ԿարևորՀասարակություն

Ապրիլի 24-ը՝ աշխարհի տարբեր ծայրերում․ պատմում է Սփյուռքը

Ապրիլի 24-ը միավորում է Ամերիկայի բոլոր հայերին․ ամերիկահայ Ռուբինա Փիրումյան

Հայկական ամենամեծ սփյուռքահայ համայնքներից մեկը Միացյալ Նահանգներինն է։ Լոս Անջելեսի բնակչուհի, հայոց պատմության դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմել  է՝ ապրիլի 24-ն այն եզակի օրերից է, որ Ամերիկայի բոլոր հայերը համախմբվում են, երթով գնում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում ու բողոքի ակցիա կազմակերպում Թուրքիայի դեսպանատան մոտ։ Տիկին Ռուբինան ափսոսում է, որ այս տարի չի մասնակցի Ամերիկայում կազմակերպվող միջոցառումներին, բայց նաև հպարտ ու հուզված է, որ ապրիլի 24-ին հայրենիքում է, Ծիծեռնակաբերդի բարձունքում։

«Եթե տարվա մեջ կա մի օր, որ բոլոր հայերը, անկախ քաղաքական հայացքներից, հավաքվում են ապա դա ապրիլի 24-ին է»,– պատմում է ամերիկահայ Ռուբինա Փիրումյանը։

Լիբանանում բոլորը զարմանում են հայերի միասնականությամբ․ Եղիա Թաշչյան

Ապրիլի 24-ը համահայկական նշանակության օր է Լիբանանում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է լիբանանահայ Եղիա Թաշչյանը, պատմել՝ այս օրը Լիբանանում ապրող օտարազգիները զարմանքով են նայում ու հիանում հայկական միասնականությամբ։ Չնայած Լիբանանում հիմա նախընտրական շրջան է, բայց դա չի խանգարում հայ համայնքին այս օրը միջոցառումներ անցկացնել և քայլարշավով հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայկական երթերին հաճախ միանում են նաև այլազգի քրիստոնիաները՝ ասել է Եղիա Թաշչյանը։

«Հաճախ Լիբանանում ապրող օտարերկրացիները զարմանում են, թե հայերն ինչքան միասնական են»,– «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է լիբանանահայ Եղիա Թաշչյանը։

Չարենցը պապիկիս մանկության ընկերն էր, Կարսում միասին խաղում էին․ Սլովակիայի պատվո հյուպատոս

Սլովակիայի հայ համայնքն աշխարհում ամենափոքր հայկական համայնքներից մեկն է, բայց դա չի խանգարում, որ այստեղ ևս ամեն տարի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումներ իրականացվեն։ Սլովակիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմել է՝ ամեն տարի այս օրը հայ համայնքի ներկայացուիչները հավաքվում է Բրատիսլավայում տեղադրված հայկական խաչքարի մոտ ու ոգեկոչման միջոցառումներ կազմակերպվում։ Բագրատ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ հեռախոսազրույցում պատմել է՝ իր համար այս օրը եզակի նշանակություն ունի․ ինքը ևս Արևմտյան Հայաստանից գաղթածների թոռ է, իր պապիկի եղբոր անունն է կրում, որին ծնողները կորցրել են գաղթի ճանապարհին։

«Տատիկս պատմում էր, որ պապս Եղիշե Չարենցի մանկության ընկերներից է եղել, միասին Կարսում խաղացել են»,– պատմում է Սլովակիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Բագրատ Հակոբյանը։

Հոլանդիայից Հայաստան՝ ապրիլի 24-ի միջոցառումներին մասնակցելու համար․ հոլանդահայ ընտանիք

«Ռադիոլուրի» լրագրողական խումբը Ծիծեռնակաբերդում հանդիպել է նաև Հոլանդիայից եկած հայ ընտանիքին։ Մայրը՝ Անի Դավթյանը, պատմում է՝ չնայած Հայաստանում շատ են եղել, բայց այս այցելությունն այլ է․ եկել են հենց ապրիլի 24-ին Հայաստանում լինելու համար։ Տիկին Անին պատմել է, որ թեև երեխաները ծնվել ու մեծացել են Հոլանդիայում, բայց վարժ խոսում ,  գրում և կարդում են հայերեն։ Տիկին Անին շեշտում է՝ ամեն ինչ անում է, որ երեխաները հայեցի դաստիրակություն ստանան, չմոռանան պատմությունն ու անցյալը։

«Ես փորձում են իմ երեխաներին հայեցի դաստիրակել, որ իրենց իմանան մեր պատմությունը մեր վիշտը»,– պատմում է Անի Դավթյանը։

Մասիսը 13 տարեկան է, ծնվել ու մեծացել է Հոլանդիայում։ Այս տարի առաջին անգամ հենց ապրիլի 24-ին է եկել Հայաստան ու կարող է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մայրիկի ու քույրիկի հետ նախ թանգարան են այցելել, հետո՝ շրջել հուշահամալիրի տարածքում։ Ասում է՝ երբ վերադառնա Հոլանդիա,  ընկերներին  շատ բան ունի պատմելու։

«Իմ ամենասիրելի երգերից մեկը «Հայեր միացե՛ք» երգն է»,– պատմում է Մասիսը։

Back to top button