ԿարևորՀասարակություն

Հայերի բռնի կրոնափոխումը՝ 1890-1920 թթ-ին․ լույս է տեսել ավստրալահայ հետազոտող Արա Քեթիբյանի հերթական գիրքը

Ավստրալահայ գրականագետ, հետազոտող Արա Քեթիբյանն արդեն 15 տարի  զբաղվում է ամերիկյան մամուլի ուսումնասիրությամբ․ հավաքում ու արխիվացնում է տեղեկություններն այն մասին, թե համիդյան ջարդերի ժամանակ ինչպես են ամերիկյան թերթերն ու պարբերականներն արձագանքել նախորդ դարասկզբի իրադարձություններին։ Քեթիբյանը «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում» բազմահատորյակի հեղինակն է, օրերս լույս է տեսել նոր՝ «Բռնի կրոնափոխումը Օսմանյան Թուրքիայում. հաղորդումներ ամերիկյան մամուլից 1895-1920 թթ․-ին» գիրքը։

«Ամերիկյան մամուլը համիդյան կոտորածների վերջից՝ 1895-ից ակտիվորեն արձագանքում է դեպքերին` շնորհիվ միսիոներների վկայությունների, մանավանդ Խարբերդի շրջանում։ Այստեղ ամենալայնածավալ բնույթի էին բռնի կրոնափոխությունները, իհարկե կային վկայություններ դեսպանությունների մակարդակով, ինչպես նաև հայերի կողմից գրված նամակներ իրենց ազգականներին, որոնք Ամերիկայում էին բնակվում։ 1915-ին ավելի լայն էր արձագանքը՝ Ցեղասպանության ժամանակ արդեն»,-ասում է Արա Քեթիբյանը։

Գրքում ամփոփվել են ոչ միայն ամերիկյան մամուլի անդրադարձները, այլև դիվանագետների մեկնաբանությունները, հայտարարությունները, քաղաքական գործիչների, դեսպանների և հյուպատոսների կարծիքներն ու  արձագանքները։ «Կոտորածների, տեղահանությունների մասին շատ է գրվել, բայց բռնի կրոնափոխությունների մասին տեղեկությունները, այն էլ անգլերենով, այդքան էլ շատ չեն։ Կրոնափոխությունների ժամանակ երեխաների բռնի թրքացման, ինչպես նաև թուրքերի հետ կանանց բռնի ամուսնությունների բազմաթիվ դեպքեր են եղել. դրանց ավելի հանգամանորեն եմ անդրադարձել»,— ընդգծում է գրքի հեղինակը։

«Արձագանքն այդ տարիներին այդքան ակտիվ էր, որովհետև տեղահանված քաղաքներում հայերի հետ շատ լուրջ կապերի մեջ էին ամերիկացիները՝ բիզնեսներ ունեին, դպրոցներ կային, եկեղեցիներ, և նրանցից շատերը սահուն հայերեն էին խոսում, և հենց այդ ամերիկացիներն էին լուրերը հասցնում թերթերին ու պարբերականներին։ Ներկայում ամերիկյան մամուլը շատ քաղաքականացված է, մինչդեռ այն ժամանակ շատ զգացական էր արձագանքը»,-ասում է հեղինակը։

Արա Քեթիբյանը ուսումնասիրել է New York Times-ի, Chikago News-ի, Los Angeles News-ի, Washington Post –ի՝ այդ շրջանում հրատարակված համարները: Արդեն տպագրված հատորյակներն անգլերեն են, Քեթիբյանը կարևորում է հենց այս հանգամանքը։ Հետազոտողն այժմ ուսումնասիրում է հայ որբերի մասին պատմությունները, որոնք առաջիկայում ևս կտպագրվեն։

Back to top button