ԿարևորՄշակույթ

Էդիթ Պիաֆը,Կոկո Շանելը, Մարինա Ցվետաևան, Ֆրիդա Կալոն` Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում

Գյումրու դրամատիկական թատրոնի «Բոհեմ» ներկայացման առաջնախաղի բոլոր տոմսերը սպառված են։ Թատրոնն առաջին անգամ է անդրադառնում փաստագրական ժանրին: Ներկայացումը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանը, սա նրա առաջին համագործակցությունն է թատրոնի հետ։ Ւսկ հուլիսին հանդիսատեսի դատին կհնաձնվի երկու թատրոնների՝ Գյումրու դրամատիկական և Համազգային  թատրոնների համատեղ ներկայացումը, որը դարձյալ առաջին փորձն է Հայաստանի թատերական պատմության մեջ։

Էդիթ Պիաֆ, Կոկո Շանել, Մարինա Ցվետաևա, Ֆրիդա Կալո․ այս 4 կանայք  նվաճեցին աշխարհը, բայց չգտան իրենց երջանկությունը։ Հիմա նրանք պատրաստվում են նվաճել Գյումրին՝ավելի ճիշտ Գյումրու դրմատիկական թատրոնի բեմը։ «Բոհեմ» ներկայացման  առաջնախաղը  ապրիլի 27–ին է։ Թատրոնի  տնօրեն  Լյուդվիգ Հարությունյանը ընդգծում է՝ պրեմիերաները միշտ են կարևոր թատրոնի համար, բայց այս ներկայացման համար՝  առավել ևս։ Բացատրում է՝  պիեսի հեղինակը երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովան է, բեմադրող ռեժիսորը՝ Տաթև Ժաքյանը։ Ներկայացումը մի քանի այլ առանձնահատկություն էլ ունի՝ բեմական նկարչից մինչև զգեստների ձևավորող կանայք են։ Ներկայացումը  միս ու արյուն է ստացել վեց ամիսների ընթացքում։

Լյուդվիգ Հարությունյան․ «Առաջին անգամ է թատրոնը անդրադառնում փաստագրական ժանրին է։ Եվ առաջին անգամ ներկայացման երեք օրերի տոմսերը սպառվել են»։

Տարբեր ճակատագրերով, տարբեր ժամանակներում ու տարբեր երկրներում ապրած այս կանանց միավորում է մեկ բան՝ չորսն էլ  բոհեմական կյանք են ունեցել, բայց արտաքուստ գեղեցիկ կյանքի հակառակ կողմում զրկանքներ, խոչընդոտներ ու հիասթափություններ են։ Ռեժիսոր Տաթև Ժաքյանն ասում է՝ ներկայացումը պատմում է վարագույրից այն կողմ կյանքի մասին․

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ իրականում գեղեցիկ ու սիրուն կյանքի հետևում տառապանք  ու արցունքներ են եղել։ Մեր ներկայացումը բացահայտում է իրենց իրական նվիրումը։ Այսինքն՝ 4 տարբեր կանանց պատմություն է, որոնք վերջում  մեկ անհատ են դառնում»։

Գյումրու թատրոնը մեկ այլ պրեմիերիայի էլ է նախապատրաստվում։ Առաջին անգամ բեմադրվելու է ներկայացում, որտեղ ներգրավված կլինեն Գյումրու  դրամատիկական  ու Համազգային  թատրոնների դերասանախմբերը։ Ներկայացման ռեժիսորն ՀՀ ժողովրդական  արտիստ Նիկոլայ Ծատուրյանն է, բեմադրվող գործը՝ Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսը։

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը  «Ռադիոլուրին» պատմեց․ փորձերն արդեն սկսել են Համազգայինի բեմում․

«Պրիմերիան լինելու է  և՛ Գյումրիում, և՛ Երևանում։ Բեմանկարիչ Գարիկ Եվնագուլյանը այնպիսի լուծումներ է գտել, որ ներկայացումը հնարավոր կլինի խաղալ և՛մեծ բեմում, և՛ մի ավելի փոքր՝ Համազգայինի  բեմում: Սա պարզապես հրաշալի մեկնարկ կլինի շատ թատրոնների համար»։ 

Նարինե Գրիգորյանն ասում է, որ այս համագործակցությունը նոր գույներ է բացում ու խաղընկներ բացահայտում։

Համազգային թատրոնից զբաղված են լինելու Տաթև Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Վարշամ Գևորգյաը։ Դեռ  վերջնական դերաբաշխում չի եղել, բայց հստակ որոշվել է, որ պրեմիերան կայանալու է հուլիսին, Գյումրիում։

Back to top button