ԿարևորՀասարակություն

Հայաստանի Հանրապետություն + հայություն. մարտահրավերներին դիմակայելու բանաձևը

Ներքին համերաշխություն, հայկական աշխարհ, համահայկական ռեսուրս. «Այլընտրանաքային նախագծեր» խումբն առաջարկում է այս գաղափարների շուրջ  ձևավորել հայկական օրակարգը։ Փորձագետներն ասում են՝ աշխարհը մտել է մեծ փոփոխությունների փուլ, ու դժվար է կանխատեսել, թե որքան կաճի լարվածությունը տարածաշրջանում։

Իրավիճակը պահանջում է ռեսուրսների գերկենտրոնացում և ճշգրիտ քայլեր։ Մինչդեռ, ըստ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ հասարակությունը  բաժանված է խմբերի, և կա խզվածություն՝ աշխարհասփյուռ հայության մեջ։  

Ինչպես ճիշտ օգտագործել համահայկական ռեսուրսը՝ չեզոքացնելու համար  սպառնալիքները Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուղղությամբ:

Առանց մեր հաջողություններից ու անհաջողություններից դասերը քաղելու՝ չենք կարող շարժվել առաջ՝ կարծում է արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։ Ասում է՝ համազգային համերաշխության կամուրջներ կառուցելու խնդիրը այս պահին վտանգված է։ Չի հաջողվել  ստեղծել կենտրոնաձիգ մի միավոր, կառուցել այնպիսի Հայաստան, որի շուրջ կհամախմբվի ամբողջ հայությունը։ Պատճառները, ըստ  բանախոսի, սուբյեկտիվ և օբյեկտիվ են։  

Դեռ 16-րդ դարից եկող մեր քաղաքական մասնատվածությունը լուրջ հետևանքներ է ունեցել։ Պատմաբանն ասում է․ «Խոսելով համերաշխության մասին՝ չենք ուզում ընդունել մեր ամենակարևոր ուժը`մենք տարբեր ենք, բազմադեմ ենք ու բազմաշերտ։ Դրա մեջ մեր ուժն է։

Ռուբեն Կարապետյան․«Մենք չկարողացանք աշխարհասփյուռ հայությամբ հասկանալ, թե դա ինչ միավոր է, մեր ազգի մյուս հատվածի հետ ինչ կարող ենք անել, և դա ինչ ուժ է։ Սկզբից վախն էր պատճառը, որ գաղափարը  որոշակի սուբյեկտիվ  վերաբերմունքի հետևանքով  անգործության մատնվեց։ Հետո որոշակի մտայնություն կար, որ սփյուռքի հետ չպետք է աշխատել, հետո եկավ մի պահ, որ պետք էր Սփյուռքի հետ աշխատել։ Ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, մի միավոր, որը պետք է կամրջեր, բայց մենք չենք հասկանում, որ Սփյուռքի հետ աշխատանքը չի կարող կառավարվել։ Չկարողացանք Հայաստանի Հանրապետությունը վերածել համազգային պետության։  Մենք խզվածքներ ունենք, որ չկարողացանք կամրջել և վերացնել»։

Ո՞րն է լուծումը․ Ռուբեն Կարապետյանի  համոզմամբ` պետք է Հայաստանը և հայությունը միավորել համահայկականության, համազգային գաղափարի շուրջ․

«Պետք է կարողանանք ինստիտուցիոնալիզացնել  աշխատանքը հայության հետ, պետք է լինի «Հայաստանի Հանրապետություն՝ գումարած հայություն»։ Պետք է մեծ հայկական նավ ստեղծել, որի առանցքում կլինի Հայաստանի Հանրապետությունը։ Այս հարցում պետք չէ հեծանիվ հորինել։ Պատմականորեն, դարերի ընթացքում բաժանված լինելով տարբեր հատվածների՝ չենք կարողացել  մեր բաժանված հատվածները որպես հաղթաքարտ օգտագործել,  այդ բազմազանությունը վերածել  օգտի։ Մենք խոսում ենք ցանցային պետության մասին, բայց այդ ցանցի հենքը, կենտրոնը պետք է լինի Հայաստանը։  Այդ կենտրոնը դառնալու համար պետք է ապացուցեինք, որ Հայաստանը համազգային պետություն է։ Մենք դա չենք արել»։

Ըստ դիվանագետի` պատճառներն ու պատճառաբանությունները տարբեր են, համահայկականության համակարգի կառուցման հենասյուներն էլ կարող են տարբեր լինել, բայց ելքը հետևյալ բանաձում է.

«Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա մեր բոլորի կուսակցությունը, քաղաքական-կուսակցական հատվածական բաժանումները մեր տունը քանդել են։ Եթե մենք կարողանանք միավորվել մեկ հստակ տեսլականի` Հայաստանի և հայության շուրջ, և ստեղծել այդ ինստիտուտը, դա կդառնա այս վիճակում մեր փրկությունը»։

Խոսելով համախմբվածության գաղափարից՝ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ այն, ինչ միավորում էր՝ լավ, թե վատ, ուժեղ, թե թույլ, հաղթանակն էր և անկախ Հայաստանը։ Հաղթանակը ղարաբաղյան առաջին պատերազմում՝ կարեւոր միավորող գործոն էր, սակայն 44-օրյա պատերազմը լուրջ հարված հասցրեց հայկական ինքնությանը․

«Պարզվեց, որ պարտության շուրջ համախմբվելը շատ դժվար է։ Դրա համար Հայաստանը պետք է նոր օրակարգ ներկայացներ, այդ ուղղությամբ ոչինչ չարվեց, այդ թվում՝ ընդդիմության կողմից, այսինքն,  այն ուժի, որ պետք է գար իշխանության։ Բայց այդ միավորումները չտեսան այդ գաղափարի կարևորությունը և չունեցան այդ առաքելությունը՝ հանդես գալու համահայկականության օրակարգի շուրջ»։

Հիմնական գաղափարը, ըստ Վահե Հովհաննիսյանի, պետք է լինի հայակենտրոն օրակարգի ձեւավորումը: Ձևավորողը պետք է լինի իշխանությունը, խնդիրը չլուծելու դեպքում՝ պատասխանատվությունը պետք է ստանձնի ընդդիմությունը, որը, ըստ Վահե Հովհաննսիյանի,  չունի կոնսոլիդացնող ռեսուրս։ «Միգուցե եկեղեցին կարող է նման գործառույթ ստանձնել, որը պատերազմից հետո հսկայական դրական  դերակատարում ունեցավ, և մենք բացահայտեցինք Հայ առաքելական եկեղեցին այլ տեսանկյունից, բայց եկեղեցու գործիքակազմը բավարար չէ»,- ասում է փորձագետը․

«Աշխարհը գնում է արժեհամակարգային բարիկադավորման, ժողովուրդները այդ բլոկների քարոզչության տակ են։ Ավելին` նույնիսկ Արցախում ապրող հայը և Հայաստանում բնակվող հայը տարբեր հարթություններում են, տարբեր են ընկալում կատարվածը։ Ուկրաինական ճգնաժամը լուրջ հիմքեր է ստեղծել հայկական աշխարհի պառակտման համար, քանի որ տարբեր երկրներում հայկական համայնքները տարբեր, հակադիր քարոզչական գաղափարների ազդեցության տակ են»։

Ըստ Վահե Հովհաննիսյանի` Հայաստանի հետպատերազմյան միակ օրակարգը և  հիմնական ուղերձը պետք է լինի հայաստանակենտրոն հայկական աշխարհի գաղափարը։ Սրան այլընտրանք չկա, և այն միավորը, խումբը, դաշինքը, որը կզգա համահայկական քննարկման ու ձևավորման առաքելությունը, կդառնա Հայաստանի իշխանությունը և հայկական աշխարհի հաջորդ առանցքը։  

Back to top button