ԿարևորՀասարակություն

Րոպեում՝ 100 այցելու․ ինչ են գրում ցեղասպանության թանգարանի թուրք այցելուները

Չի դադարում նաև Ցեղասպանության թանգարանի այցելուների հոսքը։ Գալիս են թե տեղացիներ, թե զբոսաշրջիկներ։ Գործունեության շուրջ 3 տասնամյակների ընթացքում թանգարանը մեծ դեր է ունեցել թե որպես գիտական հաստատություն՝ տասնյակ ու տասնյակ գրքեր, վավերագրեր և պատմական փաստաթղթեր հրատարակելով Հայոց Ցեղասպանության մասին, թե որպես թանգարան, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է իր աչքով տեսնել այն արհավիրքի վավերագրությունը, որի միջով անցել է 1,5 միլիոն հայ նախորդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարիներին: Այստեղ կարելի է տեսնել ամենատարբեր տարիքի և ազգի այցելուների։

Ցեղասպանության թանգարանը տպավորիչ է հենց մուտքից։ 1915-ի ողբերգական իրադարձությունների մասին ցուցադրության հեղինակներին հաջողվել է յուրաքանչյուր այցելուի փոխանցել անձամբ  այդ արհավիրքի ականատեսը լինելու տպավորություն։ Թանգարան այցելողների մեջ տարիքային խմբերի բացառություն չկա, մի մասը գալիս է նույնիսկ ամեն տարի՝ նոր փաստերի ծանոթանալու ակնկալիքով։ Այդ այցելուներից է 14-ամյա Դավիթը։ Չնայած տարիքին՝ իրազեկ է պատմության սարսափելի էջերի մասին և շատ լավ է գիտակցում, թե ինչի միջով են անցել մեր նախնիները, որոնց շարքում նաեւ՝ իր պապի պապը.

«Պապիկիս պապիկը մասնակցել է Մուսա լեռան 40 օրվան ու մեծ դեր խաղացել։ Թուրքերը գերի են վերցրել, տարել անապատ, տանջահար արել նրան և մի քանի գյուղացիների։ Նրան հաջողվել է փախչել, Ստալինը նրան կանչել է Հայաստան՝ խոստանալով չաքսորել Սիբիր։  Խաբվելով եկել են Հայաստան ու աքսորվել։ Պապս արդեն Սիբիրում է ծնվել և միայն դրանից հետո եկել Հայաստան։  Ինքս ամեն անգամ թանգարան գալիս կարդում, նոր բաներ եմ իմանում։ Այսօր էլ կարդացի Մուսա լեռան 40 օրը, ինչ չգիտեի՝ իմացա, ինչ պապիկս չէր պատմել՝ կարդացի։ Վստահ եմ ՝ ապագայում պետք կգա։ Բոլորս պետք է մեր պատմությունը կարդանք ու իմանանք»։ 

Դավիթն արդեն մի քանի տարի է՝ ոչ թե ծնողների հետ է գալիս Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան մտնում, այլ՝ հասակակից ընկերների՝   ուսումնասիրելու թանգարանային նմուշները․

«Ժամանակավոր ցուցասրահում տեսա, թե ոնց են հայ կանանց տանջում, ապա սպանում։ Ճիշտ է՝ ես Արևմտյան Հայաստանում չեմ ծնվել, այնտեղից բարեկամներ էլ չունեմ, բայց արդեն ահագին բան գիտեմ։ Օրինակ՝ ինձ շատ են դուր գալիս վրիժառուները։ Թալեաթ Փաշային, Ջեմալին սպանեցին։ Արդեն պարտքի նման մի բան է դարձել՝ գալ, տեսնել, թեկուզ բաներ էլ կան, որ մոռանում ենք, նորից գալիս, վերհիշում ենք»։

Եթե տղաներին թանգարանային ցուցադրությունն է հետաքրքրում, ապա այստեղի գիտաշխատողներն էլ իրենց հերթին են հատուկ ուշադրության արժանացնում թանգարանի այցելուներին։ Գիտաշխատող Էլինա Միրզոյան․

«Ողջունելի է, որ դպրոցական 13-14 տարեկան դպրոցականներն այնպիսի վարք և իմացություն են դրսևորում, շատ ուրախալի ու հուսադրող է»։

Ցեղասպանության թանգարանը եզակի հաստատություն է, որտեղ ամբարված են Ցեղասպանության մասին վկայող անհերքելի փաստեր։ Փաստաթղթերը, լուսանկարներն ու արխիվային արժեքավոր նյութերը համալրվում են ամեն տարի։ Թանգարանի տնօրեն Հարություն Մարությանն ուշագրավ տվյալներ է հայտնում․

«Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոսներից Վահան Բուռնազյանը ընտանեկան մասունքներ հանձնեց։ Շվեյցարիայից Ֆելիքս Ցիկլերը շվեյցարացի միսիոներ Յակոբ Քյունցլերի գիրքը։ ԱԳՆ աշխատակից Արամ Գրիգորյանը նվիրաբերեց իր հոր՝ Վարդան Գրիգորյանի նամակագրությունը Հեդվիկ Գյուլի հետ։ Նամակագրություն, լուսանկարներ»։

Ապրիլի 24-ին թանգարանն ամեն րոպե շուրջ 100 այցելու է ունենում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է թանգարանի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը․

«Տարվա կտրվածքով, համավարակով պայմանավորված, այցելուների թիվը խիստ նվազել էր, բայց 2020-ի օգոստոսից աստիճանաբար բնականոն աշխատանքը վերականգնվեց։ Նախորդ տարի ավելի քան 30 000 այցելու ենք ունեցել, ճնշող մեծամասնությունն՝ օտարերկրացիներ»։

Թանգարանն ունենում է նաև թուրք այցելուներ,  որոնք շատ հաճախ իրենց տպավորություններով կիսվում են հուշամատյանում։ Ափսոսանք, ներողություն, ցավակցություններ կան նրանց գրառումներում։ Առհասարակ այցելուները գրում են թե վրեժի խոսքեր, թե մարդասիրական կոչեր։ Թանգարանի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյան․

«Որպես կանոն՝ թանգարան գալիս են այն թուրքերը, ովքեր ծանոթ են պատմությանը, ընդունում են ցեղասպանությունը։ Մինչև համավարակը գրառումների մատյան ունեինք, որտեղ նաև թուրքերն էին թողնում գրառումներ, որ ցավում են, կան նաև ներողություն խնդրողներ»։

Back to top button