ԿարևորՔաղաքական

Ամերիկացի ժողովուրդը հարգում է ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ.

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը: Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, որոնք բռնի տեղահանվեցին, կոտորվեցին կամ դատապարտվեցին մահվան, և սգում ենք նրանց ողբերգական կորուստը:

Այսօր, երբ անդրադառնում ենք Հայոց ցեղասպանությանը, վերահաստատում ենք մեր խոստումը աչալուրջ մնալու ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր դրսևորումներով: Կրկին պարտավորվում ենք բարձրաձայնել և դադարեցնել վայրագությունները, որոնք երկարատև հետք են թողնում աշխարհի վրա: Այսօր, երբ սգում ենք Մեծ եղեռնի կորուստները, եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին: Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքը չեն ազդում մեր առօրյայի վրա և որտեղ մարդիկ ամենուր ազատ են ապրել իրենց կյանքը՝ արժանապատվորեն և ապահով:

Սա նաև պահ է՝ անդրադառնալու հայ ժողովրդի ուժին և տոկունությանը։ Ցեղասպանությանը դիմակայելուց հետո հայ ժողովուրդը վճռական էր տրամադրված վերականգնելու իր համայնքը և իր մշակույթը, հաճախ՝ նոր տներում և նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր ազգին դարձնում են ավելի ուժեղ և դինամիկ, թեև շարունակում են իրենց մեջ կրել նախնիների ողբերգությունը: Մենք ճանաչում ենք նրանց ցավը և հարգում նրանց պատմությունը:

Այսօր՝ 107 տարի անց, ամերիկյան ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերի հիշատակը, ովքեր զոհվել են ցեղասպանության ժամանակ»։

Back to top button