ԿարևորՀասարակություն

Դարի կողոպուտը․ հայերի ունեզրկումը՝ բնաջնջման ծրագրի մաս

Ցեղասպանությունը վերապրածների պատմություններում, դիվանագետների զեկուցագրերում և  թուրքական աղբյուրներում բազմաթիվ փաստեր հաստատում են, որ հայերի ունեզրկումը բնաջնջման ծրագրում եղել է կարևոր գործոն: Մինչև առաջին աշխարհամարտը Օսմանյան կայսրությունում հայկական ընկերությունների դերն առանցքային էր տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում՝ առևտուր, արտադրություն, բանկային ոլորտ։ Հայերի ունեզրկմամբ շահագրգիռ էին հատկապես երիտթուրքական իշխանությունները: Նրանց պարագլուխներն իրենց գաղտնի ժողովներում մշակում էին հայերի ունեցվածքի կողոպուտը կազմակերպելուն ուղղված միջոցառումներ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրության արտաքին և ներքին առևտրում, արդյունաբերական արտադրության մեջ և բանկային գործում հայերն ազդեցիկ դիրքեր էին գրավում։ Թուրքերը  հիմնականում զբաղեցնում էին պետական պաշտոններ, իսկ քրիստոնյա փոքրամասնությունների համար այդ կառույցները փակ էին՝ «Ռադիոլուրին» պատմում է Առաջին աշխարհամարտից առաջ  Օսմանյան կայսրությունում արևմտահայերի տնտեսական վիճակը  և   Հայոց ցեղասպանության ընթացքում նրանց կրած նյութական կորուստներն արդեն 20 տարի ուսումնասիրող, Մատենադարանի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը։ 

Հայերն  ավելի քան 500 տարի զարգացրել են Օսմանյան կայսրության տնտեսությունը։ Նրանց տնտեսական վիճակը հատկապես բարելավվել է 1853-1856 թվականներին Ղրիմի պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրությունն իր հարաբերությունները սերտացրեց Եվրոպայի հետ։ Հայերը, օսմանյան շուկան փոքր համարելով, սկսեցին  կապեր հաստատել Եվրոպայի ու Ամերիկայի  առևտրական կարևոր կենտրոնների հետ։

Եվրոպական շատ երկրներից այս կամ այն ապրանքը ներկրելու մենաշնորհը եղել է հայկական ընկերություններինը։ Կ․ Պոլսում հայերին են պատկանել շատ գործարաններ՝ կրի, աղյուսի, մրգերի և տարբեր բանջարեղեններից պատրաստված պահածոների, հագուստի, կոշիկի, կահույքագործական, ադամանդի մշակման երկու և այլ  գործարաններ։ Պոլսահայ թերթերի գովազդներից կարելի է պատկերացում կազմել հայկական  ընկերությունների  ծավալած գործունեության մասին՝ պատմում է Անահիտ Աստոյանը.

««Յավրույան և որդիք» ընկերությունը,  որը հաստատվել է 1880 թվականին,  իր սեփական նավերով բերում էր թեյեր և վաճառում իրենց վաճառատներում։ Որոշ ժամանակ անց իրենք հիմնեցին թիթեղյա տուփերի գործարան, որն օրական արտադրում էր 34.000 տուփ։  1900 թվականին ստեղծված «Ֆրենկյան» առևտրի տունը վաճառում էր զենքեր։  «Ֆրենկյանը» համագործակցում էր հայկական դրամատների հետ և իր հաճախորդներին առաջարկում գնումներ կատարել հայկական մասնավոր բանկերի  փոխանցումների միջոցով»։

Ըստ ֆրանսիական  աղբյուների՝  1914 թվականին Կ․Պոլսում գործունեություն է ծավալել 3125 հայ առևտրական, գործել է  3500  հայկական արհեստանոց։ Մեծ թիվ է կազմել  հայկական անշարժ գույքը՝ հյուրանոցներ, սրճարաններ, ճաշարաններ։ Օրինակ՝ Թոքաթլյանին պատկանել է 4 ճաշարան, 3 հյուրանոց, որոնք, չնայած հետագայում բռնագրավվել են թուրքերի կողմից, սակայն մինչև հիմա Ստամբուլի աչքի ընկնող շինություններից են։ Կառնո Սանասարյան վարժարանին է  պատկանել  «Սանասարյան խանը» և 1000 կանգուն հողատարածք։  Մինչև այսօր պոլսահայերը Սանասարյան խանը վերադարձնելու համար դատական գործընթացների մեջ են՝ ասում է ավագ գիտաշխատողը։ 

Մեծահարուստ հայերի թիվը մեծ է եղել հատկապես Պոլսում։ Օրինակ՝ պոլսեցի Աբրահամ փաշա Երամյանը նշանավոր է դարձել իր առասպեալական  հարստությամբ։ Նրան են պատկանել  այն անտառները,  որոնք ձգվել են Բոսֆորի երկու ափերից և հասել Սև ծով։  Նրա ողջ հարստությանը տիրացել է Էնվեր փաշան։ 1919 թվականին Երամյանի  կինը փորձել է դատական հայց ներկայացնել և հետ վերադարձնել իրենց ընտանիքին պատկանող կալվածքները, սակայն ապարդյուն.

 «1915թ հունիսի մեկի երիտթուրքերի կառավարության «Տեղահանության մասին» օրենքից հետո ամբողջ  հայության թե՛ Արևմտյան Հայաստանի  6 նահանգներում,  և թե՛ ողջ Օսմանյան կայսրության տարածքում հայերը տեղահանվեցին ու բնաջնջվեցին։ Հայկական ունեցվածքը մնաց տիրազուրկ։ Երիտթուրքական իշխանությունն այդ ունեցվածքը յուրացնելու, կողոպտելու նպատակով ընդունել է 4 իրավական ակտ»։

1922-27 թվականներին  թուրքական իշխանություններն ընդունել են «Լքյալ գույքի մասին» 9 օրենք, ու նաև դրանց միջոցով  տիրացել  հայերի ողջ անշարժ գույքին։ Որոշ պոլսահայեր հետագայում փորձել են վերադառնալ երկիր, որ վերադարձնեն իրենց միլիոնների հասնող  կալվածքները, սակայն Պոլսո թերթերում բարձրացած մեծ աղմուկից հետո այդ մարդիկ վտարվել են երկրից։ Ավելի ուշ՝ 1927–ին  քեմալական իշխանությունների ընդունած  օրենքներից մեկն ընդհանրապես  զրկեց  արևմտահայերին հայրենիք վերադառնալու  իրավունքից ու հնարավորություն տվեց ամբողջապես տիրանալու պոլսահայերի ունեցվածքին։

 «Միշտ թուրքական իշխանությունները հարմար առիթ են փնտրել ամբողջապես տիրանալու այդ հարստությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝  1942 թվականին, թուրքական պառլամենտը  ընդունեց օրենք, որը սահմանում էր  ունևորության տուրք։ Այդ տուրքը չվաճարողները  աքսորվեցին Չանաքալե, նրանց  ողջ ունեցվածքը յուրացվեց։ Թուրքական իշխանությունները, վերացնելով հայ տարրը երկրից,  ոչ միայն  տիրացան հայկական ունեցվածքին, այլև թրքացրին երկրի տնտեսությունը,  վերացրին իրենց մրցակցին»։

«Լքյալ գույքի մասին» օրենքը գործել է մինչև 1988 թվականը։ Թուրք պատմաբան Սաիդ Չեթինօղլուի տվյալներով՝ թուրքական ազգային կապիտալի 32 տոկոսը կազմել է հայկական ունեցվածքը։

Օսմանյան Թուրքիայում հայկական ունեցվածքի հաշվարկներ արվել են նաև դարասկզբին։  1919 թվականին երկու ամսվա ընթացքում միջազգային հանձնաժողովը հաշվարկել է հայերի կորցրած ունեցվածքն ու ներկայարել Փարիզի խաղաղության վերահոժողով։ Արագ ու մոտավոր հաշվարկներով՝ թալանված ունեցվածքի չափը գնահատվել է 15 միլիարդ ֆրանկ։ Այս հաշվարկի մեջ չեն ներառվել  ամենահարուստ հայկական համայնքները՝ Իզմիրը, Պոլիսը, Բուրսա գավառը։

Back to top button