ԿարևորՔաղաքական

Ցեղասպանության ճանաչում 2022․ մոռացությո՞ւն, հապաղո՞ւմ, թե՞ հստակեցում

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը՝ նշվում է կառավարության հնգամյա ծրագրում: Գործադիրը նաև հստակեցնում է, որ  Ցեղասպանության միջազգային ճանաչումը ծառայեցվելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:

36 երկիր և բազմաթիվ միջազգային կառույցներ  ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Ամենասպասված ճանաչումը թերևս 2021–ին էր, երբ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայ ժողովրդի կոտորածը Օսմանյան կայսրությունում պաշտոնապես դատապարտեց և ճանաչեց որպես ցեղասպանություն։ Ճանաչման ուղղությամբ  ի՞նչ քայլեր են եղել  2022–ին։

2022–ի ընթացքում մեկ տասնյակից ավելի միջազգային պատվիրակություն է այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Իրալիայի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Ավստրիայի և Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան կատարած այցերի ընթացքում հարգանքի տուրք  են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Յուրաքանչյուր այցելությունից հետո Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի պուրակում ավելանում են անվանական եղևնիները, իսկ Պատվո հյուրերի հուշամատյանում՝ գրառումները։ Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցը պաշտոնական պատվիրակությունների թվով չի առանձնանում։ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը սակավաթիվ պատվիրակությունների այցելության մասին է տեղյակ։

«Պատվիրակություն Հայաստան–Իսրայել և Հայաստան–Սիրիա խորհրդարանական բարեկամամական խմբերի ներկայացուցիչներից, նախարար Նիդերլանդներից և Ֆրանկոֆոնիա կազմակերպության ներկայացուցիչը»։

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի այցելությունը ոչ միայն պարտադիր ընդգրկվում է զբոսաշրջիկների ճանաչողական էքսկուրսիաների մեջ, այլեւ պետական պաշտոնական այցերով Հայաստան ժամանող բարձրաստիճան պաշտոնյաների ծրագրերում: Բայց արարողակարգը նրանց թույլ է տալիս ինքնուրույն որոշել՝ ցանկանո՞ւմ են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք, թե՞ ոչ:

Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պատվիրակությունները հրաժարվել են արարողակարգի այդ կետից՝ անձնական, քաղաքական կամ այլ հիմնավորումներով: Ամեն դեպքում՝ արդեն հատորներ են պահպանվում թանգարանի պահոցում՝  աշխարհի տարբեր երկրների ղեկավարների գրառումներով ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրանց ասելիքով:

Միջազգային ամենաբարձր և ամենասպասված «ասելիքը» Հայոց ցեղասպանության մասին թերևս 2021–ին էր, երբ ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենը հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտեց և ճանաչեց որպես ցեղասպանություն։ Դրանից հետո միջազգային ճանաչման գործընթացը դանդաղեց՝ տարբեր  քննադատությունների առիթ դառնալով։ Մինչդեռ Կառավարության 2021–2026 թվականների ծրագրում հարցն ընդգրկված է՝ որպես առաջնահերթություն։  Այդ դիրքորոշումը տարբեր քննարկումների ժամանակ պնդել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։

Արարատ Միրզոյան. «ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն ստացել է կառավարության ծրագրում։ Հստակ արձանագրված է, որ ՀՀ–ն շարունակելու է իր ջանքերը ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ ընդհանրապես աշխարհում մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը»։

Վահե Գևորգյան. «Հայոց ցեղասպանության ճանաչումը և ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելումը մեզ համար ոչ միայն պատմական արդարության, այլև Հայաստանի անվտանգության խնդիր է և տարածաշրջանում ապրող հայ ժողովրդի անվտանգության խնդիր է։ Այն ներկա է բոլոր հիմնարար փաստաթղթերում, և մենք այս ուղղությամբ մեր ջանքերը շարունակելու ենք»։

Այն  ճշգրտումը, որն արել է գործող կառավարությունն այս հարցում,  ներկայացրել է վարչապետ Փաշինյանը իր հարցազրույցներից մեկում՝ պնդելով, որ փոփոխությունը  նախ և առաջ իրողությունների արձանագրում է.

«ՀՀ–ն երբեք հայ դատի քաղաքականություն չի վարել, երբեք։ Ավելին՝ օրինակ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի։ Ըստ էության՝ այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականություն չի եղել, և ՀՀ–ն երբեք Հայաստան–Թուրքիա սահմանը երբեք կասկածի տակ չի առել։ Դուք չեք գտնի ՀՀ ոչ մի ղեկավար կամ կառավարություն, որը կասկածի տակ է դրել Հայաստան–Թուրքիա սահմանը, և մենք այս քաղաքականությունից չենք հրաժարվել։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացի լոկոմոտիվը, շարժիչ ուժը միշտ էլ եղել են Սփյուռքը և Սփյուռքի կազմակերպությունները»։

Միջազգային հարթակներում Հայաստանի այս տարվա ձեռքբերումը թերևս գրանցվեց մոտ մեկ ամիս առաջ ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի 49–րդ նստաշրջանում, որի ընթացքում ընդունվեց Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։  

Բանաձևում, գնահատելով ներկա վտանգներն ու մարտահրավերները, նախանշվում են այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ:

Այս տարվա մեկ այլ աշխատանքային արդյունք կարելի է համարել այն, որ ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: Կարգը կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից: Այս օրինագիծը, ըստ էության, 12 տարվա հետևողական գործունեության արդյունք է: ԱՄՆ 19 նահանգներ արդեն գործադրել են նման օրենքներ՝ կարևորելով  մարդկության դեմ իրագործված հանցագործությունների պատմության ուսուցումը՝ որպես մարդու իրավունքները հարգող, հանդուրժող և պատասխանատու քաղաքացիներ դաստիարակելու նախապայման:

Back to top button