ԿարևորՀասարակություն

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի 107-րդ տարելիցն է: Հայերի համակարգված ջարդեր են տեղի ունեցել 1894-96 և 1915-23 թվականներին: Ընդհանուր առմամբ՝ 1895-ից մինչև 1923 թվականը զոհվել է ավելի քան 2 640 000 հայ, որից մեկ ու կես միլիոնը՝ 1915-23 թվականներին։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։

Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողություններ առաջին անգամ կազմակերպվել են 1919 թվականին Կ.Պոլսում՝ ցեղասպանությունը վերապրած արևմտահայ մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ: Ապրիլի 24-ը պաշտոնապես սգո և հիշատակի օր ամրագրելու որոշում ընդունվել է միայն 2 տարի անց, 1921թ. Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով հաղորդել է ապրիլի 24-ը համազգային սգո օր սահմանելու մասին:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ հայերի անվտանգության ապահովման նպատակով»:

2015 թ․-ին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, զոհերը սրբադասվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից՝ համարվելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներ։

Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությամբ և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով՝ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Back to top button