, երբ խոսվում է փոխհատուցումների մասին, ապա դա շատ ավելի բարդ հարց է, ես չեմ կարծում թե դա գործնականում հնարավոր է լինելու անել»։

Քաղաքագետը քիչ հավանական է համարում  հայ–թուրքական հարաբերութունների հաստատման հավանականությունը։ Կարծում է՝ դա ձեռնտու չէ նաև Ռուսաստանին.

«Չեմ  կարծում, թե հարաբերությունները կհաջողվի կարգավորել այս փուլում, եւ խնդիրը նախապայմաններ չեն։ Մեծ հաշվով խնդիրն այն է, որ Ռուսաստանին այնքան էլ ձեռնտու չէ հայ–թուրքական հարաբերությունների տեւական կամ վերջնական կարգավորումը, որովհետեւ դա կնշանակի Ռուսաստանի դերի թուլացում մեր տարածաշրջանում ,եւ, օրինակ, Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետագա պահպանման նպատակահարմարության հարց կառաջանա։ Ռուսաստանին գուցե ձեռնտու լինի այդ կարգավորումը այն դեպքում, եթե  Հայաստանն ամբողջությամբ գտնվի ռուսական ազդեցության տակ, պարզ ասած՝ դա լինի ռուսական նահանգի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում»։

Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ բանակցությունները, որոնք սկսվել են, դանդաղ կընթանան։ Դրանք կձգձգվեն, ու ոչինչ չի ստացվի, քանի որ Թուրքիան ուզում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից ։

Back to top button