ԿարևորՄշակույթ

Ցեղասպանության մասին Դեմիրճյանի անտիպ դրամայի մոտիվներով բեմադրությունը՝ դպրոցական բեմում

Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցում փորձեր են․ բեմադրվում է ներկայացում, որը գրվել է Դերենիկ Դեմիրճյանի անտիպ գործերից մեկի՝ «Հովնան Մեծատուն» դրամայի մոտիվներով։ Այն վերծանել է գրողի անունը կրող թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը և առաջարկել դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանին բեմադրել գործը։ Բեմադրիչը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան, ռեժիսոր Արսեն Գրիգորյանն է։

«Շատ բարդ գործ է, ես չգիտեմ եթե սա պրոֆեսիոնալ թատրոն տանենք, կհամաձայնե՞ն դերասանները խաղալ, որովհետև 4 արարով բարդ գործ է, նաև բովանդակային առումով է շատ վիճելի, այստեղ ոչ միայն գլխավոր դերում խնդիրներ կային, այլև հավաքական ժողովրդի կերպարն է անհասկանալի, չգիտեմ, ինչու է Դեմիրճյանը որոշել այսքան անարդար ներկայացնել, բայց ամեն դեպքում մենք փոփոխել ենք սյուժեն»,-ասում է դերասանը։

Գլխավոր դերում պատմության և հասարակագիտության ուսուցիչն է՝ Արսեն Թորոսյանը։ Սա նրա առաջին փորձը չէ բեմում․ դպրոցում ամիսներ առաջ բեմադրվել է նաև «Վերջին ուսուցիչը», որտեղ Արսենը մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը։ Այս ստեղծագործության մեջ Արսեն Թորոսյանը կերտում է Հովնանի դերը։ Ուսուցիչը կարևորում է բեմում իր և աշակերտի համագործակցությունը, ասում է՝ սա ևս մի տարբերակ է աշակերտներին ներկայացնելու Ցեղասպանության պատմությունը։

«Դասերի ժամանակ ներկայացնում ենք՝ ինչպես է տեղի ունեցել Ցեղասպանությունը, լուրջ անդրադարձ ենք կատարում ինքնապաշտպանական մարտերին, ես նաև շատ կարևորում եմ «Նեմեսիս» գործողությունը,  և դասերի ժամանակ սրան հատուկ անդրադառնում եմ ավելի խորապես, որովհետև սա ցույց է տալիս հայի վրեժխնդրությունը, արդարության ձգտումը»,-ասում է պատմության ուսուցիչը։

Գլխավոր մյուս երկու դերերը խաղում են 9-րդ դասարանի աշակերտուհիներ Ջուլիետա Ավետիսյանն ու Ջուլիետա Հովսեփյանը։ Առաջինը մարմնավորում է գլխավոր հերոսի՝ Հովնանի դստեր, մյուսը՝ հարսի կերպարը։ Զրույցի ժամանակ անկեղծանում են՝ դերերը պատասխանատու են, բայց  բեմում խաղալը հաճելի է։

«Եթե անկեղծ լինեմ, ինձ շատ է դուր եկել Հերիքի կերպարը՝ Հովնանի դստեր, որովհետև վրեժխնդիր է լինում թուրքից և վեր է հանում հայի այն կերպարը, որին մենք միշտ ձգտում ենք հասել»։

«Նունուֆարի դերն եմ խաղում՝ Հովնանի հարսի, նրա կերպարը շատ անձնազոհ կերպար է, հարազատներին փրկելու համար պատրաստ է ամեն ինչի, և ես հույս ունեմ, որ լավ կկարողանամ ներկայացնել այս դերը»։

Դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանն էլ պատմում է, որ դպրոցում բեմադրվել են նաև այլ ներկայացումներ՝ այդ թվում «Վարդանանք»-ը։ Միասին բեմում լինելն ուսուցիչներին ու աշակերտներին թույլ է տալիս նորովի համագործակցել։

«Երեխաները բեմում ուսուցչի հետ դառնում են ընկերներ, տեսնում են ուսուցչի մեջ ավագ ընկեր, ոչ թե վախի կենտրոն, իսկ ավագ ընկերոջը լսելը շատ ավելի կարևոր է, էլ չեմ ասում նրա հետ նույն բեմում խաղալը, իսկ պրոֆեսիոնալ դերասանն օգնում է ավելի ճիշտ բեմադրություններ ստանալ, երեխաներն էլ հասկանում են ամեն գործում պրոֆեսիոնալ մոտեցման կարևորությունը»,-ասում է դպրոցի տնօրենը։

Դեմիրճյանի դրամայի մոտիվներով բեմադրված ներկայացման պրեմիերան տեղի կունենա մայիսի սկզբին, պրոֆեսիոնալ դերասանի, աշակերտի և ուսուցչի համագործակցությունը բեմում, ինչպես նշեց տնօրենը, դպրոցում շարունակական կլինի։

Back to top button